ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում բացառել է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Նա նաև նշել է, որ կլինեն խիստ հետևանքներ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի դադարեցնել պատերազմը ուրբաթ օրվա հանդիպումից հետո։
Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
-Ինչպես եք պատկերացնում՝ Թրամփը կարո՞ղ է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացառելու դեպքում, և ինչ ռիսկեր կլինեն ոչ միայն Ուկրաինայի անվտանգության և արտաքին քաղաքականության, այլև՝ Եվրոպայի համընդհանուր անվտանգության համար։
-Նախ ասեմ, որ Թրամփը գտնում է, որ Միացյալ Նահանգները ինքնուրույն պետք է սեփական շահերը հետապնդող քաղաքականություն վարի։ Այսինքն, նա աշխարհում անվտանգության խնդիրների վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի սահմանափակում ՆԱՏՕ-ի շրջանակներով, գտնում է, որ Միացյալ Նահանգները հավելյալ դերակատարություն ունի, քան այն, որը իրենք պետք է իրականացնեն որպես ՆԱՏՕ-ի առանցքային անդամ։ Այսօր Թրամփը հանդիպում է Պուտինի հետ տետ-ա-տետ, և այդ հանդիպմանը չի հրավիրել ո՛չ Ուկրաինայի նախագահին, ո՛չ իր դաշնակիցներին՝ դրանով ցույց տալով Միացյալ Նահանգների, որպես համաշխարհային առաջնորդի, բացառիկ դերակատարությունը։ Սա շատ կարևոր մոտեցում է և լիովին տեղավորվում է Թրամփի քաղաքականության շրջանակներում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ունա՞կ է Նահանգները ինքնուրույն երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, կարող եմ ասել՝ այո՛, ունակ է, քանի որ Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ներուժը շատ ավելի մեծ է, քան Եվրոպայի, Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների։ Միացյալ Նահանգների երաշխիքը շատ ավելի ծանրակշիռ է, դրա համար էլ մենք գերադասեցինք Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ ոչ թե Ռուսաստանի կամ Եվրամիության, այլ՝ Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ես էլ եմ գտնում, որ շատ ավելի հուսալի են Միացյալ Նահանգների կողմից տրվող անվտանգային երաշխիքները։
-Ինչպե՞ս կարող են արձագանքել եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները, երբ ԱՄՆ նախագահը բացահայտորեն հրաժարվում է աջակցել Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին։
-Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հստակ արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ` ընդգծելով, որ անհրաժեշտ է հաշվի նստել ՌԴ անվտանգային մտահոգությունների հետ և օրակարգում չընդգրկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Ֆրանսիան առանձնահատուկ կարևոր դեր ունի Եվրոպայում․ ես կասեի՝ քաղաքական առումով առանցքային երկիր է։ Կրկնում եմ` Ֆրանսիայի նախագահը վերջին տարիներին շատ առիթներ է ունեցել արձանագրելու, որ Ռուսաստանի մտահոգությունների հետ պետք է հաշվի նստել, և ՆԱՏՕ֊ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է հանել օրակարգից։ Եվրոպան այսօր տեսնում է Ռուսաստանի ցավագին արձագանքը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ Ուկրաինային ձգտումներին, ուստի անհրաժեշտ է գտնում չգրգռել ռուսական արջին։ Չեմ ասում բալթյան նորելուկների մասին, բայց Եվրամիության հնաբնակները հասկանում են, որ պետք է խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից։ Թրամփի պատրաստակամությունը՝ չխուսափել Ուկրաինայի հարցերը կարգավորելու դերակատարությունից, ներդաշնակ է Եվրամիության հնաբնակների մոտեցումներին։ Ընդհակառակն, նրանք մտավախություն ունեն, որ Միացյալ Նահանգները կարող է հոգնել և մտափոխվել։ Չէ՞ որ ավանդական ամերիկյան պատկերացումներում դեռ ուժեղ է Մոնրոյի դոկտրինի ազդեցությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է առանձնապես չխառնվի աշխարհի գործերին և սահմանափակի իր ակտիվությունը ամերիկյան մայրցամաքի շրջանակներով։
-Ինչպիսի՞ «խիստ հետևանքներ» կարող են քննարկվել միջազգային քաղաքականության մեջ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի դադարեցնել պատերազմը, և որքանո՞վ են այդ հետևանքներն իրատեսական։
-Այսօրվա հանդիպման համատեքստում Թրամփի բոլոր սպառնալիքները մնում են ուժի մեջ։ Թրամփը հայտարարել է, որ երկրորդական սանկցիաներ կսահմանի այն երկրների դեմ, որոնք Ռուսաստանից գազ և նավթ են գնում և դրանով իսկ հնարավորություն տալիս, որ Ռուսաստանը շարունակի պատերազմը։ Նա իր այդ սպառնալիքները թողել է ուժի մեջ և, բանակցությունները ձախողելու դեպքում, ՌԴ֊ին ավելի խիստ պատժելու սպառնալիքներով է հանդես եկել Պուտինի հետ հանդիպման նախօրյակին։ Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, նրանք ևս շահագրգռված են, որ Ռուսաստանը գնա կոմպրոմիսի՝ ընդառաջելով Ուկրաինայի պահանջներին՝ սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում, քանի որ միայն այդ դեպքում կխուսափեն Թրամփի երկրորդական սանկցիաներից։
Լիլիթ Աբրահամյան