Հարցազրույց

Եթե Զելենսկին համաձայնվի Պուտինի գիշատիչ առաջարկներին, պատերազմը անմիջապես կդադարի. Խուրշուդյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է դադարեցնել պատերազմը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից, ինչպես նաև այսօր՝ օգոստոսի 18-ին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրավիրել է Վաշինգտոն։ Այս հանդիպմանը ներկա են գտնվելու, Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։

Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Թրամփի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը, եթե ցանկանա։ Որո՞նք են իրականում այն գործոնները, որոնք խոչընդոտում են հակամարտության արագ լուծմանը։

-Դե եթե Զելենսկին համաձայնվի Պուտինի գիշատիչ առաջարկներին, այն է՝ ամբողջությամբ հանձնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի այն հատվածները, որոնք Ռուսաստանը դեռ չի գրավել, նմանապես, հաշտվի Ղրիմի անեկսիայի հետ, համաձայնվի երբեք չմտնել ՆԱՏՕ, իհարկե, պատերազմը անմիջապես կդադարի։ Բայց դա կլինի ոչ թե հաշտության պայմանագիր, այլ կապիտուլյացիա, որին Զելենսկին, վստահ եմ, երբեք չի համաձայնի, իսկ Եվրամիությունը նրան այդ հարցում կսատարի։

-Թրամփը նշում է՝ «ոչ մի վերադարձ Ղրիմին և ոչ մի անդամակցություն ՆԱՏՕ-ին»: Այս դիրքորոշումը ի՞նչ ռիսկեր կամ հնարավորություններ կարող է ստեղծել Ուկրաինայի համար, նաև՝ միջազգային անվտանգության տեսանկյունից։

-Դե, արդեն այն, որ Թրամպը Ուկրաինայի փոխարեն համաձայնվում է Ղրիմի անեկսիային, ինքնին միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուկրաինան չի լիազորել նրան՝ բանակցել Պուտինի հետ Ուկրաինայի սուվերեն տարածքների մասին։ Սա, իհարկե, խիստ անցանկալի մոտեցում է Ուկրաինայի համար, քանի որ, չհամաձայնելով դրան, կարծես, առիթ է տալու Թրամփին՝ խաղաղության չհասնելու հարցում պատասխանատվությունը բարդել նրա վրա։ Ընդհանրապես, Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանը նշանավորվեց նրա կողմից միջազգային իրավունքի և պայմանավորվածությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքով։ Մենք անգամ զգացինք դա մեզ վրա, երբ Թրամփը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, աչք փակեց Ադրբեջանի ագրեսիայի վրա Արցախի, ապա և՝ Հայաստանի դեմ։ Այն դեպքում, երբ բոլոր՝ մինչ այդ ստորագրված փաստաթղթերում նշվում էր կոնֆլիկտի լուծման հարցում ուժի և, անգամ, ուժի սպառնալիքի կիրառման բացառման մասին՝ որպես առաջին և գլխավոր կետ։ Նույնը և հիմա՝ նա առաջնորդվում է ոչ թե արժեքներով, ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլ՝ բացառապես ուժերի հավասարակշռությամբ, և պատրաստ է առավելություն տալ ուժեղ, ոչ թե՝ արդար կողմին։ Եվ եթե չլիներ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային, վերջինս կդադարեր գոյություն ունենալ որպես անկախ պետություն, ինչին էլ, մեծ հաշվով, ձգտում էր Ռուսաստանը։

-Ըստ Թրամփի՝ այժմ ամեն ինչ կախված է Ուկրաինայից ու եվրոպացիներից: Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի ներկայիս քաղաքական և ռազմավարական դիրքորոշումը, ի՞նչ մարտավարական ընտրանքներ կարող է օգտագործել երկիրը՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

-Գիտեք, եթե դա ասելով՝ Թրամփը նկատի ունի, որ Ուկրաինան և Եվրոպան պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն և համաձայնվեն Պուտինի պահանջների հետ, ապա պարզ չէ, թե որն էր իր միջնորդության արժեքը. թակա՞րդը գցել ուկրաինացիներին և եվրոպացիներին՝ ասելով, որ Պուտինի հետ պայմանավորվել է, որ պետք է հանձնվեն։ Սա խաղարարար միջնորդության նմանակեղծում է, իմիտացիա, որը, իր կարծիքով, իրեն հնարավորություն է տալու ետ կանգնել Ռուսաստանի և նրանից նավթ գնողների դեմ «հրեշավոր» պատժամիջոցներ կիրառելու խոստումներից։ Սակայն, հաշվի առնելով ամերիկացիների բացարձակ մեծամասնության աճող աջակցությունը Ուկրաինային և նրա շարունակաբար նվազող հեղինակությունը՝ սա հերթական հարվածը կլինի իրեն և Հանրապետական կուսակցությանը 2026թ․ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ տարի առաջ։

-Գերմանիան, Ֆրանսիան և մյուս գերտերությունները այսօրվա հանդիպման ընթացքում կարո՞ղ են ազդել Ուկրաինայի դիրքորոշման վրա՝ պատերազմի հետագա հանգուցալուծման հարցում։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից։

-Կարծում եմ՝ եվրոպական երկրները վճռական են տրամադրված Պուտինին կարգի հրավիրելու հարցում, և ավելի հավանական է՝ նրանք փորձեն համոզել Թրամփին՝ միանալ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներին։ Պատահական չէ, որ Թրամփը հրաժարվեց հանդիպել Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների ներկայությամբ, և կանի դա անջատ-անջատ։ Նա լավ գիտի եվրոպացիների դիրքորոշումը ու լավ է հասկանում իր ոչ շահեկան մոտեցման բացասական հետևանքները իր և իր կուսակցության համար, սակայն, կարծես, նա ինչ-որ բանով կաշկանդված է Պուտինի դեմ որևէ իրական քայլ անելուց։

Լիլիթ Աբրահամյան