Հարցազրույց

Ռուսաստանն Ադրբեջանում թավշյա ներկայության մեխանիզմներ ունի. Բադալյան

Ռուսաստանն Ադրբեջանում թավշյա ներկայության մեխանիզմներ ունի. Բադալյան

«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում խնդիրներ իրոք կան, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացմանը նպաստելու փոխադարձ շահագրգռությունը ի վերջո կշտկեն ամեն ինչ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Չինաստան կատարած այցի ժամանակ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։

-Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում խնդիրներ կան։ Որո՞նք են այդ հարաբերություններում առաջացած խնդիրների իրական պատճառները․ դրանք պայմանավորված են միայն ընթացի՞կ քաղաքական հարցերով, թե՞ ավելի խորքային և համակարգային գործոններով։

-Եթե խոր դիտարկենք, կարծում եմ, պատճառն այն է, որ Ալիևը փորձում է խաղալ  տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններով և կենտրոնների հետ, այդ թվում նաև՝ այն կենտրոնների, որոնք կուզեին տեսնել Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի որոշակի կոշտ կամ հակադիր վարքագիծ։ Դա ունի աշխարհաքաղաքական պահանջարկ, և Ադրբեջանը փորձում է օգտագործել առիթները՝ այդ պահանջարկը բավարարելու համար։

-Կարո՞ղ են այս խնդիրները վերածվել երկարաժամկետ լարվածության՝ ազդելով Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության վրա, թե՞ դրանք ժամանակավոր են։

-Մենք, համենայնդեպս, տեսնում ենք, որ արդեն մի քանի ամիս ձգվում է այդ լարվածությունը՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերին ադրբեջանական օդանավի հետ պատահած միջադեպից։ Սա երկար ժամանակ է, թե ոչ, կախված է ոչ այնքան զուտ ժամանակային տևողությունից, այլ՝ լարվածության բնույթից։ Մենք տեսնում ենք, որ 2 կողմն էլ մեծ փութաջանություն չեն դրսևորում իրավիճակը ավելի սրելու ուղղությամբ և ձգտում են պահել կառավարելի։ Իսկ սա նշանակում է խորքային շերտերի առկայություն և բազմիմաստ վիճակ, որովհետև Ադրբեջանը, մի կողմից, խաղալով Ռուսաստանի դեմ դիրքավորվելու պահանջարկի վրա, նաև պատկերացնում է, որ հայտնվել Ռուսաստանի համար ռազմավարական ռիսկեր ստեղծող և Ռուսաստանի համար 2-րդ ճակատ բացողի դերում, ինչն այդքան էլ անվտանգ դեր չէ, և, բնականաբար, Ալիևը փորձում է չանցնել որոշակի գծեր։ Պուտինի վերջին արձագանքը հենց դրա վկայությունն է, և պետք է նկատի ունենալ, որ, չնայած Կովկասում Ռուսաստանի որոշակի վարքագծային, մարտավարական նահանջին, Ադրբեջանում Ռուսաստանը բավական թավշյա ներկայության մեխանիզմներ ունի, և սա, կարծում եմ, Ալիևն էլ է լավ պատկերացնում։

-Ըստ Ձեզ, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրները հեշտությա՞մբ կկարգավորվեն, և հեռանկարում տեսնու՞մ եք ավելի խորքային համագործակցություն։

-Ավելի խորքային համագործակցություն, օրինակ, տեսնում ենք, տնտեսական ոլորտում։ Դրանք գուցե շատ մեծ չեն, բայց զգայուն, ինդիկատորային հանգամանքներից մեկն  է։ Չմոռանանք, որ 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց 2 օր առաջ, Ռուսաստանը դաշնակցային հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարծում, որ Ալիևը հենց այնպես կարող էր գնալ այդ ճակատագրական քայլին. հասկանում ենք, թե միջազգային ընկալման մեջ ինչ ազդեցություն ուներ այդ ժամանակ Ռուսաստանի հետ դաշնակցային հռչակագիր ստորագրելը։ Չնայած լարվածությանը, դաշնակցային հռչակագիրը կասկածի տակ դնելու քայլեր որևէ կողմից չեն արվում։ Սա ևս չափանիշ է՝ գնահատելու, որ խորքային կոնֆլիկտի կողմերը հակված չեն։ 

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական