Հարցազրույց

Ինտրիգային է, թե ինչքա՞ն է ԱՄՆ-ն համարձակ այս տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերելու. Ջոնի Մելիքյան

Radar Armenia-ի զրուցակիցն է վրացագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։

-Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը «Կովկասի՝ Ռուսաստանի ճիրաններից ազատագրման» սկիզբն է։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող է այս պայմանագիրը իրականում փոխել ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Ի՞նչ մտահոգություններ ունի Սաակաշվիլին։

-Իմ կարծիքով, Սաակաշվիլիին ինչ-որ շատ ենք տեղ հատկացնում մեր հանրային դաշտում։ Նա հակահայկական, պրոադրբեջանական գործիչ է և վերջին տարիներին այդ ամենը հստակ ցույց տվեց։ Սաակաշվիլիի համար ոչ թե խաղաղությունն է այս պարագայում կարևոր, այլ այն, որ Ռուսաստանին է ինչ-որ չափով այդ ամենն անդրադառնում։ 

Վերադառնալով հնարավոր հանդիպմանը և զարգացումներին։ Եթե ստացվում է՝ ինչ-որ մի բան ստորագրել, այդ պարագայում կարող է լինել մեմորանդում, որի մեջ նաև ապաշրջափակման որոշ դրույթներ գրված կլինեն, եթե այդ ամենը չի վերաբերելու իրավասությանը, սուվերենությանը և զուտ ապաշրջափակում է, ապա երկու կոմունիկացիաների հարցի վերաբերյալ ինչ-որ փոփոխություններ տեղի կունենան։ Բաքվի քաղաքականության մեջ հնարավոր են փոփոխություններ, հնարավոր ապաշրջափակումը բերում է նաև նոր տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ։ Նաև արտաքին խաղացողների հետ կարող են նոր կանոններ ձևավորվել, քանի որ նոր իրավիճակում ավելի մրցակցային ու հետաքրքիր վիճակ է ստեղծվում։ 

Եթե ԱՄՆ-ն հետաքրքրությունը շարունակի և փորձի նաև ներդրումների տեսքով այս տարածաշրջանում ի հայտ գալ, տարբեր խաղացողների մրցակցությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս, մեծանալու է։ Իսկ Սաակաշվիլին հակառուսական սև-սպիտակի մեջ է ամեն ինչ նայում։ Մեզ մոտ ևս պետք է այդ մոտեցումներից հրաժարվել և փորձել ամեն ինչին նայել Հայաստանի շահերի տեսանկյունից։ Բոլոր իրավիճակներում էլ կան հնարավորություններ և ռիսկեր, ուստի, ռիսկերը գնահատելով, պետք է գծել կարմիր գծերը և տեսնել՝ վաղվա հանդիպմանը ինչի կհասնենք։ Այստեղ ինտրիգային է, թե ինչքան է ԱՄՆ-ն համարձակ և շահագրգռված այս տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերելու, ներդրումներ ապահովելու հարցում։

-Վերջերս արված գրառմամբ նա նաև նշել էր, որ Փաշինյանը Հայաստանի ներսում իրականացրել է այն, ինչ ինքը Վրաստանում չկարողացավ անել։ Ինչի՞ մասին խոսքը։ Ի՞նչ որոշում է կայացրել Փաշինյանը, որ Սաակաշվիլին սխալվել է՝ չկատարելով։
   
-Ես չեմ ուզում Սաակաշվիլին մեկնաբանել։ Նա այն մարդը չէ, որին պետք է Հայաստանի մեդիա դաշտ բերել։ Սաակաշվիլին մանիպուլյատոր է։ Երբ պետք է, Փաշինյանը լավ է անում, երբ պետք չէ, Ալիևի կողմն է։ Դրա համար շատ հստակ են այդ անձի նկատմամբ վերապահումները։

-Եթե Հայաստանն գնում է դեպի ԵՄ ու Արևմուտք, ինչպես Սաակաշվիլին է ներկայացնում, և Ադրբեջանն էլ խորացնում է կապերը ՆԱՏՕ-ի հետ, ի՞նչ մարտահրավերներ ու հնարավորություններ է սա ստեղծում Վրաստանի համար։

-Մեր տարածաշրջանից հաստատ ոչ մի տեղ չենք գնում, դրանից սկսենք։ Մենք այդ տարածաշրջանի մասն ենք և երբ խորացնում ենք հարաբերությունները, դա չի նշանակում, որ այլ ուղղություններով որևէ բան չենք անում։ Ուստի այստեղ արդեն պետք է հասկանալ՝ ինչ զարգացումներ կլինեն, և դրա ֆոնին որ պետությունն ինչ հնարավորություններ կբերի։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով է Արևմուտքն իր դերը և տեղը տեսնում այս տարածաշրջանում։ Դեռևս ես չեմ տեսնում, որ կա երկարաժամկետ քաղաքականություն։ Երբ կտեսնենք ծրագիր, ներդրումներ լինեն, այդ պարագայում կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Բայց այսօր դեռ արտաքին խաղացողների մրցակցություն է՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, որոնք ունեն իրենց շահերը։ Այսօր նոր ստատուս քվո է փորձում ձևավորվել, բայց թե ինչ տեղի կունենա, կապված է նաև վաղվա հանդիպման արդյունքներից։

Լիլիթ Աբրահամյան