Հարցազրույց

Իսրայելն ուզում է բանակցել Գազան ամբողջովին գրավելուց հետո. Գանտահարյան

Իսրայելն ուզում է բանակցել Գազան ամբողջովին գրավելուց հետո. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։ 

- Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ Իսրայելի հարձակումն էր։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ կատարվածը, եթե հաշվի առնենք, որ հարվածը հասցվել է Կատարին՝ միջնորդ երկրի։

- Իսկապես, Կատարին հասցվեց լուրջ հարված․ խնդրո առարկա է դարձել Կատարի միջնորդական միջավայր լինելու հանգամանքը։ Կատարը անպաշտոն հանրահռչակվել էր «արաբական Շվեցարիա»։ Կատարը իր դիրքորոշումը կխստացնի Իսրայելի նկատմամբ, ինչն անում է արդեն, կառկախի իր միջնորդությունը։ Որոշ ժամանակ հետո, կարծում եմ, կվերականգնի այն։ Դա կախյալ է Գազայում ռազմական գործողությունների արդյունքներից։ 

- Բենիմաին Նեթանյահուն Կատարին և բոլոր այն երկրներին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին, հորդորել է արտաքսել նրանց կամ դատել, այլապես դա կանեն իրենք։ Սա ի՞նչ է նշանակում։

- Ահաբեկիչներ ասելով՝ Իսրայելն ընկալում է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին և կողմերին կոչ է անում չբանակցել ահաբեկիչների հետ։ Բանակցությունները հակադրվում են Թել Ավիվի որոշմանը։ Իսրայելը որոշել է ռազմական միջոցով լուծել խնդիրը։ Սա ուղերձ է՝ վերստին բանակցություններ չձեռնարկելու։

- Սա ինչպե՞ս կանդրադառնա ԱՄՆ-Կատար հարաբերությունների վրա, եթե հաշվի առնենք, որ, ըստ Թրամփի, դա վարչապետ Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իր, և որ ԱՄՆ-ը փորձել է սպասվող հարվածի մասին զգուշացնել Դոհային։

- Հարցի վերջին բաժինը շատ ուշագրավ է։ Նշանակում է՝ ԱՄՆ-ն տեղյակ է եղել հարձակման ծրագրից։ Մի կողմից, ամերիկյան առաջարկները քննարկելու համար են պաղեստինցիները մեկնել Կատար, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն տեղեկացվել է, որ նման հարձակում կարող է իրականացվել։ Ստացվում է, որ իրենք մասնակից չեն որոշմանը, բայց տեղյակ եղել են և չեն արգելել։

- Կարո՞ղ ենք ասել, որ իսրայելա-պաղեստինյան բանակցություններն այլևս փակուղում են, և Կատարը կդադարեցնի միջնորդական դերը։

- Այս պահի դրությամբ փակուղում են։ Սակայն չի բացառվում, որ վերսկսվեն, գուցե, այլ միջավայրում։ Իսրայելը, սակայն, մինչև վերջ ուզում է գնալ և բանակցել միայն այնժամ, երբ ամբողջովին կվերահսկի Գազան։ Մինչ այդ բանակցություն կլինի, թե ոչ, կախյալ է ԱՄՆ-ից։ Կատարի պատահարին ԱՄՆ-ի դիրքը երկիմաստ է։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական