2025 թ. սեպտեմբերի 18-ին հրապարակված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանն և մյուսներ ընդդեմ Հայաստանի» վճիռը վերջնականապես ամրագրեց այն, ինչ հայ հասարակությունը տարիներ շարունակ բարձրաձայնում էր․ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պետությունը խախտել է իր քաղաքացիների կյանքի իրավունքը և չի կատարել արդյունավետ քննության պարտավորությունը։ Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնականապես արձանագրեց պետության պատասխանատվությունը Մարտի 1-ի զոհերի մահվան համար։ Ի՞նչ է նշանակում այս վճիռը Հայաստանի համար։
- Այս վճիռը Հայաստանի համար ճշմարտության վերականգնում է։ Այն ամրագրում է, որ պետությունը ոչ միայն խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը, այլև փորձել է տարիներ շարունակ թաքցնել այդ ճշմարտությունը։ Սա իրավական փաստաթուղթ չէ միայն․ սա քաղաքական և բարոյական դատավճիռ է այն համակարգի դեմ, որը իշխանությունը պահելու համար գնաց քաղաքացիների սպանության։
- Որքանո՞վ է այս վճիռը անձնապես առնչվում Հայաստանի նախկին ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
- Որքան էլ նրանք փորձեն թաքնվել «պետական մեքենայի անսխալության» կեղծ պատյանի տակ, ՄԻԵԴ-ի վճիռը միանշանակ ցույց է տալիս, որ սպանությունները պայմանավորված էին քաղաքական որոշումներով։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել են այդ որոշումների կրողներն ու պատվիրատուները։ Նրանք են պատասխանատու սահմանադրական կարգի տապալման և պետության բռնի զավթման համար։
- Հաճախ հակառակ կողմը պնդում է, թե սա անցյալի էջ է, պետք է շարժվել առաջ։ Ինչպե՞ս եք արձագանքում այդ տեսակետին։
- Անցյալը չի կարելի փակել, երբ զոհերի արյունը դեռ անպատիժ է, իսկ հանցագործները շարունակում են հավակնել ղեկավարել երկիրը։ Մարտի 1-ը ոչ միայն անցյալ է, այլև ներկայիս պետականության խոցելի տեղն է։ Եթե մենք այս հարցում արդարություն չապահովենք, ապագան կշարունակի կրակվել նույն անցյալի փամփուշտներով։
- Արդյո՞ք հնարավոր է քաղաքականապես արգելել նրանց մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Չէ՞ որ նրանք էլ քաղաքացիներ են և ունեն իրավունքներ։
- Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունքներ։ Բայց ժողովրդավարության պաշտպանությունը պահանջում է նաև սահմանափակումներ նրանց համար, ովքեր ապացուցված կերպով բռնությամբ տապալել են սահմանադրական կարգը։ Սա վրեժխնդրություն չէ, այլ ինքնապաշտպանություն պետության ու հասարակության համար։ Հանցավոր անցյալի կրողները չպետք է դառնան ապագայի որոշողներ։
- Այս վճիռը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
- Միջազգային հանրությունը տեսնում է, որ ՄԻԵԴ-ը հաստատեց՝ Հայաստանը խախտել է կյանքի իրավունքը։ Սա մեզ պարտադրում է քայլել երկու ուղղությամբ․ նախ՝ վճարել փոխհատուցում զոհերի հարազատներին, բայց առավել կարևոր՝ մաքրել մեր քաղաքական դաշտը բռնապետական ավանդույթներից։ Եթե մենք չձեռնարկենք այս քայլերը, կկորցնենք Եվրոպայի և աշխարհի վստահությունը։ Իսկ եթե ապահովենք արդարություն, Հայաստանը կդառնա վստահելի ժողովրդավարական գործընկեր։
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ մեր ծայրահեղ բևեռացված հասարակությունն այսօր պատրաստ է այդ ճշմարտությունը ընդունել։
- Հասարակությունը վաղուց գիտեր այդ ճշմարտությունը։ ՄԻԵԴ-ը պարզապես դրեց իրավական կնիք։ Ժողովուրդը սպասում է, որ այդ ճշմարտությունը վերածվի արդարության, որ զոհերի հիշատակը վերականգնվի, իսկ հանցավոր անցյալի պատասխանատուները դադարեն շահարկել մեր երկրի քաղաքական ապագան։
- Եվ վերջապես՝ ո՞րն է Ձեր և Ձեր գլխավոր քաղաքական ուժի գլխավոր կոչը այս վճռից հետո։
- Կոչս պարզ է․ Հայաստանը պետք է մաքրել բռնապետական ստվերից։ Քոչարյանը, Սարգսյանը և նրանց քաղաքական ժառանգությունը այլևս տեղ չունեն մեր պետականության մեջ։ Ժողովրդավարությունը պահանջում է պաշտպանություն, իսկ այդ պաշտպանությունը սկսվում է պատասխանատվությունից։ Մենք պարտավոր ենք ապահովել, որ այս երկրի ապագան այլևս չկառուցվի անպատժելիության ու բռնության հիմքի վրա։