Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը
-ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը երթուղիների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Ի՞նչ նախադրյալներ եք տեսնում։ Ադրբեջանը թույլ տվեց, որ, որպես երրորդ կողմ, ԱՄՆ-ն միջնորդի, բայց նաև մերժեց։ Ադրբեջանը խնդիրներ կունենա՞ ամերիկյան միջնորդությունը ձախողելու համար։
-Իրավիճակը պետք է ավելի ճշգրիտ գնահատել։ Այս պահին Միացյալ Նահանգների ներգրավվածությունը առավելապես կապուղիների ապաշրջափակման և, հատկապես, Հայաստանի հետ առանձին պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացում է՝ Սյունիքի հատվածում որոշակի ներգրավվածություն կամ մասնակցություն ունենալու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, այն երկկողմ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և Միացյալ Նահանգները պարզապես Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության համատեքստում փորձում է ինչ-որ օգուտներ ստանալ՝ այդ գործընթացը խթանելով, բայց կոնկրետ ներգրավվածություն այս պահին չունի։ Մենք գիտենք, որ այս պահին Սյունիքի վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկի մասով, հատկապես՝ վարձակալության հետ կապված, կա խնդիր, որը հակասում է ապաշրջափակման գործընթացում Հայաստանի հայտարարած չորս սկզբունքներին՝ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, իրավազորությանը և փոխադարձությանը։ Այս պահին վարձակալության առաջարկը մերժվել է, բայց կարծում եմ, որ դեռևս բանակցություններ տեղի կունենան, քանի որ, իմ գնահատմամբ, ԱՄՆ-ի գործող վարչակազմը ունի որոշակի հետաքրքրություններ թե՛ մեր տարածաշրջանի, թե՛, հատկապես, ապաշրջափակման գործընթացի մասով։ Վերջնարդյունքի մասին չեմ կարող ասել, բայց այժմ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ապաշրջափակման գործընթացում է, իսկ Ադրբեջանը մերժել է իր տարածքում Միացյալ Նահանգների ներգրավման հնարավորությունը։ Ադրբեջանը մերժել է, և հիմա բանակցությունները կամ ողջ գործընթացը, շփումները ընթանում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Այսինքն, սրանով իսկ ամերիկյան ներգրավվածության պատասխանատվությունը թողնվեց Հայաստանի վրա, իսկ Ադրբեջանը չի ցանկանում որևէ խնդիրներ ստեղծել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։
-ՌԴ-ն պասիվ է, փոխարենը Իրանը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը արտատարածաշրջանային ուժերի ներգրավման դեմ։ Իրանը կկարողանա՞ լուրջ խոչընդոտներ առաջացնել։
-Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Իրանին, միանշանակ է, որ ապաշրջափակման նման մոդելը, այսինքն, Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ, որևէ կերպ չի կարող բխել երկու խաղացողների շահերից, և այս խնդիրը աշխարհաքաղաքական կարևորության հարց է։ Ռուսաստանը, օրինակ, տարիներ շարունակ պայքարում էր, որ «Նոյեմբերի 9»-ով տեղի ունենա ապաշրջափակում, որտեղ իրեն որոշակի դերակատարում է վերապահված։ Այժմ Ռուսաստանը, խրված լինելով ուկրաինական պատերազմում, ցանկություն չունենալով միլիմետր անգամ շեղվել այս խնդրից, փորձում է որևէ քայլ իրականացնել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չեզոքացնելու նպատակով։ Սակայն այս համատեքստում տեսնում ենք նաև Իրանի ակտիվությունը, և, իմ գնահատմամբ, ակտիվացումը որոշակիորեն պայմանավորված է նաև Ռուսաստանի հետ դերաբաշխմամբ առ այն, որ Իրանն է լինելու հիմնական տարածաշրջանային դերակատարը, որը փորձելու է հակազդել կամ սահմանափակել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը։ Սրանով է նաև պայմանավորված Իրանի հնչեցրած թե՛ նախկին, թե՛ նոր թեզերը։ Նախկին թեզը, որ եթե ապաշրջափակում է տեղի ունենալու, պետք է լինի առանց պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու և միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու, խիստ համահունչ էր հայկական կողմի հիմնական սկզբունքների հետ։ Նշեմ, որ ներկայումս իրանական կողմի հայտարարություններում նկատվում է նաև արտատարածաշրջանային դերակատարի, հատկապես՝ Միացյալ Նահանգների ներգրավվածության հարցի խնդրահարույց լինելը, որը պայմանավորված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լարվածությամբ։ Կկարողանա չեզոքացնել, թե ոչ, դժվար է ասել, բայց Իրանը այս պահին խնդիր ունի որևէ կերպ բացառելու ապաշրջափակման գործընթացը, որը իր շահերից չի բխում։