Հարցազրույց

ԱՄՆ-ն միակողմանի աջակցություն է ցուցաբերում Իսրայելին. Արմեն Պետրոսյան

ԱՄՆ-ն միակողմանի աջակցություն է ցուցաբերում Իսրայելին. Արմեն Պետրոսյան

Սեպտեմբերի 9-ին Իսրայելի բանակը թիրախավորել էր Կատարում գտնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը՝ հարվածներ հասցնելով Դոհային։ Կատարվածը մեծ դժգոհություն է հարուցել, իսկ պաշտոնական Կատարը հայտարարել է Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդական առաքելությունը դադարեցնելու մասին։

Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է վերլուծաբան Արմեն Պետրոսյանի հետ։

-Ի՞նչ ազդեցություն կունենա Իսրայելի հարձակումը Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ՝ ոչ միայն Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքի, այլև Կատարի, որպես միջնորդի և ԱՄՆ-ի դաշնակցի, միջազգային դերի վրա, հատկապես, երբ հարվածը դիտարկվում է որպես ինքնիշխան պետության տարածքի խախտում։

-Ըստ էության, Իսրայելի գործողությունները, որն այնքան էլ մեծ հաջողություն չի արձանագրել, նշանակում է, որ էսկալացիան շարունակում է աճել, և որևէ միջազգային մեխանիզմ ունակ չէ կանգնեցնել Իսրայելին։ Սա շատ կարևոր ցուցիչ է՝ հասկանալու, թե ինչպիսի ճգնաժամում է թե տարածաշրջանը, թե միջազգային համակարգը։ Իսկ նման միջադեպերը կարող են շարունակական լինել, հատկապես հաշվի առնելով Միացյալ Նահանգների արձագանքը։ Միանշանակ մեծանալու է լարվածությունը տարածաշրջանում, խնդիրներ են ստեղծելու նաև ԱՄՆ-ի համար։ Չի բացառվում՝ նաև հոգեբանական, քարոզչական գործողություն իրականացվի Կատարի կողմից։ Չեմ կարծում, որ դա լինելու է շատ մեծ գործողություն, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է պաղեստինաիսրայելական կամ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը, բնականաբար, այն շարունակվելու է այնքան, քանի դեռ Իսրայելը չի լուծել իր առջև դրված խնդիրները և փաստացի հնարավորություն ունի լուծել դրանք, որը Գազայի ամբողջ օկուպացիան է, տարածքի բնակչության արտաքսումը, իսկ քարոզչական նպատակը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։

-Ըստ Թրամփի՝ դա վարչապետ Նեթանյահուի որոշումն էր, նպատակը Կատարի ռմբակոծությունը չէր։ Ինչպես կմեկնաբանեք այս ձևակերպումը։ Արդյո՞ք ԱՄՆ-ի ղեկավարության փորձը՝ միաժամանակ մեղմելու իր դաշնակից Կատարի դժգոհությունը և արդարացնելու Իսրայելի գործողությունները, կարող է հանգեցնել ԱՄՆ արտաքին քաղաքականության հակասական պատկերի։

-ԱՄՆ-ի վարչակազմը ցուցաբերում է միակողմանի և բացարձակ պրոիսրայելական դիրքավորում, որքան էլ փորձում է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանում իր մյուս գործընկերների հետ, այդ թվում Թուրքիայի, արաբական մի շարք կարևոր երկրների՝ Կատար, Սաուդյան Արաբիա և այլն։ Այսինքն, ԱՄՆ-ն ինստիտուցիոնալ առումով փորձում է լավ հարաբերությունները պահպանել բոլորի հետ, բայց այն, որ նրա քաղաքականությունը բացարձակապես պրոիսրայելական է, ևս փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է Կատարում տեղի ունեցած գործողությանը՝ կարծում եմ, որ Իսրայելը միայնակ է գործել և վերջին պահին ձևական տեղեկացրել է ԱՄՆ-ին նախապատրաստվող գործողությունների մասին։ Ասեմ, որ սա Իսրայելի համար ընդունված գործելաոճ է 2023 թվականից ի վեր, որ Կատարում իրականացրել է գործողություն և հետո փաստի առաջ կանգնեցրել ինչպես իր դաշնակիցների ու հակառակորդներին։ ԱՄՆ-ի մոտեցումը պարզ է, բայց օբյեկտիվ է նրանով, որ Թրամփի վարչակազմը միակողմանի աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, և տարածաշրջանում բոլոր խաղացողներն էլ տեղյակ են։ Կարծում եմ՝ աշխարհում նման անորոշ շրջափուլում իրենց քաղաքականությունը և քայլերը պլանավորում են՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների գործելաոճը, այսինքն, այդ բացարձակ աներկբա աջակցությունը Իսրայելին։

-Հաշվի առնելով Իսրայելի և Կատարի միջև ստեղծված լարվածությունը, հնարավո՞ր է, որ տարածաշրջանում խաղաղության գործընթացը կանգ առնի կամ հետընթաց ունենա, հատկապես այն պայմաններում, երբ Կատարը կարևոր դեր ունի պատանդների ազատման և Գազայի հումանիտար ճգնաժամի մեղմման հարցերում։

-Այս պահին տարածաշրջանում, իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում, խաղաղության գործընթացը ընդամենը ֆոն է Իսրայելի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը առաջ մղելու համար։ Այսինքն, բովանդակային առումով լուրջ ակնկալիքներ չկան։ Խաղաղություն կարող է լինել Իսրայելի պահով, որը ենթադրում է Գազայի ամբողջական օկուպացիա և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերջնական հաղթանակ։ Իսկ ավելի լայն առումով՝ ընդհանրապես օրակարգից դուրս թողնել Պաղեստին պետության ստեղծման հարցը։ Սա է նպատակը, և քանի դեռ միջազգային իրավիճակը դա թույլ է տալիս, Իսրայելը փորձելու է գնալ այս ծրագրի իրագործման ետևից։ Բայց, իհարկե, այն գործընթացը ֆոնային է, որը պետք է լինի բանակցային Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, որտեղ ակտիվ միջնորդություն ունեն Կատարը և Եգիպտոսը։ Արդյունավետությունը այդ հարցում խիստ կասկածելի է, քանի որ տեսնում ենք, որ Իսրայելը հաշվի չի առել միջազգային որևէ սահմանափակում։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական