Հարցազրույց

Եթե Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Արցախում, ինչու՞ Իսրայելը չի կարող. Հմայակ Հովհաննիսյան

Եթե Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Արցախում, ինչու՞ Իսրայելը չի կարող. Հմայակ Հովհաննիսյան

Օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի շաբաթ տևած ռմբակոծություններից ու օդային հարվածներից հետո այս գիշեր Իսրայելի բանակը սկսել է հարձակումը Գազա քաղաքի վրա։

Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։

-Իսրայելը Գազայի վրա սկսել է հարձակումը։ ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է ցեղասպանություն։ Ի՞նչ բնորոշում կարող ենք տալ այս փաստին։

-Այս լարվածությունը պատերազմների տեսքով սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և անտեսելով Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք բերված համաձայնությունները՝ բիրտ ուժի գործադրմամբ ծնկի բերեց արցախահայությանը։ Դրանից հետո` 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը որոշեց նույն եղանակով ծնկի բերել ուկրաինացիներին` ռազմական ճանապարհով, հարցեր լուծել Ուկրաինայի հետ փոխհարաբերություններում։ Հիմա էլ նույնն է անում Իսրայելը. այն, ինչ թույլատրելի է մեկի համար, չի կարող բացառվել մեկ ուրիշի համար։ Մենք տեսանք, որ Իսրայելը նույն ձևով այսօր փորձում է լուծել 10-ամյակների ընթացքում չկարգավորված հարաբերությունները Պաղեստինի արաբ ժողովրդի հետ։ Ես ինչու՞ եմ այս զուգահեռներն անցկացնում։ Այդ ողբերգական իրադարձությունները նմանակում եմ, որովհետև նախադեպերը, երբ դրանք ստեղծվում են, էստաֆետի նման փոխանցվում են։ Դա միջազգային հարաբերություններին հատուկ է, ուրեմն, պետք է թույլ չտալ ընդհանրապես ուժի միջոցով հարցերի լուծում։ Եթե Ադրբեջանը կարողացավ էթնիկ զտում իրականացնել Արցախում, ապա ինչո՞ւ պետք է Իսրայելը չկարողանա նույնն անել Պաղեստինում։ Ուրեմն, այն, ինչ կատարվում է մոլորակի մի ծայրում, չի կարող արձագանք չգտնել մեկ այլ ծայրում։ Սառը պատերազմից հետո ոչ թե հաստատվեց ժողովրդավարական կայունություն, այլ պերմանենտ բռնկվող թեժ պատերազմների մթնոլորտ։

-Եթե այդ թեժ պատերազմական իրավիճակը այստեղ շարունակվի, և միջազգային հանրության արձագանքները մնան հիմնականում բանաձևերի մակարդակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն մեր տարածաշրջանի կայունության և միջազգային անվտանգության վրա:

-Ես պարզ ասում եմ, որ չէր կարող այնպես չլիներ, ինչպես եղավ, հասկանո՞ւմ եք։ Այդ մթնոլորտում՝ այն բանից հետո, երբ տեղի ունեցավ էթնիկական զտում Արցախում, որտեղ 30 տարի փորձեր էին արվում կարգավորել հարաբերությունները քաղաքակիրթ եղանակով՝ առանց ուժի գործադրման, բիրտ ուժի գործադրումը չէր կարող չկրկնվել։ Երբ մահմեդական երկրները՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, որը համախմբում է իսլամական երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, սեպտեմբերի 27-ի հաջորդ օրն այդ կազմակերպության գագաթաժողովում հավանություն տվեց պատերազմով հարց լուծելու՝ Իլհամ Ալիևի որոշմանը, ես մեր քաղաքագետներին ասեցի, որ Իսրայելն անպայման կօգտվի ուժի միջոցով հարցեր լուծելու այդ նախադեպից։ Հենց դրա համար էլ Իսրայելը զինում էր Ադրբեջանին և մղում Բաքվին ժամ շուտ հարձակվել Արցախի վրա։ Ինձ համար 44-օրյա պատերազմի առաջին օրվանից պարզ էր, որ շուտով Գազան նույնպես հայտնվելու է Արցախի վիճակում։ Ես հասկանում էի Իսրայելի կողմից Ադրբեջանին աջակցելու, զինելու և Արցախի վրա հարձակման նպատակամղելու խորքային դրդապատճառները` հաջողությամբ իրականացված էթնիկ զտման կամ ցեղասպանության նախադեպ ստեղծելու Իսրայելի ցանկությունը, սակայն ինձ համար անհասկանալի էր Իսլամական պետությունների կոնֆերանս կազմակերպության անդամ պետությունների միահամուռ պաշտպանությունն Արցախը ծնկի բերելու Բաքվի ծրագրին։ Այն որ Իրանի ղեկավարությունը նույնպես չհասկացավ, պարզապես զարմանալի էր։

Փաստորեն, իսլամական աշխարհը, ցուցաբերելով աջակցություն Բաքվին և անտարբերություն արցախահայության ճակատագրի նկատմամբ, խրախուսեց Իսրայելի կողմից Գազայի արաբների ցեղասպանությանը։ Այսօր Գազայում տեղի են ունենում զանգվածային խոշտանգումներ, կիրառվում են բնակչության զանգվածային ոչնչացման միջոցներ։ Հիմա Դուք կարող եք ինձ հակաճառել` եթե իմ զուգահեռները հիմնավոր են, ապա ինչո՞ւ մինչև հիմա Գազայում Իսրայելին չի հաջողվում կրկնել Ալիևի կողմից իրականացված էթնիկ զտման գործողությունը։ Չի հաջողվում շատ պարզ պատճառով. Եգիպտոսը փակ է պահում սահմանը պաղեստինցի փախստականների համար` ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, որոնք չխոչընդոտեցին արցախահայության մուտքը Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն անմռունչ ընդունեց արցախցիներին և ցուցաբերեց նրանց անհրաժեշտ աջակցություն, իսկ Եգիպտոսի իշխանությունները պարզապես փակել են սահմանը և թույլ չեն տալիս պաղեստինցիներին՝ փրկվել Իսրայելի հարվածներից։ Պաղեստինի արաբ ժողովուրդը փրկվելու հնարավորություն չունի, որովհետև Եգիպտոսը շատ խիստ ձևով դիմադրում է Գազայից արաբ ժողովրդի հեռանալու հեռանկարին։ Հենց այդ պատճառով է որ Իսրայելին չի հաջողվում Գազայում հասնել այն նույն արդյունքին, որին Ալիևը մեկ օրվա մեջ հասավ Արցախում։ Եթե Գազայի արաբները ճար ունենային, նույնպես կփախչեին, սակայն արաբական երկրների առաջնորդները հրաժարվում են նրանց ընդունել` հակադրվելով Գազայի արաբաթափման՝ Բենյամին Նեթանյախուի ծրագրի իրականացմանը։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական