Հարցազրույց

Այն, ինչ ստորագրվելու է, չի լինի պայմանագիր. քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցն է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։

-Որո՞նք կլինեն Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպման հիմնական օրակարգային հարցերը՝ հատկապես հաշվի առնելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը։

-Մեծ նորություն հաստատ չի լինի։ Ենթադրում եմ՝ կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր, հաշվի առնելով Թրամփի հետաքրքրվածությունը տնտեսական նախագծերով։ Չեմ բացառում, որ առաջին հերթին դա կարող է վերաբերել նոր ատոմակայանի կառուցմանը և այնտեղ ամերիկյան ընկերությունների մասնակցությանը, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության մեջ ամերիկյան կապիտալի ներգրավմանը։ Սա՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, և, իհարկե, նաև հայ-ադրբեջանական հարաբերություններ, խաղաղության հեռանկարներ, ճանապարհների բացում։

-Կարո՞ղ ենք սա համարել դիվանագիտական շրջադարձ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ դեպի Արևմուտք։

-Նման հայտարարություններ շատ կան, բայց իրականությունը մի փոքր ավելի բարդ է։ Նույն ԵՄ-ի հետ ամեն ինչ շարունակում է հենված մնալ 2017թ․ ստորագրված համաձայնագրի վրա։ Փոփոխություն կլիներ, եթե, օրինակ, մենք ԵՄ հետ ստորագրեինք ասոցացման համաձայնագիր կամ պաշտոնապես դիմեինք և հայտարարեինք, որ սկսում ենք անդամակցության գործընթաց։ Իսկ Միացյալ Նահանգների հետ 2019-ից սկսվեց ռազմավարական երկխոսություն, և 2025-ի հունվարին՝ նախորդ վարչակազմի իշխանության վերջին օրերին, ստորագրվեց նաև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը։ Բայց ասել, որ մեծ թռիչք կա Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում՝ ոչ։ Հետևաբար, Արևմուտքի հետ կա հարաբերությունների խորացում, բայց ասել, որ Հայաստանը գնում է Արևմուտք, կատարում է շրջադարձ, չէի շտապի։

-Ի՞նչ ակնկալիքներ ունենալ եռակողմ հանդիպումից, ինչու՞ պետք է փոխըմբռնման հուշագիր ստորագրվի, եթե իրենք պայմանագիրը համաձայնեցրել են։

-Նախ, վստահ չեմ՝ փաստաթուղթը ինչ է կոչվելու՝ փոխըմբռնման հուշագի՞ր, թե՞ խաղաղության պայմանագիր։ Ամեն դեպքում, այն, ինչ ստորագրվելու է, չի լինելու պայմանագիր, չի ենթադրելու պարտադիր իրավական ուժ, վավերացում խորհրդարաններում, այլ լինելու է քաղաքական հայտարարություն։ Հիմա ո՞րն է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը։ Ինձ թվում է՝ մի քանի գործոն կա։ Առաջինը, Թրամփի հակվածությունն՝ ապացուցել ինքն իրեն և աշխարհին, որ հաջողակ նախագահ է և բերում է խաղաղություն։ Երկրորդ գործոնը Իրանն է։ Իրանը սահմանակից է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, և հասկանալի է, որ եթե ամերիկացիները կարողանում են Հայաստանում ինչ-որ ներկայացվածություն ապահովել, դա ավելի կթուլացնի Իրանի դիրքերը Հարավային Կովկասում։ Երրորդ, Ռուսաստանի հետ շատ բարդ հարաբերությունները։ Սկզբում Թրամփը փորձում էր Ռուսաստանի հետ պայմանավորվել և ուկրաինական պատերազմը դադարեցնել՝ շարունակելով բանակցությունները, բայց Ռուսաստանը այդ առաջարկը մերժեց, և դա բերեց նրան, որ Թրամփի հույսերը չեն իրականանում։ Իսկ բոլորն են հասկանում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում էական խաղացող է և համարվում է թե՛ անվտանգության երաշխավոր, թե՛ հակամարտությունների լուծման հիմնական միջնորդ։ Այսինքն, երրորդ գործոնը նպաստում է, որ ԱՄՆ-ն ակտիվանա մեր տարածաշրջանում։

-Իսկ ինչպե՞ս հասկանալ Ռուսաստանի լռությունն այս հանդիպման վերաբերյալ։ Դա կապ ունի՞ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆֆի՝ ՌԴ այցի հետ։

-Ինձ թվում է՝ հիմա Ռուսաստանը ունի մեկ խնդիր, որը համարում է էքզիստենցիալ – Արևմուտքի հետ պրոքսի պատերազմն Ուկրաինայի տարածքում։ Ոչ ոք Ռուսաստանում այն չի համարում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, այլ պատերազմ Արևմուտքի դեմ, որը մղվում է Ուկրաինայի տարածքում։ Այս պայմաններում պարզ է, որ գրեթե բոլոր ռեսուրսները ուղղված են այդ Արևմուտքի հետ պատերազմին, այդ թվում՝ նաև Նահանգների հետ։ Ուստի չեմ կարծում, որ այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, ռուսների համար կենսական նշանակություն ունի։ Չեմ կարծում՝ Ռուսաստանը ռեալ լծակներ ունի, որ թույլ չտա՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնվեն Վաշինգտոնում։ Ավելի ճիշտ, Ռուսաստանը չի ցանկանում շատ ռեսուրսներ կենտրոնացնել այդ զարգացումը կանխելու համար, քանի որ դրանք իրեն պետք են շատ ավելի կարևոր տարածաշրջանում։

Լիլիթ Աբրահամյան