Հարցազրույց

Եթե երթուղին ավելի հյուսիս լինի, գուցե չանհանգստանան. իրանագետ

Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

-Իրանի արտգործնախարարը խոսել է հաղորդակցությունների բացման և «Թրամփի երթուղու» մասին, որը կանցնի Հայաստանի տարածքով՝ երկրի ինքնիշխանության ու իրավասության ներքո։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս դիրքորոշումը տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման վրա։

-Իհարկե, Իրանում միանշանակ չեն ընկալում այս հայտարարությանը, ոմանք հռչակագիրը շատ վտանգավոր են գնահատում, իսկ նախագահը միշտ էլ, երբ դեռ պատգամավոր էր, բազմիցս նշել է, որ ինքը համաթուրքական, պանթուրքիստական բաներ ունի։ Դրա համար ընդունելի է համարում, որ ոչ մի վտանգ Իրանին չի սպառնում, և Իրանը Հայաստանի հետ կարող է ունենալ այսպիսի ճանապարհ, քանի որ, առաջին հերթին, շեշտը դրվում է նրա վրա, որ երկու երկրների շահերը համընկնում են, իսկ Ադրբեջանով կամ Թուրքիայով ճանապարհը վստահելի չէ։ 30 տարի ոչինչ չարվեց այդ ճանապարհը կառուցելու համար, իսկ այնտեղ որոշված էր երկաթուղի կառուցել։ Պատճառաբանում էին, թե շատ թանկ է՝ 3 միլիարդ դոլար արժե, բայց այդ ժամանակ Իրանը կարող էր ներդրում անել, մտածում էին՝ Ադրբեջանը կնեղանա, ոմանք Ղարաբաղը համարում էին իսլամական տարածք և այլն։ Այժմ հայտնվել են փակուղու առաջ, ու, բնականաբար, Փեզեշքիան անգամ նրա կողքի ադրբեջանամետ դիրքորոշում ունեցողներն ասում են՝ ոչ մի բանով չի վնասում։
Իրանում ցանկացած հարցում տարբեր կենտրոններից տեսակետներ են հայտնում, իսկ ամենախիստը հայտնեց Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

-Իրանի կողմից ընդգծվում է, որ ցանկացած օտարերկրյա (առաջնային՝ ամերիկյան) ներկայություն տարածաշրջանում կարող է վտանգավոր լինել խաղաղության և կայունության համար։ Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Իրանը այս համատեքստում։

- Իրանը նշել է, եթե դա լինի լիովին Հայաստանի վերահսկողության տակ, իրենք համաձայն են, բայց հիմա, փաստորեն, տարբեր աղբյուրներից լսում ենք, որ այդպես չէ։ 

-Նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարում է, որ Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի։ Ինչպե՞ս է հնարավոր իրականացնել նման արգելափակում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ քայլը տարածաշրջանային «մեծ խաղացողների» հարաբերությունների վրա։

-Ըստ ամենայնի, Ռուսաստանը չի կարող խիստ քննադատել այս նախագիծը, որովհետև այդ նույն նախագիծը մտադիր էր ինքն անել, ու երբ Իրանը խիստ վերաբերեց, պահանջեց Ռուսաստանից, որ հրաժարվի այդ մտքից, Ռուսաստանը մեղմացրեց ու, կարելի է ասել, լռեց։ Դրա համար հիմա Ռուսաստանը խիստ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ։ Հիմա Իրանում արդեն բացահայտ ասում են, որ թուրքերը նպատակամղված են Իրանից պոկել ադրբեջանախոս հատվածը։ Թուրքերի ռազմավարական նպատակը Իրանի մասնատումն է։ 

-Կարո՞ղ է արդյոք «Թրամփի ուղին» դառնալ հարթակ կամ առիթ, որպեսզի ամերիկացիներն ու իրանցիները Հայաստանի տարածքում կամ միջոցով սկսեն երկխոսել իրար հետ։

-Դա ևս չի բացառվում։ Ինչպես Թրամփն էր հայտնել, որ պատրաստվում է Իրանի հետ տնտեսական փոխհարաբերություններ հաստատել և ներդրումներ անել, ապա հնարավոր է, որ Իրանն էլ այդ գործընթացին մասնակցի։ Բայց հարց է առաջանում՝ եթե Իսրայելը դեր ունի այս ճանապարհի մեջ, արդյո՞ք կհամաձայնեն։ Ադրբեջանցիները հայտարարում են, որ Իրանի ճանապարհը չեն փակել, Իրանը կարող է գնալ Երևան, բայց Իրանը ո՞նց է գնալու Երևան Ադրբեջանի տարածքով։ Իրանցիներն ամենաշատը մտահոգված են, որ ճանապարհը կլինի սահմանագծի մոտ։ Եթե մի քիչ ավելի հյուսիս լինի, գուցե այդքան չանհանգստանան։ Նրանք նպատակ ունեն Իրանի հետ սահմանը վերացնել։ 

Լիլիթ Աբրահամյան