Հարցազրույց

ԱՄՆ ներգրավումը կարող է էապես հավասարակշռել տարածաշրջանում ՌԴ և Թուրքիայի ազդեցությունը

Radar Armenia-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

-Պրն․ Բաբաջանյան, հաստատվեցին տեղեկությունները, որ օգոստոսի 7-8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այցը, ինչո՞ւ է այն կարևոր։ 

- Այս այցը կարող է հայ-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել խորհրդանշական հռետորաբանության ուղեծրից և տեղափոխել ռազմավարական համագործակցության իրական, ինստիտուցիոնալ հարթություն։ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ ձևակերպելու իր արտաքին քաղաքական հեռանկարը։ Այցը կարևոր է նաև նրանով, որ տեղի է ունենում մի փուլում, երբ գլոբալ անվտանգության միջավայրը վերաձևվում է, իսկ Հայաստանը կանգնած է վերադիրքավորման անհրաժեշտության առջև։ Եթե ցանկանում ենք իրական երաշխիքներ՝ անվտանգության, տնտեսական զարգացման և խաղաղության գործընթացում լիարժեք դերակատարման տեսանկյունից, անհրաժեշտ է տարածաշրջանում ակտիվ դերակատարության ձգտող ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների նոր ճարտարապետություն։ Այս այցը հենց այդ գործընթացի մեկնակետն է։

- Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է զարգացնել ռազմավարական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Ի՞նչ գործնական պայմաններ են անհրաժեշտ, որ այդ գործընկերությունը վերածվի իրական համագործակցության։ 

- Ռազմավարական գործընկերությունը քաղաքական հռչակագրերից իրական բովանդակության պետք է վերածվի հստակ չափելի և ինստիտուցիոնալացված համագործակցության միջոցով։ Այդ ուղին պահանջում է մի քանի փոխկապակցված նախապայման։ Նախ, քաղաքական հստակություն։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ ձևակերպի իր արտաքին կողմնորոշման առաջնահերթությունները՝ առանց երկիմաստության, կիսատ որոշումների և իրավիճակային մանևրերի։ Եթե ԱՄՆ-ն պիտի դիտարկի Հայաստանը որպես երկարաժամկետ գործընկեր, պետք է վստահ լինի, որ Հայաստանի ընտրությունն արժեհամակարգային է, ոչ՝ պահի թելադրանքով։ 

Երկրորդ, ինստիտուցիոնալ կարողունակություն։ Համագործակցությունը ենթադրում է համապատասխան կարողություններ՝ թե պետական կառավարման, թե ռազմաքաղաքական պլանավորման, թե տեխնիկական շփման մակարդակներում։ Առանց այդ բազայի ամրապնդման՝ գործընկերությունը կմնա հայտարարությունների մակարդակում։ 

Երրորդ, քաղաքական վստահություն և կանխատեսելիություն։ ԱՄՆ-ն կարող է գործընկեր դիտարկել այն պետությանը, որը կայուն ներքաղաքական հիմք ունի, ունի պատասխանատվություն ստանձնած կառավարություն և հանրային վստահության շրջանակում է կառուցում արտաքին քաղաքականությունը։ Հետևաբար, ներքաղաքական լեգիտիմությունը դառնում է արտաքին գործընկերության կայունության մի մաս։ 

Չորրորդ, շահերի համադրման քաղաքական ճարտարապետություն։ Հայաստանը պետք է կարողանա ձևակերպել համագործակցության այնպիսի օրակարգ, որը կծառայի ոչ միայն սեփական շահերին, այլև կհամապատասխանի ԱՄՆ շահերի տրամաբանությանը, հատկապես՝ տարանցիկ ենթակառուցվածքների, էներգետիկ անվտանգության, սահմանային կայունության և ժողովրդավարական զարգացումների շրջանակում։ 

Եվ հինգերորդ, արագ արձագանքման և երկարաժամկետ պարտավորության համադրվածություն։ Ընդունելի չէ գործընկերություն կառուցել միայն ճգնաժամերի պահերին։ Ռազմավարական համագործակցությունը պահանջում է շարունակականություն, մեխանիզմներ և փոխվստահություն՝ անկախ ներպետական մարտահրավերներից։

-Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունները նորություն են երկու երկրների համար։ Ի՞նչ նախադրյալներ կան այսօր, որ այն դառնա կայուն և գործնական։ 

-Նախադրյալները, միաժամանակ, արտաքին և ներքին են։ Արտաքին տեսանկյունից՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական խարտիան հիմք է տալիս համագործակցությունն ինստիտուցիոնալացնել անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, թվային անցման և դատաիրավական ոլորտներում։ Ներքին տեսանկյունից՝ Հայաստանի իշխանությունները առաջին անգամ ունեն մանդատ՝ արևմտյան ինտեգրման քաղաքական գիծ իրականացնելու։ Այս այցը կարող է վերածվել հստակ պայմանավորվածությունների՝ ռազմական տեխնոլոգիաների մատակարարման, պաշտպանական պատրաստության ծրագրերի կամ ամերիկյան կապիտալի ներգրավման շուրջ

- Ի՞նչ լծակներ ունի ԱՄՆ-ն այս պահին և ինչպե՞ս կարող է դրանք օգտագործել՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի։ 

- ԱՄՆ-ն միակ գերտերությունն է, որն ունի թե՛ տարածաշրջանային ազդեցության լծակներ, թե՛ քաղաքական ճնշման իրական ներուժ։ Այս հանդիպման պարագայում, ԱՄՆ-ն ոչ միայն տրամադրում է քաղաքական հովանի, այլև՝ բանակցային մթնոլորտ, զերծ ռուս-թուրքական ազդեցություններից։ Թրամփի վարչակազմի գործարքակենտրոն մոտեցումը կարող է Հայաստանի համար վերածվել առավելության, եթե հայաստանյան կողմը հստակորեն մատնանշի իր կարմիր գծերը, վերածի դրանք հաշվարկելի պահանջների և ձևակերպի փոխշահավետ առաջարկ, օրինակ, միջանցքի հարցում իր վերահսկողությունը պահպանելու պայմանով։ 

-Խաղաղության գործընթացը տարողունակ ու բարդ է։ Ի՞նչ դեր կարող է խաղալ ԱՄՆ-ն՝ որպես արբիտր։

-ԱՄՆ-ն, որպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի արբիտր, կարող է կարևոր դեր խաղալ՝ շնորհիվ իր դիվանագիտական, տնտեսական և ռազմական ազդեցության, սակայն նրա արդյունավետությունը կախված է անաչառության, Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների և Ռուսաստանի ու Թուրքիայի մրցակցային ազդեցության կառավարումից: ԱՄՆ-ն ահռելի փորձ ունի հակամարտության կարգավորման գործում։ Փաշինյան-Ալիև-Թրամփ առաջիկա հանդիպումը կարող է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումն՝ օգտագործելով Թրամփի տրանզակցիոն մոտեցումը: ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ փոխզիջումների գնալու համար: Տնտեսական առումով, ԱՄՆ-ն կարող է Հայաստանին առաջարկել ներդրումներ տեխնոլոգիայի և էներգետիկայի ոլորտներում՝ նվազեցնելով Ռուսաստանից կախվածությունը, իսկ Ադրբեջանին գրավել էներգետիկ նախագծերով: Անվտանգային առումով, ԱՄՆ-ն կարող է Հայաստանին տրամադրել ռազմական օգնություն կամ վարժանքներ՝ հակակշռելու Ադրբեջանի գերակայությանը: ԱՄՆ-ի ներգրավումը կարող է էապես հավասարակշռել տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը: ԱՄՆ-ի հաջողությունը կախված է անաչառ միջնորդությունից, Հայաստանի ինքնիշխանության երաշխիքներից և Ռուսաստանի խանգարող գործողությունների կանխումից: Հայաստանը պետք է պնդի իր կարմիր գծերը և խուսափի Ռուսաստանի հետ բացահայտ առճակատումից: ԱՄՆ-ի անաչառ և ակտիվ միջնորդությունը կարող է ապահովել խաղաղություն՝ ծառայելով Հայաստանի երկարաժամկետ անվտանգությանն ու կայունությանը:

-Հաշվի առնելով Ռուսաստանի զգայուն դիրքը տարածաշրջանում, որքանո՞վ է Հայաստանի համար իրատեսական կառավարել ամերիկյան ակտիվացումը՝ առանց բաց առճակատման։ 

-Ռուսաստանը վաղուց է առճակատման ուղեծրում, պարզապես Հայաստանը դեռ չէր ընդունում այդ իրողությունը։ Խնդիրը առճակատումը չէ, այլ՝ կառավարվող անցումը դեպի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որտեղ Ռուսաստանն այլևս չունի մենաշնորհ։ Այս փուլում Հայաստանի խնդիրն է՝ ցույց տալ, որ իր սուվերեն որոշումները փոխարինում են կախվածության ինստիտուցիոնալ մեխանիզմները։ Այստեղ ռազմավարական հանդուրժողականություն է պետք՝ քայլ առ քայլ նվազեցնելով կախվածությունը, հատկապես՝ էներգետիկ, ռազմական և տեղեկատվական ոլորտներում։ 

- Եռակողմ բանակցությունների արդյունքները կարող են ներքաղաքական նոր դիմակայության առարկա դառնալ։ Ինչպե՞ս ապահովել հանրային ըմբռնում և ներքին կայունություն։ 

- Բանակցային գործընթացում հանրության նկատմամբ բաց և հստակ հաղորդակցությունը ոչ թե ձևական պահանջ է, այլ քաղաքական կայունության նախապայման։ Հանրային ընկալումները ձևավորվում են վստահությամբ, տեղեկատվության ամբողջական տրամադրմամբ և կարմիր գծերի շուրջ հստակ քաղաքական հայտարարություններով։ Եթե հասարակությունը տեսնի, որ որոշումները հիմնված են հաշվարկի, ոչ թե՝ հարկադրանքի վրա, կհասկանա՝ փոխզիջումը պարտություն չէ, այլ ռացիոնալ ընտրություն՝ հանուն խաղաղության և զարգացման։ 

- Թրամփի վարչակազմը հայտնի է իր անկանխատեսելիությամբ։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը կառավարել նման պայմաններում ռազմավարական հարաբերություն ձևավորելու ռիսկերը։ 

- ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համակարգը կառուցված է ինստիտուցիոնալ հակակշիռների վրա, հետևաբար, նույնիսկ անկանխատեսելի նախագահական վարչակազմի պարագայում գոյություն ունեն քաղաքականության կայունացման մեխանիզմներ։ Հայաստանը պետք է աշխատի ոչ միայն Թրամփի վարչակազմի հետ, այլև՝ Կոնգրեսի, Պետդեպարտամենտի, Պենտագոնի, փորձագիտական հանրության և ամերիկյան հասարակության հետ։ Այդ բազմաշերտ ներգրավվածությունն է, որ կարող է ապահովել Հայաստանի և Միացյալ նահանգների միջև հարաբերությունների կայունությունն՝ անկախ վարչակազմի նախասիրություններից։