Հարցազրույց

ՌԴ-ի առաջարկ քննարկելը նման է մկների ժողովում թակարդի պանրի մասին մտածելուն. Տիգրան Խզմալյան

Radar Armenia-ի զրուցակիցն է Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը:

- ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն անդրադարձել է Զանգեզուրի ճանապարհի ապաշրջափակմանը և ասել է՝ դա Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է։ Խաղաղության պայմանագրի առումով էլ ընդգծել է ՌԴ-ի շահագրգռվածությունը և օգնության պատրաստակամությունը։ Ինչպե՞ս հասկանալ այս մեկնաբանությունը։
Սրան նախորդել է Ալիևի ելույթը, որից պարզ դարձավ՝ նա համաձայն չէ ոչ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և ոչ էլ ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան առաջարկին։ Մյուս կողմից՝ պահպանվում է լարվածությունը Մոսկվայի և Բաքվի միջև։

- ՌԴ-ի առաջարկը, տարածաշրջանում ակտիվանալու հարց քննարկելը նման է մկների ժողովում քննարկելուն՝ արդյոք այս անգամ թակարդ դրած պանիրը մեզ չի գցի թակարդի մեջ և ոչնչացնի։ Վերջին տասնամյակում, ինչպես 100 տարի առաջ, մենք եղել ենք Ռուսաստանի հակահայկական ռազմավարության զոհը, և հիմարություն կլինի գլուխը նորից մտցնել դրա տակ։ Պետք է հստակ ֆիքսել՝ 2010-12 թվականներին ՌԴ-ն մշակել է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մերձեցման ռազմավարություն։ Դրա աղետալի հետևանքները մենք տեսանք 2016-ին, 2020-ի պատերազմի ժամանակ և հատկապես Արցախի հայաթափումով։ Էլ ի՞նչ նոր կորուստ է պետք համոզվելու համար։ ՌԴ-ն հույս ուներ, որ այդ օգնության դիմաց Ադրբեջանը կփոխհատուցեր և կստանար Զանգեզուրի միջանցքը, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան միասին խաբեցին, ժողովրդի լեզվով ասած՝ գցեցին Մոսկվային, ու հիմա այդ ճանապարհը փորձում են ստանալ առանց ռուսների։

Ինչ վերաբերում է ամերիկյան առաջարկին, չկա նման բան, կեղծ է։ Որևէ պաշտոնական հայտարարություն չկա, բացի Թրամփի կողմից Ալիևի «շնորհակալական» ելույթը սոցիալական էջում տեղադրելուց։ Ես էլ կարող եմ ճանապարհային ծառայություն մատուցող ընկերություն ունենալ, ինձ արտապատվիրակեն նման հարց։ Ուստի լուրջ չէ քննարկել մի բան, որը պետության ճակատագրին է վերաբերում։ Այնուամենայնիվ, հույս ունեմ՝ ԱՄՆ-ն միջնորդական դեր չի ստանձնի։

- Ի՞նչ այլընտրանքային լուծումներ եք տեսնում։

- Ես կարծում եմ՝ մեզ համար ավելի շահավետ է հյուսիս-հարավ ճանապարհի գոյությունը, որի մի հատվածի՝ Սյունիք-Քաջարան ճանապարհի նորոգման, կյանքի կոչելու համար Եվրոպական բանկը շուտով՝ օգոստոսի 1-ին, պատրաստվում է ներդնել 440 միլիոն դոլար՝ կես միլիարդ գումար։ Սա շատ շահավետ ներդրում է, քանի որ հնարավորություն ենք ունենում իրանական ճանապարհներով կապել Եվրոպան Հնդկաստանի, արաբական երկրների, Չինաստանի հետ։ Որպես Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ՝ պնդում եմ, որ Հայաստանի շահերից է բխում ոչ թե Սյունիքի ճանապարհի բացումը, որն, իհարկե, լավ կլինի, այլ հյուսիս-հարավը, որը համեմատության մեջ առավել կարևոր է, անփոխարինելի նշանակություն ունի Հայաստանի համար։ Դրա կարևորությունը Եվրոպան գնահատել է տարիներ առաջ, երբ այս ճանապարհի համար տրամադրել է ահռելի վարկ՝ մեկ միլիարդի չափով, բայց որը նախորդ իշխանությունը մեծ հաջողությամբ մսխեց, թալանեց։

- Եթե հաջողությամբ պսակվեն Հայաստան-Ադրբեջան բանակցությունները՝ երկկողմ կամ Արևմտյան որևէ կենտրոնի կողմից, Մոսկվայի խանդն ինչպե՞ս կդրսևորվի մեզ վրա։

- Իհարկե, կլինեն սպառնալիքներ։ ՌԴ-ի բուն գոյությունն արդեն սպառնալիք է իր հարևանների համար։ Չկա երկիր, որի հետ խնդիր չունենա՝ սկսած Էստոնիայից, վերջացրած Վրաստանով, Ղազախստանով։ Իսկ Հայաստանի հետ կապված՝ բավական է հիշատակել, որ երբ Ռուսաստանը 1828-ին մտավ մեր երկիր, ոչնչացրել, ջնջել է Հայաստան անունը՝ տալով Էրիվանյան գուբերնիա անվանումը։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ ամբողջական կախվածության մեջ՝ տնտեսապես, թե քաղաքականապես, էլ չասեմ՝ էներգետիկա, գազ, երկաթուղի, քաղաքական կուսակցություններ, լրատվամիջոցներ։ Սա աննախադեպ խայտառակ բան է։ Վերջին տարիներին էլ առանձնապես լուրջ փոփոխություն չի եղել այս ուղղությամբ, ցավոք. ամեն ինչ արվում է շատ ուշ, հապճեպ, անկազմակերպ։

Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը կարողացավ իր համար շահավետ քաղաքականություն կառուցել ՌԴ-ի հետ և հասել է նրան, որ ՌԴ-ն գրեթե լծակ չունի նրա վրա ազդեցություն գործելու, միայն ադրբեջանական սփյուռքը կարող է դեր ունենալ, այն էլ՝ շատ փոքր։

Թամարա Ղազարյան