Հարցազրույց

Ռուս-վրացական հարաբերություններում միակ խոչընդոտը վրաց ժողովուրդն է. քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Ինչպե՞ս կգնահատեք Մոսկվայի՝ Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման պատրաստակամության հայտարարությունը, հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։

-Պետք է մի փոքր ավելի լայն տեսանկյունից նայել։ Ակնհայտ է, որ արդեն Հայաստանի հետ էական խնդիրներ կան, և Ռուսաստանը չի կարողանում դա հարթել։ Խնդիրներ են առաջացել նաև Ադրբեջանի հետ. Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն ապրում, և տարածաշրջանում միակ կետը, որտեղ դեռևս որոշակիորեն հենման հնարավորություն ունի Ռուսաստանը, Վրաստանն է, առավել ևս, որ Վրաստանի իշխանությունները վերջին 1-2 տարվա ընթացքում բացահայտեցին այն ամբողջ գործընթացը, որն սկսել էին Իվանիշվիլին Վրաստան ուղարկելով։ 

Իվանիշվիլին «դանդաղ գործողության ական էր» Վրաստանի քաղաքական համակարգի համար, որը պետք է թույլ չտար Վրաստանի ամբողջական շրջադարձը դեպի Եվրոպա՝ քայլ առ քայլ համակարգը իր տակ հավաքելու և անհրաժեշտ պահին վճռական գործողություն իրականացնելու միջոցով, ինչը փայլուն կերպով արեց Իվանիշվիլին և նրա ուժը։ Այս պահին, երբ արդեն խաղաքարտերը բացվել են, և պարզ է, որ Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները գործում են Ռուսաստանի հետ սինքրոն՝ տարածաշրջանը ամբողջապես Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելը թույլ չտալու համար։ Արդեն կարելի է այլևս որևէ թաքուն գործունեություն չիրականացնել, այլ գնալ ուղիղ ճանապարհով և հայտարարել, թե Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները ամբողջապես հարթվում են, սկսում են նորից դառնալ բարիդրացիական։ Միակ խոչընդոտը, որ խնդիրներ կարող է ստեղծել, Վրաստանի ժողովուրդն է, բայց, կարծես, կազմակերպվածության պակասը հնարավորություն չի տալիս մարտահրավերին համարժեք պատասխան։

-Ի՞նչ դեր կարող է խաղալ Թբիլիսիի և Մոսկվայի միջև պրագմատիկ համագործակցությունը, հատկապես՝ տնտեսական կամ ռազմավարական բնագավառներում։

-Չեմ կարծում՝ նորություն ասած կլինեմ, եթե նշեմ, որ Վրաստանը այս պահին դառնում է տարածաշրջանի և Արևմուտքի համագործակցության գլխավոր խոչընդոտը, քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է։ Հույսեր կան, որ այսօր տեղի ունենալիք իրադարձություններից հետո հնարավոր է՝ սահմանը բացվի, բայց, միևնույն է, երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու, և գուցե նաև տարիներ, մինչև այդ սահմանը կդառնա այնքան վստահելի՝ ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև՝ այլ գործընկերների համար, որ կարելի կլինի միջազգային ինտեգրացիոն նախագծերում այն ներառել։ Այս առումով, մեր տարածաշրջանի, կոնկրետ՝ Հվ․ Կովկասի և Արևմուտքի կապի գլխավոր ուղղությունը Վրաստանն է, իսկ այդ ուղղությունն իր հսկողության տակ պահելու միջոցով Ռուսաստանը կկարողանա, գոնե՝ ժամանակավորապես, կանխել մեր տարածաշրջանի և Արևմուտքի համագործակցության զարգացումը։

-Ըստ Ձեզ՝ ռուս-վրացական հարաբերություններում ամբողջական կարգավորում կլինի՞, թե՞ ոչ։

- Ննրից նշեմ, որ այստեղ կա մեկ խոչընդոտ՝ Վրաստանի ժողովուրդը, որն իր մեծամասնությամբ դեմ է ռուսամետ քաղաքականությանը և նրան, որ երկիրը դառնա տարածաշրջանի գլխավոր խոչընդոտ։ Ես նշեցի, որ կազմակերպվածության խնդիր կա, բայց դա այնպիսի խնդիր է, որը հնարավոր է լուծել։ Հնարավոր չէ լուծել Հայաստանից, բայց հնարավոր է լուծել Վրաստանի ներսից։ Եթե գտնվեն առողջ ուժեր, նոր դերակատարներ, ովքեր կկարողանան այս գործընթացը համախմբել և տրամաբանական ընթացք տալ, ապա, հնարավոր է, Ռուսաստանը չի կարողանա ամբողջապես իր տակ քաշել Վրաստանը և նրա միջոցով շանտաժի ենթարկել տարածաշրջանի մյուս պետություններին։