Հարցազրույց

Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ խոսում են բազմաբևեռ աշխարհի մասին. Սուրենյանց

Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ խոսում են բազմաբևեռ աշխարհի մասին. Սուրենյանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։

-Ի՞նչ ուղերձ է պարունակում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի համատեղ հայտարարությունը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին, հատկապես, որ այն համընկնում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 75-ամյակի հետ:

-Գիտեք, Ռուսաստանը և Չինաստանը այս պահին բնական դաշնակիցներ են, դա չի նշանակում, որ նրանց մեջ խնդիրներ չկան։ Նրանք նաև գեոպոլիտիկ առումով մրցակիցներ են, քանի որ Կենտրոնական Ասիայում ազդեցության ոլորտի խնդիրներ կա այլ ռեգիոններում։ Ի վերջո, ռուս-չինական հարաբերությունները դասական իմաստով ստրատեգիական ձևակերպում չունեն։ Սակայն այս պահին՝ միջին հեռանկարի առումով, իրենք դաշնակիցներ են, որովհետև իրենց միավորումը ունի առնվազն 2 հանգամանք. առաջինը Ամերիկայի դոմինանտության դեմ պայքարն է, և երկրորդը՝ նրանց պատկերացումները նոր աշխարհակարգի ձևավորման հարցում նույնն են։ 

-Համատեղ հայտարարության համաձայն, Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները մտնում են «նոր դարաշրջան»: Ինչպիսի ազդեցություն կարող է սա ունենալ աշխարհաքաղաքական բևեռների վրա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների դիրքորոշումը:

-Շատ մեծ ազդեցություն ունի։ Հստակ էր, որ հարավի երկրները, նաև այնպիսի երկրներ, որ մի ժամանակ Միացյալ Նահանգներին դաշնակից էին համարվում, տեսնեն այս ուժի ցուցադրություննեը, որ այլևս արևմտյան կամ ամերիկյան դոմինանտության փուլ գոյություն չունի, և մենք շատ հաստատուն տեմպերով գնում ենք բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, սա իրողություն է այլևս։ Բացեք արևմտյան մամուլը, բոլորը փաստը արձանագրել են, այնպես չի, որ սա ռուսական, չինական կամ ասիական նարատիվ է, ինչը հիմա ես ասում եմ՝ միաբևեռ աշխարհի փուլը մոտենում է ավարտին։

-Կարո՞ղ է արդյոք այս նոր ռազմավարական համաձայնությունը փոխել Ուկրաինայի շուրջ ընթացող կոնֆլիկտի դինամիկան։

-Ակնհայտորեն այդ պատերազմը Ուկրաինայի համար հաջողությամբ չի ավարտվելու։ Ռուսաստանը ունի տարածքային ձեռքբերումներ, կազմակերպչական, մարդկային և այլ ռեսուրսներ՝ պատերազմը ավելի հաջող դիրքերում ավարտելու համար։ Ինչքան Ուկրաինայի ձգձգի կարգավորման գնալը, այնքան ավելի ծանր պայմաններում է լինելու պատերազմի ավարտը։ Ես զուգահեռ էլ անցկացնեմ մեր պատերազմի հետ։ 44-օրյա  պատերազմի ինչ-որ փուլում, ենթադրենք, հոկտեմբերի 19-ին, պատերազմի ավարտը հայկական կողմի համար ավելի բարենպաստ պայմաններով կարող էր տեղի ունենալ, քան տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին։ 

-Համատեղ հայտարարությունը ներառում է միջկառավարական և առևտրային համաձայնագրերի փաթեթ: Ինչպիսի՞ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այս համագործակցությունը տարածաշրջանի համար:

-Միայն այն, որ Սիբիր-2 գազախողովակաշարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, դա արդեն նշանակալից իրադարձություն է։ Այլ խնդիր է, որ այդ պրոյեկտը շատ թանկ է, և պարզ չէ, երբ կդելիմիտացվի։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական