Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
-Ի՞նչ քաղաքական և միջազգային իրավական հետևանքներ կարող է ունենալ Դոնալդ Թրամփի առաջարկը, ըստ որի՝ Կիևն ու Մոսկվան պետք է տարածքներ զիջեն պատերազմն ավարտի համար։ Սա կողմերին հնարավորություն կտա՞ տևական ժամանակ հրաժարվել ռազմական գործողություններից և հետագայում այս հիմքի վրա խաղաղության գնալ։
-Ես չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական պատերազմն սկսվել է տարածքների վերաբերյալ վեճերի պատճառով, և տարածքների զիջումը կբերի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի կամ հարատև խաղաղության։ Ռուս-ուկրաինական պատերազմը սկսել է Ռուսաստանի կայսերական հողահավաքի և անհամաձայնության պատճառով, որ նախկին կայսրության անդամները՝ Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, թե որևէ այլ հանրապետություն, իրավունք ունեն վարելու սեփական արտաքին քաղաքականությունն այնպես, ինչպես իրենք են դա ուզում։ Դրա վերաբերյալ ռուսական պետությունն ունի խիստ անհամաձայնություն և պատրաստակամություն՝ անգամ պատերազմի գնով թույլ չտալու նման սցենարներ։ Դա ետսովետական՝ ռուսական կայսրության տարածքում իշխանության պահպանման և գերակայության համար պատերազմ է, ոչ թե Խարկովի կամ Դոնեցկի համար պատերազմ։ Ուրեմն, տարածքների զիջումը, լավագույն դեպքում, կարող է ինչ-որ կարճատև դադար կամ մարտավարական առավելություն տալ կողմերից մեկին, բայց ոչ երբեք՝ վերացնել պատերազմի պատճառները։
-Կիևը պնդում է առանց նախապայմանների հրադադարի մասին՝ որպես խաղաղ բանակցությունների մեկնարկի անհրաժեշտ պայման։ Արդյո՞ք սա համատեղելի է Թրամփի տարածքային զիջումների գաղափարի հետ։
-Կիևն, ըստ էության, ցանկանում է հրադադար առանց նախապայմանների, որպեսզի կարողանա վերախմբավորել իր ուժերը և պատրաստվել ռուսական նոր հարձակումներին։ Ռուսաստանում սա շատ լավ հասկանում են, և այժմ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ուկրաինան չունեն բավարար հնարավորություններ և ժամանակ՝ վերադասավորելու իրենց ուժերն ու տնտեսությունները և դնելու պատերազմական ռելսերի վրա։ Իսկ առանց Միացյալ Նահանգների՝ ուժային բալանսը թեքվում է հօգուտ Ռուսաստանի։ Հիմա ամբողջ խաղը գնում է նրան, որ ԵՄ-ին պետք է ժամանակ, որպեսզի կարողանա ռազմական արտադրությունը և ներուժը բացազատել ու օգնել Ուկրաինային, թեկուզ՝ առանց Միացյալ Նահանգների։ Իսկ Ռուսաստանը ժամանակ չի ուզում տալ, և ամբողջ բանակցությունները վերաբերում են այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ կլինի այնքան ժամանակ իր վրա շարունակել կրել Ուկրաինային աջակցելու բեռը, մինչև Եվրոպան կարողանա այդ բեռը վերցնել իր վրա, թե՞ Նահանգներն ուղղակի միակողմանի դուրս կգա ամբողջ պատմությունից։ Այս դեպքում Ռուսաստանին պետք է ընդամենը շարունակել այն, ինչ հիմա անում է՝ հույս ունենալով, որ կհասցնի կազմաքանդել Ուկրաինան ավելի արագ և ինտենսիվ, քան Եվրոպան կկարողանա օգնել Ուկրաինային։
-Եթե տարածքային զիջումների գաղափարը պաշտոնապես մտնի օրակարգ, ի՞նչ արձագանք կարող ենք սպասել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից։ Ի՞նչ է ակնկալում եվրոպական կողմը։
-Եվրոպական կողմն ակնկալում է Ռուսաստանի ռազմավարական պարտություն։ Բայց այն ի՞նչ տեսք ունի՝ կասեմ, որ եվրոպական կողմը չունի կոնսենսուս այդ թեմայի շուրջ։ Եվ երբ ասում եմ «եվրոպական կողմ», նկատի չունեմ Հունգարիայի կամ Սլովակիայի, այլ շատ ավելի լուրջ խաղացողների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության միջև առկա անհամաձայնությունը։ Շատ երկար ժամանակ շրջանառվում է թեզը, որ Ուկրաինան չպետք է պարտվի, բայց ի՞նչ է դա նշանակում Եվրոպայի, Ռուսաստանի և հենց Ուկրաինայի համար։ Ես կարծում եմ, որ պահի այս դրությամբ շատ մեծ խնդիր է այն, որ եվրոպական կողմը հստակ չէ իր ռազմաքաղաքական նպատակների և պատրաստակամության մեջ՝ այդ նպատակներն սպասարկելու համար։
-Նրանք, ըստ Ձեզ, համաձա՞յն են պատերազմի նման ավարտի և ստատուս քվոյի հետ։
-ՆԱՏՕ-ի վերաբերյալ միավորված դիրքորոշում դժվար է ասել։ Վերջիվերջո, դա միասնական կառույց չէ, այլ՝ անդամ պետություններից բաղկացած ռազմաքաղաքական դաշինք, որտեղ յուրաքանչյուր պետություն ունի իր դիրքորոշումը։ Հիմա եվրոպական դաշնակիցների այն դիրքորոշումը, որն ասացի, մոտավորապես փոխվել է։ Միացյալ Նահանգները չի ուզում վճարել և կրել այս պատերազմի բեռը, այլ ցանկանում է կենտրոնանալ Չինաստանի վրա։ Ասել, որ ՆԱՏՕ-ն ունի միասնական դիրքորոշում, սխալ է։
Լիլիթ Աբրահամյան