Այս տարի պետական բուհերի բակալավրի 25 կրթական ծրագրերով ընդունելության տեղերը թափուր են մնացել, որոշ մասնագիտություններ էլ «մեռնում են»։
Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է կրթության ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ։
-Այս տարի պետական բուհերի բակալավրի 25 կրթական ծրագրերով ընդունելության տեղեր թափուր են մնացել, որոնց թվում հումանիտար և արվեստի ուղղվածության մասնագիտություններ։ Ձեր կարծիքով՝ ո՞ր գործոններն են հանգեցնում այդ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության անկմանը։
-Մի քանի ֆակտոր է. առաջինն այն է, որ չկա աշխատաշուկայի և կրթության հստակ կապ, կրթական ոլորտի արտադրանքը չի համապատասխանում աշխատաշուկային։ Աշխատաշուկային ինչ պետք է, չեն կարողանում ստանալ։ Պրոբլեմատիկ է, երկար ժամանակ դրա մասին խոսում եմ, բայց քանի որ աշխատաշուկան անընդհատ փոփոխվում է, բայց կրթական համակարգն էլ մեծ է ու բավականին բարդ, պետք է ինչ-որ բան անել, որ այդ ճեղքվածքը վերանա, սակայն ամբողջ համակարգը միանգամից փոփոխել պետք չէ։ Օրինակ, կարելի է տարբեր երկրների կրթական համակարգը ուսումնասիրել։ Երկրորդը, բնականաբար, կրթության որակն է։ Այն, ինչ տեղի է ունենում կրթական հաստատություններում, այսօրվա կրթությունը չէ. դասախոսների որակի, կրթական միջավայրի, մեթոդաբանությունների մասին է խոսքը։ Այն, ինչ մարդիկ ուզում են տեսնել այնտեղ, չեն տեսնում։ Եվ երրորդ հանգամանքը կա, որը, միգուցե, առաջնային չէ, դա մեդիան է։ Այն լցվում է ինչ-որ բացասական մեսիջներով, որոնք էլ ազդում են նաև ընտրության վրա։
-Երիտասարդները մասնագիտություն ընտրելիս հաճախ ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ապագայում դրանով հեշտ և բարձր վարձատրվող աշխատանք գտնեն։ Այժմ եթե մի շարք մասնագիտություններ այդ առումով գրավիչ չեն, ի՞նչ է լինելու արդեն այդ մասնագիտությունների հետ՝ համարվելու են մեռա՞ծ մասնագիտություններ։
-Նման մտածողությամբ առաջ գնալը ճիշտ չէ։ Երեխայի փոխարեն որոշում են, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրի՝ հիմնվելով աշխատավարձը չափի վրա։ Այժմ հայտնվել ենք ինդուստրիալ հասարակարգում, և եթե նայենք, աշխարհում նյութական վարձատրության խնդիրը առաջնային չէ։ Ամենակարևոր խնդիրն այն է, որ երեխան նորմալ անցնի մասնագիտական կողմնորոշման պրոցես, հասկանա իր ուժեղ և թույլ կողմերը, հետաքրքրությունները, որոնցից հետո, որպես առաջնային ֆակտորներ, համադրվի կրթական համակարգի և աշխատաշուկայի առաջարկների հետ։
Ինչ վերաբերում է մեռած մասնագիտություններին, ապա եթե այդ հարցը ինչ-որ մեկին հուզում է պետական համակարգում, ռադիկալ փոփոխություններ կառաջացնի այդ ոլորտում։ Կան մեռնող մասնագիտություններ, որոնք այժմ ոչ մի խնդիր չեն առաջացնում, բայց ապագայում կարող են, և այդ պարագայում մասնագետների կողմից կձեռնարկվեն քայլեր։ Նաև կան մեռնող մասնագիտություններ, որոնք երբեք խնդիր չեն առաջացնի։ Հայաստանի տնտեսական դաշտի աշխատաշուկայի փոփոխությունների հետ կապված՝ մասնագիտություններ կան, որ պահանջարկի պակաս չունեն, բայց իրենք ավանդաբար եկել են, շարունակվել, և մարդիկ գիտեն, որ դրանք երբ ավարտեցին, առանձնապես ոչ մի բան չեն կարողանա անել։ Այստեղ շուկան մի քիչ ինքնակարգավորիչ ֆունկցիաներ է կատարում, բայց, իհարկե, եթե մենք չունենանք քաղաքական կամք ու էքսպերտիզա որոշումների կայացման ոլորտում, չենք նկատի, թե ոնց կարող ենք այդ թափուր տեղերում «վաղը չէ մյուս օրը» լրջագույն պրոբլեմներ ունենալ։
-Ըստ Ձեզ՝ արհեստական բանականությունը կարո՞ղ է նպաստել մասնագիտությունների «մեռնելուն»։
-Արհեստական բանականությունը գործիք է։ Այն օգտագործելու համար լուրջ բանականություն է պետք։ Բայց այդ բանականությունը առայժմ չի օգտագործվում բազմաթիվ դաշտերում։
Լիլիթ Աբրահամյան