Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
-Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները վերջերս Ալպերում հանդիպում են կազմակերպել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին փոխարինելու հարցը քննարկելու համար, որին ներկա են եղել նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։ Որքանո՞վ է սա իրագործելի, ինչո՞ւ են այդ քայլին գնում։
-Շատ բարդ է ասել՝ որքանով է իրագործելի, որովհետև, մի կողմից, եթե Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան դնեն այդպիսի խնդիր, կհասնեն դրան, բայց, մյուս կողմից, շատ հարցերում վճռորոշ է լինելու Ուկրաինայի ներսում առկա վիճակը և այլ դերակատարների մոտեցումները։ Այսինքն, Բրիտանիան և Միացյալ Նահանգները եթե դիտարկում են Վալերի Զալուժնիի թեկնածությունը, ի՞նչ են մտածում Եվրոպայում։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ այս տեղեկությունը ավելի շատ արտացոլում է այն, որ, այդուհանդերձ, Զելենսկուն փոխարինելու օրակարգն ավելի ակտիվ քննարկումների է արժանանում։ Իհարկե, մոտեցումները և հնարավորությունները կարող են տարբեր լինել, բայց հարցն ավելի է ակտիվանում։ Սակայն խնդիրը նաև հետևյալն է. երբ դրվում է Զելենսկուն փոխարինելու հարցը, ենթադրվում է, որ նա ինչ-որ բաներ չի անում։ Իսկ ո՞վ է անելու այն, ինչ ակնկալվում է Զելենսկու, ենթադրաբար Ռուսաստանի հետ, համաձայնությունների մասով։ Զելենսկու որևէ փոխարինող որքանո՞վ է գործունակ լինելու հենց այդ նպատակների առնչությամբ։
Եթե դիտարկում ենք հրադադարի հնարավորությունը, անկասկած է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ընդունի Ռուսաստանի բոլոր պահանջները։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում՝ Ուկրաինայում կա՞ որևէ քաղաքական ղեկավար կամ թեկնածու, որը կգնա այդպիսի քայլի։
-Քանի որ նաև Ուկրաինայի ներկայացուցիչներն են մասնակցել, կարելի՞ է ասել, որ նրանք դեմ չեն նման փոփոխության։
-Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Ուկրաինայում իշխանությունը մոնոլիտ չէ, և միշտ էլ կգտնվեն տարբեր շահառու խմբեր։ Երբ մեկին հնարավոր է այս կերպ շահագրգռել, ի վերջո, կլինեն նաև տարբեր խմբեր, որոնք կարող են իրենց հարց տալ՝ իսկ ի՞նչ են անելու իրենք Զելենսկու հետ կամ առանց Զելենսկու։ Ենթադրենք, Զելենսկին չկա, ի՞նչ են անելու իրենք։ Ես կարծում եմ՝ Ուկրաինայի ներսում այդ հարցը շատերն են իրենց տալիս, և, հետևաբար, այդ պայմաններում հնարավոր է, որ շատերը այս կամ այն կերպ մասնակցեն քննարկումներին։ Չեմ բացառում անգամ, որ ինքը՝ Զելենսկին, կարող է ինչ-որ կերպ ներգրավված լինել տվյալ հարցերում՝ անձնական անվտանգության հանգամանքները դնելով սեղանին։ Ամենևին չեմ բացառում, որ ինքն էլ է պատրաստ հեռանալ, եթե իր անվտանգությունն կապահովվի հստակ երաշխիքներով։
-Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Զելենսկու հնարավոր փոխարինումը պատերազմի ընթացքի և Ուկրաինայի ներքին կայունության վրա։
-Կարծում եմ՝ եթե Ուկրաինան ընդունի Ռուսաստանի առաջադրած հրադադարի պայմանները, պատերազմը կանգնեցնելը հնարավոր է։ Եթե ոչ, Ուկրաինայում կարող է փոխվել իշխանություն, բայց դա ամենևին չի կանգնեցնի պատերազմը։ Այս դեպքում տեսնում ենք, որ Ռուսաստանը պատերազմը շարունակելու և իր նպատակներին հասնելու հաստատակամությունը պարբերաբար կրկնում է։ Հիմա՝ այս պարագայում, կամ Ուկրաինան պետք է ընդունի Ռուսաստանի առաջադրած պայմանները, կամ ինչ-որ բան արդեն պետք է շրջադարձային կերպով փոխվի Ռուսաստանում։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Միայն Ուկրաինայում իշխանություն փոխելը դեռ ոչ մի սկզբունքային փոփոխության երաշխիք չէ։ Կարևոր է, թե որևէ մեկը Ուկրաինայում, որպես նոր իշխանություն, ինչն է պատրաստ այլ կերպ անել, քան Զելենսկին։
Լիլիթ Աբրահամյան