Հարցազրույց

Խոսույթում արդեն ամրագրված է միջանցքային տրամաբանությունը. Աբրահամյան

Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է

- ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ասել է, որ «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը։

- Հիմնվել ադրբեջանա-թուրքական դիրքորոշումների վրա, ինչպես ասում են, անշնորհակալ գործ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։ Բայց մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները երկրի ներսում չունեն այն վստահությունը, որով կարողանային մեր քաղաքացիներին հանգստացնել՝ համոզիչ պատասխան տալով։ Որովհետև մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ՝ սկսած Արցախի հարցից, վերջացրած Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացման վերաբերյալ մոտեցումներով, արտահայտել են դիրքորոշումներ, սահմանել կարմիր գծեր, որոնք հետո հեշտությամբ խախտվել են, հակառակն է եղել։

- Պարո՛ն Աբրահամյան, Ձեր խմբակցությունից և ընդհանուր ընդդիմադիր դաշտից կոշտ քննադատություն էր հնչում իշխանության հասցեին, թե պատրաստվում է զիջել միջանցքը ԱՄՆ-ին՝ երկրի ինքնիշխանությունը տրորելով։ Բայց պարզվեց՝ հակառակը. սկզբունքը պահել են՝ հրաժարվելով միջանցքի վարձակալության ամերիկյան տարբերակից։ Ի՞նչ կասեք։

- Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երրորդ երկրների տեսակետներում, միջազգային մամուլի խոսույթում արդեն ամրագրված է միջանցքային տրամաբանությունը։ Միայն ՀՀ իշխանություններն են այն փորձում ներկայացնել իրենց պատկերացմամբ՝ ամեն կերպ հերքելով միջանցքային տրամաբանությունը։ Մինչդեռ մնացած դերակատարները, միգուցե եզակի բացառություններով, այդ կոմունիկացիան ներկայացնում են որպես միջանցք։ Սա նշանակում է, որ բոլոր քննարկումներում, միջազգային օրակարգում՝ հաշվի առնելով տարբեր երկրների շահագրգռվածությունը, թեման քննարկվում է միջանցքային ելակետից։

Ինչ վերաբերում է ճանապարհի ծառայությունները երրորդ կողմի կամ որևէ կազմակերպության արտապատվիրակելուն, պետք է հաշվի առնել, որ դա նույնպես միջանցքային տրամաբանության ներքո է։ Այս պարագայում էլ հարցեր են ծագում՝ ի՞նչ կազմակերպություն է, դրա հետևում ի՞նչ ականջներ են երևում, ինչ-որ փուլում աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի ազդեցություն չի՞ լինելու։ Դատելով իշխանության շրջանակում առկա խոսույթից՝ արտապատվիրակման թեման առնվազն օրակարգում է եղել և գուցե մնում է, չգիտեմ, բայց կասեմ, որ կարևոր չէ, թե ինչ է հայտարարում այս իշխանությունը ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, փոխադարձության սկզբունքների մասին, այլ կարևոր է, թե հողի վրա ինչ է կատարվում։ Իսկ իրականությունն այն է, որ նույն իշխանությունը հայտարարում էր «Արցախը Հայաստան է ու վերջ», բայց հետո ասում է, որ պետք է ավելի շուտ ճանաչեր Արցախը Ադրբեջանի մաս, հայտարարում է, թե իբր պաշտպանում է ժողովրդավարությունը, բայց մեր երկրում տասնյակներով քաղբանտարկյալներ կան։

Գալով ԱՄՆ հայտարարությանը՝ այստեղ մի քանի մոտեցումներ են հնչել՝ 100 տարով վարձակալության, ծառայությունների արտապատվիրակման։ Հիմա այս պահին ինչն է հերքվել, ինչն է դեռ շարունակում մնալ օրակարգում, չենք կարող ասել, մինչև հստակ համաձայնություն չլինի ու փաստաթղթերում չամրագրվի։ Վերլուծում ենք՝ ելնելով երրորդ երկրների և մեր խոսույթներից։

- Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցը մոտ ապագայում կլուծվի, կբացվի ավելի կարճ ճանապարհ դեպի թյուրքական աշխարհ։ Նա նաև նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են բանակցությունները, իսկ Թուրքիան սկսում է աշխատանքներ Կարս–Իգդիր–Նախիջևան գծով։ Ի՞նչ ենթադրել Թուրքիայի այս լավատեսական նոտայից։

- Նախ՝ երկաթուղին այդքան շուտ չի կարող գործարկվել։ Հայաստանի գիծը այն վիճակում չէ, որ կարողանա արագ շահագործում ապահովել։ Իսկ Թուրքիայից հնչող լավատեսական գնահատականների առումով, պետք է նկատել, որ Փաշինյանի Թուրքիա այցից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը ճկունություն է ցուցաբերում իր մոտեցումներում։ Թե ինչ նկատի ունի ճկունություն ասելով, չգիտեմ, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է զիջում կատարել իր հռչակած կարմիր գծերից։ Ժամանակը ցույց կտա։

Թամարա Ղազարյան