Հարցազրույց

Թրամփի տված ժամկետից հետո գուցե Չինաստանը միջամտի․ Դալլաքյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն է։

- Հայտարարվեց, որ ադրբեջանական գազը հասնելու է Ուկրաինա։ Սա ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։

- Նախ հարց է՝ արդյոք այդ գազը ադրբեջանակա՞ն է։ Դեռևս Ադրբեջանից Եվրոպա գազ արտահանելու ժամանակ է այս հարցը բարձրաձայնվել։ Եվրապառլամենտում բանաձև կա, որ Ադրբեջանը ռուսական սանկցիոն գազ է արտահանում։ Սակայն էականն այն է, որ դրանից ԵՄ-ն չի դարձել պրոադրբեջանական, Հայաստանին չի մղել ինչ-որ զիջումների։ Պետք է նորմալ նայել, որ Եվրոպան իր էներգետիկ անվտանգությունից ելնելով՝ գազ է ներկրում։ Ամեն դեպքում սա գազ է, զենք չէ, որը ՌԴ-ն էր վաճառում Ադրբեջանին։ Կարծում եմ՝ շատ են ուռճացնում, թե Ադրբեջանը կդառնա շատ կարևոր։ Արդեն երեք տարի է՝ ձգվում է ռուս-ուկրաինական պատերազմը, բայց այս ընթացքում եվրադիտորդներն Հայաստան-Ադրբեջան սահմանին մեր անվտանգությունն ապահովելու հարցում են օգնում, ինչը հենց իշխանությունն է պնդում։ ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են նաև, որ առանց արևմտյան միջնորդության՝ Ադրբեջանը կհարձակվեր, ուժով միջանցք կբացեր։ Իհարկե, պետք է ընդգծել, որ Արևմուտքի համար տարածաշրջանն ամբողջության մեջ է հետաքրքիր՝ բոլոր երկրները միասին։

- Ի՞նչ հեռանկար է նշմարվում Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների, հակամարտության հանգուցալուծման համար։

- Ձախողված էին այս բանակցությունները, նույնիսկ նախորդից ավելի։ Համաձայնության չեկան անգամ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում։ Երկու կողմերը չունեն որևէ ընդհանուր կետ։ Պուտինը Ուկրաինայի կապիտուլացիան է պահանջում, որ նա իր շրջանները նվիրի ՌԴ-ին, չունենա բանակ, չզինվի։ Զելենսկին ուզում է Պուտինի հետ հանդիպել, Պուտինը՝ Թրամփի, և այսպես հատման կետ չկա։ Առաջընթաց կլինի, եթե ԱՄՆ-ն սկսի լավ զինել Ուկրաինային, ճնշումներ գործադրի ՌԴ-ի վրա, եթե Ուկրաինան ռազմաճակատում իրավիճակը կարողանա հօգուտ իրեն փոխել։ Դա հնարավոր է հասկանալ ավելի ուշ, գուցե աշնանը, իսկ մինչ այդ թեժ կլինի ռազմաճակատում։ ԱՄՆ-ն այն երկիրն է, որ կարող է ազդել իրավիճակի վրա, փոխել այն։ Մանավանդ որ ՌԴ-ն այնքան հզորություն չունի, որ իր ցանկալի հաջողությանը հասնի։ Եթե ներուժ ունենար, հիմա հասել էր։ Գիտենք, որ Ռուբիոն հայտարարել է՝ իբր Թրամփի համբերության բաժակը լցվել է, նա հիասթափվել է Պուտինից, բայց թե որքան լուրջ է հիասթափվել, կերևա 50 կամ նոր ժամկետով՝ 10-12 օր հետո, երբ կլրանա հրադադարի համար Պուտինին տված ժամանակը։ Բայց արդեն շատ հավանական է, որ Չինաստանը սկսի միջամտել՝ առաջարկելով իր հետ բանակցել։ Ցավոք, այս պայմաններում պատերազմը դեռ կշարունակվի։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։

- Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների ապաշրջափակման թեման բավականին ակտիվացել է։ Սա փակուղուց դուրս գալու հույս ներշնչո՞ւմ է։

- Նախ՝ ինձ համար տարօրինակ է Փաշինյանի պահվածքը։ Նա մերժեց ամերիկյան առաջարկը Մոսկվա գնալու ֆոնին։ Հուսանք՝ սա կապված չէ ՌԴ-ի և նրա ճնշումների հետ։ Որ ասում են՝ Հայաստանը հեռացել է ՌԴ-ից, ճիշտ չէ․ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառության ավելացումը՝ ավելի ենք մոտեցել տնտեսապես։ ՌԴ-ն շատ լծակներ ունի մեզ ճնշելու։ Տեսնում ենք՝ Մոսկվան պարբերաբար տնտեսական խնդիրներ է ստեղծում հայ արտահանողների համար, օրինակ՝ ծիրան, ծաղիկ արտահանողների։ Ինձ համար անհասկանալի է՝ մինչև ՌԴ այցը կառավարությունը չհաստատեց, որ եղել է ամերիկյան վարձակալության առաջարկ, հետո ասուլիսի ժամանակ վարչապետը ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման մասին խոսելիս որպես դրական օրինակ նշեց «Զվարթնոցի» ծառայությունների կառավարումը։ Հետո ասացին՝ ինքնիշխանության զիջում էր, մերժեցին։ Այս ամենը տարօրինակ է, և հայկական կողմը պետք է հստակ ասի՝ ինչ է առաջարկել ԱՄՆ-ն, մենք ինչ առաջարկ ենք արել։ Միայն «վարձակալություն» բառով չի հասկացվում, որովհետև ՀՀ օրենքը թույլ չի տալիս վարձակալել մեր հողերը 100 տարի ժամկետով։ Երկրորդը՝ ինչու էր վարչապետը խոսում ճանապարհի կոնցեսիոն վերահսկողության մասին։ Անկախ երկու երկրների մերժումից՝ ԱՄՆ-ն դուրս չի եկել բանակցություններից, հակառակը՝ նորից հայտարարել է, որ կշարունակի փորձերը։ Իշխանությունը պետք է ճիշտ աշխատի ԱՄՆ-ի հետ, հասկանա՝ ինչ երաշխիքներ ենք ստանալու ինչ-որ բանի դիմաց։ Մեր ճկունությունից շատ բան է կախված։

Թամարա Ղազարյան