Հարցազրույց

ՌԴ-ի մեկուսացման աշխարհաքաղաքականությունը շարունակվում է. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Ստամբուլում տեղի ունցան ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ինչպես եք մեկնաբանում դրանց արդյունքները։

– Որևէ բեկումնային պահ չպետք է ակնկալել ռուս-ուկրաինական բանակցություններից։ Դիակների փոխանակման նախահամաձայնության մասին է խոսքը։ Հրադադար դեռևս տեսանելի չէ։ Գետնի վրա գրանցվող իրադարձությունները այլ բան են հուշում։ Էսկալացիայի միտումներն ակնհայտ են։

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը 50 օր էր տվել խաղաղության հարցում համաձայնության գալու համար, արդյո՞ք այս բանակցությունները լավատեսություն են նշմարում։

– Չեմ կարծում, որ ժամկետը կփոխի դեպքերի ընթացքը։ Ճնշումներն ու միջոցառումները կշատանան։ Միջազգային ընտանիքը կգնա նոր պատժամիջոցների։ Ռուսաստանի Դաշնության մեկուսացման աշխարհաքաղաքականությունը նոր թափ է հավաքում։

– Կխնդրեի անդրադառնալ նաև Իրան–ԵՄ անդամ երկրների բանակցություններին. արդյո՞ք իրավիճակը կլիցքաթափվի, թե՝ ընդհակառակը։

– Ընդամենը կանգառ է։ Կլիցքաթափի այն առումով, որ պատերազմ չի բռնկվի։ Դա չի նշանակում, որ հարցերը արագ կլուծվեն։ Փուլային, պայմանական գործընթաց է։ ԵՄ-ն խաղում է ԱՄՆ-ի պատվերով և նրա թելադրած կանոններով։ Բուն բանակցությունը կամ համաձայնությունը լինելու է Վաշինգտոն–Թեհրան գծի վրա։

– Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Պաղեստինի պետությունը ճանաչելու մտադրության մասին, ինչին հետևել է ԱՄՆ պետքարտուղարի քննադատական արձագանքը։ Ի՞նչ էր սա նշանակում։ Արդյո՞ք Ֆրանսիան իսկապես կգնա այդ քայլին, թե՝ սա ընդամենը փորձ էր տրամադրություններ շոշափելու։

– Եթե նկատենք Պաղեստինի պետությունը ճանաչող երկրների ցանկը, այն տպավորություն է, որ ԱՄՆ մի կողմից թույլատրում է ճանաչման գործընթացի կայացումը, մյուս կողմից՝ դրա դեմ է արտահայտվում։ Այստեղ քննադատությունը ավելի թատերական է, քան ըստ էության։ Մակրոնն էլ ունի հրեական ազդեցության խնդիր հենց Ֆրանսիայում, ինչպես Թրամփը՝ ԱՄՆ-ում։ Բայց սա ընդհանուր միտում է, որ գնում է դեպի «երկու պետություն» բանաձև։

– Կխնդրեի անդրադառնալ նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին. հայտնի է, ԱՄՆ նախագահը լավատեսական էր արտահայտվել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման մասին։ Արդյո՞ք կա լավատեսության հիմք՝ հաշվի առնելով Բաքվից հնչող հայտարարությունները։

– Թրամփի խանդավառությունը ունի քարոզչական բնույթ և կապվում է ռուսական գործոնի փոխարինման մասին տարածաշրջանում։ Լավատեսության ուղերձը սրանով է պայմանավորված։ Մնացյալը՝ կարգավորում, խաղաղություն՝ երկրորդական նշանակություն ունեն։ Հիմնականը ռուսական ազդեցության գոտու վերափոխումն է։

– Եվ քանի որ կրկին խոսակցությունները Սյունիքով անցնող ճանապարհների մասին են, ինչ զարգացումներ կարելի է սպասել՝ հաշվի առնելով գերտերությունների հետաքրքրվածությունն այդ թեմայով։

– Սյունիքը կպահպանի առայժմ ստատուս քվոն։ Հեռվում ուրվագծվում է Իրանի սահմանամերձ այս տարածքին և Թուրքիան–Ադրբեջանը կապող կետի վրա ամերիկյան ինչ-որ ձևաչափող առկայություն։ Այս կերպ՝ ԱՄՆ վերահսկելու է թե՛ Թուրքիա–Ադրբեջան կամուրջը, և թե՛ Իրանի դեպի Արևմուտք ապաշրջափակումը։

Զրուցեց՝ Արման Գալոյանը