Հարցազրույց

ԱՄՆ-ՌԴ հարաբերակցության վրա կարմիր գծերը չեն հատվելու. Գանտահարյան

ԱՄՆ-ՌԴ հարաբերակցության վրա կարմիր գծերը չեն հատվելու. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ պետական այցով մեկնեց Լոնդոն։ Ի՞նչ նշանակություն ուներ այս այցը, և ի՞նչ հիմնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Մասնավորապես, ինչպե՞ս կարող են այդ պայմանավորվածությունները ազդել հակամարտության վրա։

- Մեծ Բրիտանիան, հատկապես բրեքզիթից հետո, հանդիսանում է ԱՄՆ-ի եվրոպական համայնքը։ Ամեն գլոբալ դիրքորոշում և քայլ համակարգվում է երկու երկրների միջև։ Տնտեսական և առևտրային խնդիրներին առընթեր համակարգվում են ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հարավային Կովկասի գործընթացները։

- Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Պուտինից։ Նախկինում ևս նա պարբերաբար նման հայտարարություններ է արել, սակայն, միևնույն  ժամանակ, շարունակվում են շփումները, և ձեռնարկվում են քայլեր խնդրի  կարգավորման ուղղությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասական զարգացումները։

- Առերևույթ հակասական, ըստ էության, մարտավարական։ Մի կողմից՝ ճնշել, պատժել, մյուս կողմից՝ բանակցել։ Ի դեպ, սա միայն Մոսկվային չի վերաբերում։

- Կարո՞ղ ենք, այնուամենայնիվ, ասել, որ, չնայած հրապարակային կոշտ հայտարարություններին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գոյություն ունի որոշակի փոխըմբռնում, կամ առնվազն կողմերը խուսափում են բացահայտ հակամարտությունից։

- Միանշանակ։ Պրոկսիներ տարբեր միջավայրերում, տարբեր տեսքով ու ձևաչափերով շարունակվելու են։ Ուղիղ ԱՄՆ-ՌԴ հարաբերակցության վրա կարմիր գծերը չեն հատվելու։

- Թրամփն իր սոցիալական ցանցում հիշատակել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ իր մոտ կայացած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Դրանից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց շնորհակալությունը հայտնեցին։ Ի՞նչ էր նշանակում այս հիշեցումը, և ի՞նչ հեռանկարներ կարող է ունենալ գործընթացը։

- Ուղերձը ավելի շուտ վերհիշեցում է Մոսկվային։ Վաշինգտոնն ասում է, որ ինքն է երաշխավորը, միջնորդն ու կարգավորողը այս հակամարտությունում։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական