Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Կխնդրեի անդրադառնալ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին. առանցքայինը, կարծես, Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումներն ու բանակցություններն էին, նաև՝ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ի՞նչ էր սա նշանակում։
- Այս փորձը վաղուց է կիրառվում։ Այո, ամենահատկանշականը երկկողմ հանդիպումն է։ Չինաստանը ուզում է տնտեսական բևեռի հանգամանքը պահպանել, մինչ ՌԴ-ն փորձում է վերածվել ռազմաքաղաքական բևեռի։ Սա է հիմնական տարբերությունը մոտեցումների։ Չինաստանը Արևմուտքի հետ տնտեսական փոխկապվածության խնդիր ունի, որը չի ուզում վտանգել։
- Արդյո՞ք գործ ունենք աշխարհակարգի վերափոխման հետ, և ի՞նչ աշխարհակարգ է ձևավորվում, քանի որ խոսվում է երկբևեռ աշխարհակարգի մասին։
- Երկբևեռը ավելի մեդիա-քաղաքական ձևակերպում է, քան՝ իրողական։ ԱՄՆ-ն ձգտում է միաբևեռության, մինչդեռ իրար հակակշռող այլ ուժեր աշխատում են բազմաբևեռ աշխարհակարգի ուղղությամբ։ Մինչ այս պահը չեմ կարծում, որ ԱՄՆ-ի տարողությամբ այլ բևեռ կա. գուցե, առաջիկայում ձևավորվեն այլ բևեռներ։ Համենայնդեպս, երկբևեռ աշխարհակարգը անցյալ է՝ արդեն իր դասական իմաստով։ Չինաստանն ունի հսկա պոտենցիալ՝ տնտեսական բևեռի կարգավիճակը պահպանելու, նաև՝ զարգացնելու։
- Այս իրողությունները ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս-ամերիկյան ու ամերիկա-չինական հարաբերությունների համատեքստում։
- Ռուս-ամերիկյանը դեկլարատիվ է, քարոզչաքաղաքական, քան՝ իրողական։ ԱՄՆ-ն շարունակելու է ներգրավված պահել ՌԴ-ին տարբեր կոնֆլիկտներում։ Ուկրաինայի պատերազմը կտրուկ չի ավարտվելու, անգամ, եթե հրադադարի շուրջ համաձայնություն լինի։ Մինչդեռ Չինաստանի հետ պատերազմը տնտեսական է՝ ընթանում է մաքսային պատերազմ. փոխկախայլության գործոնը, սակայն, չի թողնում, որ տոտալ տնտեսական պատերազմի անցնեն կողմերը։
- Միաժամանակ, ԱՄՆ նախագահն էլ անդրադարձավ այդ միջոցառումներին, նաև՝ դրան զուգահեռ քայլեր են արվում ռուս-ուկրաինական հակամարտությնա ուղղությամբ, անգամ՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանդիպեցին Զելենսկուն։ Սա ի՞նչ է նշանակում՝ ո՞ւր է գնում այս գործընթացը։
- Կարծում եմ՝ դեռևս բեկումնային պահ չի հասունացնել։ Այս գործընթացը կանգառներով, ավելի շուտ՝ միջնորդավորված, բայց մեկ մեկ ուղիղ բանակցություններով, շարունակվելու է։ Արևմուտքը դերերի բաշխումով ՌԴ-ին ներգրավված պիտի պահի այս հակամարտությունում։ Ուկրաինան պարզապես հարթակ է ՌԴ-ին ներքաշված պահելու հարցում։ Ընթանում է ՌԴ-ի մեկուսացման ընդհանուր աշխարհաքաղաքականություն։
- Այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, այդ շահերն ինչպե՞ս կբախվեն կամ համատեղվեն այստեղ։
- Հարավային Կովկասում զգալի է ԱՄՆ-ի հանգրվանային ներկայությունը։ Կակտիվանան նաև ԵՄ երկրներն ու համապատասխան կառույցները։ Այս բոլորում մտահոգիչ է Անկարայի ակտիվությունը և իրավիճակի փոփոխությունը։ Անկարան շարունակում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ և Բաքվին թելադրում է՝ հանդես գալ հակառուսական դրսևորումներով։ Սա նշանակում է, որ Անկարան ևս միացել է ռուսական գործոնը Հարավային Կովկասում չեզոքացնելու՝ Արևմուտքի խաղին։
Արման Գալոյան