Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Նորայր Դունամալյանը։
-Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, իրավացիորեն է հայտարարում Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է սա նշանակում։
-Առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություններ են հնչում, իսկ վերջին շրջանում՝ Զանգեզուրի միջանցքի հարցը բարձրացվում։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլուն դրա մասին արդեն մի քանի անգամ խոսել է անցած և նախանցած տարիներին, սակայն այսօր թեման ավելի ակտուալ է դարձել այն իմաստով, որ արտապատվիրակություն պիտի լինի։ Այսինքն, ԱՄՆ-ի միջնորդությամբ Զանգեզուրի միջանցքը պետք է շահագործվի, և այդ տեսանկյունից, այո, ավելի շատ են նման հայտարարությունները։ Չնայած՝ շահարկումներ են, քան կոնկրետ խոսակցություն այն պլանների և ընդհանուր թեմայի մասին, թե ինչպիսին պետք է լինի այդ միջանցքը, ով է կառավարելու, ինչ միջոցներով և այլն։ Նաև, որոշ իմաստով փորձում են Հայաստանի ներսում հանրային կարծիք ձևավորել այս թեմայի շուրջ՝ դարձնելով այն ավելի ընդունելի։
-Դիվանագետը նշում է, որ «միջանցքի բացման ժամանակն ու պայմանները կախված են երկու կողմերի համաձայնությունից»։ Կգա՞ն կողմերը համաձայնության, թե՞ ոչ։
-Շատ դժվար է ասել, քանի որ մի կողմից դա ուղղակի դիվանագիտական ձևակերպում է, որ երկու կողմն էլ պետք է գան որոշ համաձայնության, մյուս կողմից և՛ թուրքական, և՛ ադրբեջանական կողմերը ճնշում են գործադրում հայկական կողմի նկատմամբ, որպեսզի վերջինս գնա զիջումների։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ մոտեցումները շատ են տարբերվում. հայկական կողմը խոսում է ինքնիշխանության մասին, խոսում է երրորդ ուժերի մասին (օրինակ, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի) ավելի բացասական իմաստով։ Ադրբեջանական կողմն ասում է՝ ոչ, մեզ պետք է անկախ միջանցք, այսինքն, իրենց կամ Թուրքիայի վերահսկողության տակ, որտեղ հայկական կողմը չի ունենա մեծ հնարավորություններ։
-Թուրքիայի դեսպանի՝ «թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար» ձևակերպումը իրագործվելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
-Պետք է ասել, որ ընդհանրապես միջանցքի բացումը՝ այդ 42 կամ 45 կմ-անոց հատվածը, Հայաստանին որևէ բան չի տա։ Գուցե տրանզիտի համար գումարներ տրվեն, բայց, աշխարհաքաղաքական տեսանկյունից, Հայաստանը չի դառնա տրանզիտային երկիր։ Այսինքն, ամբողջ Հարավային Կովկասի համակարգը պետք է գործի, ապաշրջափակումն էլ լինի համալիր։ Եթե այդպիսի բան չի լինում, Հայաստանը ուղղակի այդ ճանապարհի մաս անգամ չի կազմի և որոշ իմաստով ուղղակի ճանապարհի կողքն է լինելու։ Իսկ Թուրքիան կստանա ուղիղ կապ Կենտրոնական Ասիայի հետ, և ճնշումը ավելի մեծ կդառնա, օրինակ, Իրանի վրա, որովհետև Իրանի միջոցով կապը Կենտրոնական Ասիայի հետ ավելի հեշտ է լինելու։ Մյուսը Կասպից ծովով է, որը պետք է լինի այդ կապը, և այն ավելի թանկ է։ Եթե Թուրքիան կարողանա միջանցքը ապահովել Հայաստանի միջոցով, ապա այդ Հյուսիս-Հարավի մասերը, որոնք պետք է ծառայեին մյուս նախագծին, կմտնեն այս նախագծի մեջ, որը կոչվում է Միջին միջանցք։ Այստեղ կարևորը ոչ թե այն է՝ ինչպես է երկաթուղին անցնելու, այլ՝ ով է գումար տալու, ով է օգտագործելու և ինչ նպատակներով։ Ըստ դրա, Թուրքիան, այո, այդ պլանն ունի, բայց միայնակ իրագործելը բավականին դժվար է։ Նա պետք է ունենա Արևմուտքի, տարածաշրջանային երկրների, օրինակ, նույն Ադրբեջանի կամ, նույնիսկ, Հայաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների աջակցությունը, և Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է դուրս մղելու Ռուսաստանին տարածաշրջանից։
Լիլիթ Աբրահամյան