Հարցազրույց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ:
- Պարոն Բաբաջանյան, վարչապետի հայտարարությունը ԵԱՏՄ-ԵՄ միաժամանակյա անդամակցությունը բացառելու մասին ի՞նչ է նշանակում։
-Սա նշանակում է, որ այլևս վերջ են դրված կիսատ-պռատ կեցվածքներին։ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է՝ իր ապագան տեսնում է Եվրոպայի ժողովրդավարական, իրավական և տնտեսական համակարգի հետ։ Սա պատմական որոշում է․ այն բացառում է ցանկացած կեղծ հավասարակշռություն և մեզ դնում է իրական ընտրության առաջ։ Ընտրությունը կատարված է, և այն հօգուտ Հայաստանի ԵՄ անդամակցության է։
-ԵԱՏՄ-ից դուրս գալը անխուսափելիորեն կունենա տնտեսական հետևանքներ։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։
-Այո, կարճաժամկետում շոկերը անխուսափելի են։ Բայց պետք է ազնվորեն ասել․ այսպես կոչված «ռուսական վերաարտահանման բումը» արհեստական վերելք էր, ոչ թե կայուն տնտեսական զարգացում։ ԵԱՏՄ շուկան աստիճանաբար դառնում է փակուղի, մինչդեռ ԵՄ-ն առաջարկում է նոր հնարավորություններ՝ մեծածավալ շուկա, բարձր ստանդարտներ, ներդրումային մուտքեր։ Այս անցումը պահանջում է լոգիստիկ բազմազանեցում, էներգետիկ ապահովագրություն և կառավարման արմատական բարեփոխումներ։ Եթե մենք չգնանք այդ ուղղությամբ, Հայաստանը կմնա հումքային կցորդ՝ սահմանափակված հեռանկարով։
-Ռուսաստանն, անկասկած, կարձագանքի Հայաստանի որոշմանը։ Ինչպիսի՞ ճնշումներ եք ակնկալում և ինչպե՞ս եք պատկերացնում դրանց դիմակայելը։
-Ռուսաստանը մեզ վաղուց պատժում է․ զենք չի մատակարարում, դաշնակցային պարտավորությունները չի կատարում, մշտապես շանտաժի է ենթարկում։ Հետևաբար, իրական հարցը պատժամիջոցների առկայությունը չէ, այլ՝ մենք պատրա՞ստ ենք շարունակել համակերպվել այդ կախյալության հետ, թե՞ ոչ:
Ճնշումներ կլինեն՝ էներգետիկ, առևտրային, տրանսպորտային։ Բայց այսօր մենք ունենք իրական այլընտրանք․ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ կառուցել նոր ենթակառուցվածքներ, ապահովել էներգետիկ բազմազանեցում և վերածել Հայաստանը տարածաշրջանային փոխկապակցման հենասյան։ Սա ընտրություն է արժանապատվության և անկախության միջև։
-ԵԱՏՄ-ից դուրս գալը ենթադրում է նաև դուրս գալ ՀԱՊԿ-ից, որտեղ Հայաստանը դե յուրե շարունակում է մնալ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլի անվտանգային հետևանքները։
-ՀԱՊԿ-ը ոչ թե պաշտպանել է Հայաստանին, այլ դավաճանել։ Մենք զինվոր և տարածքներ ենք կորցրել, իսկ դաշինքը լռել է։ Այս փորձը անառարկելիորեն ցույց տվեց՝ Հայաստանի անվտանգությունը չի կարելի հանձնել թղթի վրա գրված, բայց գործնականում չկատարող պարտավորություններին։ Անվտանգությունը պետք է կառուցել դաշնակցային նոր համակարգի վրա՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի հետ և ՆԱՏՕ-ի շրջանակներում խորացված համագործակցությամբ։ Իսկ ամենակարևորը՝ սեփական բանակի վերազինումն ու պաշտպանունակության արմատական բարձրացումն է։ Առանց այս քայլերի՝ ոչ մի դաշինք չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։
- Կարո՞ղ ենք ասել, որ սա Հայաստանի ռազմավարական շրջադարձն է։
-Սա շրջադարձ չէ, սա ճակատագիր է։ Մենք այլընտրանք չունենք․ կամ մնում ենք կիսակենդան կախյալություն, կամ վերածվում արժանապատիվ և ինքնիշխան պետության՝ եվրոպական ուղով։ Այո, սա մեծ ռիսկ է, բայց նաև եզակի հնարավորություն՝ վերաձևելու Հայաստանի տեղը միջազգային համակարգում։ Վճռականությունն ու պատասխանատվությունը այստեղ ամենակարևորն են։ Պետք է ասել պարզ․ մենք ընտրել ենք Եվրոպական միությունը, և դա անշրջելի է։