Հարցազրույց

Տարածքների փոխանակման բանաձևն անպայման կգա բանակցային սեղան. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում Թրամփ-Պուտին, ապա՝ Թրամփ-Զելենսկի հանդիպումը։ Արդյոք այս ճակատում վերջին օրերի ակտիվ իրադարձությունները հիմք տալիս են մտածելու, որ կողմերը կհասնեն խաղաղության։

- Վաղ է եզրակացնելը, որ կողմերը կհասնեն խաղաղության։ Սակայն, որ նոր շրջափուլ է սկսվում ԱՄՆ-ի մրցավարությամբ, դա ակնհայտ է։ Կլինեն եռակողմ, երկկողմ, գուցե նաև, քառակողմ հանդիպումներ։ Կսկսվեն բանակցություններ։ Առանցքը տարածքների փոխանակումն է լինելու։ Սկզբում Զելենսկին նման թեմա բացառում էր, հետո պարզ դարձրեց, որ կբանակցեն տարածքների առումով։ Ճնշումներ կլինեն բանակցությանն առընթեր կրակը դադարեցնելու ուղղությամբ։

- Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ սպասվելիք եռակողմ հանդիպումից։

- Եռակողմը, չի բացառվում, փոխարինվի երկկողմ՝ ուղիղ բանակցությունների։ Թրամփի ներգրավվածությունը հուշում է, որ ինչ-որ բան կփոխվի։ Ոչ, անպայման, վերջնական խաղաղության առումով, այլ՝ նոր գործընթացի մեկնարկի իմաստով։ Թրամփի արտաքին քաղաքականության առանցքը տնտեսականն է․ Թրամփն ուզում է օգտագործել Ուկրաինայի հազվագյուտ մետաղները և բեռնաթափել ԱՄՆ բյուջեն՝ օժանդակությունների կրճատման ճամփով։

- Քանի որ Թրամփ-Զելենսկի հանդիպմանը նաև եվրոպական մի քանի երկրի ղեկավար են մասնակցել, սա ի՞նչ էր նշանակում։

- Եվրոպան անհանգիստ է հավանական համաձայնություններով, որոնք շրջանցում են իրեն։ ԱՄՆ-ն իր օժանդակությունների դիմաց ստանում է հանքեր։ Եվրոպայի մտահոգությունը առավելաբար անվտանգային խնդիրների է վերաբերում, իհարկե, էներգետիկ նախագծերին առընթեր։ Եվրոպան այդ երաշխիքներն է ուզում ապահովել։ Միանշանակ, Եվրոպա հղացքը այստեղ տարակուսելի է․ կան տարբեր մոտեցումներ, շահագրգռվածություններ եվրոպական տարբեր երկրների կողմից։ Ամենաառաջնային գծի վրա երևում է Ֆրանսիան, որն, ի վերջո, հետևելու է Վաշինգտոնի ցուցմունքներին։

- Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել տարածքների հարցը Պուտինի հետ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Այո, ինչպես նշեցի, փոխվել է տարածքների հարց չքննարկելու այն կտրուկ դիրքորոշումը, որ նախապես կար։ Զելենսկին խաղում է ԱՄՆ-ի ճշտած կանոններով։ Այլ անելիք չունի։ Անպայման տարածքների փոխանակման բանաձևը կգա բանակցային սեղան։ Եւ սա Թրամփի բանաձևն է։

Արման Գալոյան