Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընթացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում էին ավելի քան 20 պետության ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։
-Ըստ Ձեզ՝ Հայաստանի մասնակցությունն այդ գագաթնաժողովին որքանո՞վ է կարևոր երկրի և, առհասարակ, տարածաշրջան համար։
-Նախ Շանհայի համագործակցության կազմակերպությունը աստիճանաբար ավելի կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում և կարծես փորձում է ստանձնել այս ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ոչ արևմտյան բևեռի դերը։ Նմանատիպ կազմակերպության գագաթաժողովներին մասնակցելը կարևոր է թեկուզ ներկա լինելու և, այսպես ասենք, ոչ արևմտյան աշխարհում ընթացող քննարկումներին տեղյակ լինելու տեսակետից։ Դա, ինձ թվում է, Հայաստանին, նաև՝ Ադրբեջանին, հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել, թե այս նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում Շանհայի համագործակցության կազմակերպությունը ինչ դերակատարություն է ունենալու, և ինչքանով այդ դերակատարումը կարող է օգտակար լինել 2 պետությունների համար։
Եթե տարածաշրջան ասելով նկատի ունենք Հարավային Կովկասը, հասկանալի է, որ Հարավային Կովկասը դժվար մոտ ապագայում՝ առաջիկա 10-20 տարին, դառնա Արևմտյան բևեռի մաս. Արևմտյան բևեռ ասելով նկատի ունեմ Միացյալ Նահանգներ և, գուցե նաև, Եվրամիություն։ Հարավային Կովկասը շրջապատված է Ռուսաստանով, Իրանով, Թուրքիայով։ Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը Արևմտյան բևեռի մաս չեն, ավելին, նրանք հակադրում են Արևմտյան բևեռին, իսկ Թուրքիան, որպես միջին պետություն, փորձում է բալանսավորվել՝ մնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Հետևաբար, քանի որ Հարավային Կովկասը չի կարող դառնալ Արևմտյան բևեռի մաս, այն կկրի Արևմտյան բևեռի ազդեցությունը։
-Չինաստանի նախագահ Ծինփինի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետք է ընդլայնի առևտուրն ու ներդրումները։ Ինչպիսի՞ դրական ազդեցություն կարող է ունենալ այս համագործակցությունը Հայաստանի տնտեսության վրա։
-Եթե նայում ենք Հարավային Կովկասն, ապա ամենաքիչ չինական ներդրումները Հայաստանում են։ Չինական լուրջ ներդրումներ կան Վրաստանում, ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանում, այդ թվում նաև վարկային միջոցների տեսքով։ Այս առումով Հայաստանը, միանշանակ, ամենահետին պլանում է, քանի որ գրեթե չինական ներդրումներ չկան։ Նաև ինչքանով Հայաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության հաստատումը կամ, այսպես ասենք, Հայաստանի ցանկությունը՝ դառնալ ՇՀԿ անդամ երկիր, կբերի չինական ներդրումների ավելացմանը, բարդ է ասել, քանի որ կոնկրետ ոլորտներ կան, կարծում եմ, որոնք Չինաստանին հետաքրքրում է, և նրա ոլորտներից մեկը կարող է լինել նոր ատոմակայանի կառուցումը։ Չինաստանը վերջին տարիներին ինտենսիվ զբաղված է ատոմակայանների կառուցմամբ, տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, հետևաբար, ընդամենը որպես օրինակ եմ ասում՝ ինչ ոլորտում կարող են չինական ներդրումներ անել։ Եթե մենք ակնկալում ենք Չինաստանի ներդրումները, ապա զուտ փաստաթղթերի ստորագրումը կամ ռազմավարական համագործակցության հռչակումը բավարար չէ, պետք է հասկանանք՝ ո՞ր ոլորտներում է Չինաստանը հետաքրքրված ներդրումներ անել, և արդյոք այդ ոլորտում չինական ներդրումները Հայաստանի համար ձեռնտու են։ Եթե, կոնկրե՛տ հաշվարկելուց հետո Հայաստանը առաջարկով ներկայանա Չինաստանին, ասի՝ եկեք ներդրումներ արեք միջուկային էներգետիկայի կամ այլ ոլորտում, սա արդեն կլինի կոնկրետ քննարկում, առայժմ մենք նման քննարկում չենք տեսնում։
-Ինչպե՞ս կարող է Հայաստանը առավել արդյունավետ օգտագործել այս հարթակը միջազգային հարաբերություններում իր դիրքերը ուժեղացնելու համար։
-Վերջին հաշվով, այս հարթակը հնարավորություն է տալիս առնվազն գոնե հավելյալ հանդիպումներ, քննարկումներ անել, հիմա մենք տեսանք, որ վարչապետը մի շարք հանդիպումներ ունեցավ, առավել կարևոր է Ռուսաստանին նախագահի հետ հանդիպումները, որոնք բավականաչափ երկար են եղել, և, կարծում եմ, կողմերը քննարկել են բոլոր հարցերը, այդ թվում նաև՝ այդ «TRIP ուղղու» հետ կապված խնդիրները։ Մի շարք այլ հանդիպումներ եղան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ։ Այս առումով նման միջազգային գագաթաժողովները բացում են դեմառդեմ քննարկումների հնարավորություններ։
Լիլիթ Աբրահամյան