Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։
– Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Սյունիքի ճանապարհով ադրբեջանական բեռները և քաղաքացիները պետք է փոխադրվեն անխոչընդոտ, չպետք է տեսնեն հայ սահմանապահի կամ որևէ մեկի երեսը։ Նա հրաժարվել է նաև խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունից՝ կրկին առաջ քաշելով պայմանագրի ստորագրման համար հայտնի նախապայմանները և որպես հարցի լուծում՝ Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափարը։ Դրան հետևեց Հայաստանի բավականին կտրուկ արձագանքը։
Պարոն Մելիքսեթյան, ինչո՞վ եք պայմանավորում Ալիևի պահվածքն ու դիրքորոշումը։ Ի՞նչ ճակատագիր կունենան բանակցությունները։
– Ես կարծում եմ՝ Ալիևի հոխորտալից հայտարարությունները, խաղաղության պայմանագրից ու ամերիկյան առաջարկից հրաժարումը ակնկալելի էին։ Բաքուն չի հրաժարվելու խաղաղության պայմանագրի համար առաջ քաշած նախապայմաններից՝ Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն։ Բայց մյուս կողմից՝ Ալիևը առաջիկա ամիսներին ամենայն հավանականությամբ կգնա խաղաղության պայմանագրի նախաստորագրման։ Դա, հավանաբար, տեղի կունենա Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ երկու կողմերի համատեղ հայտարարությամբ։ Ալիևի ռազմավարությունն է այդպիսին. մի կողմից՝ խաղաղության գործընթացում կատարել ցուցադրական կառուցողական, դրական որոշ քայլեր, բայց մյուս կողմից՝ հետաձգել վերջնական լուծումները։
Պատճառները մի քանիսն են։
Առաջինը այն է, որ այս գործընթացի դրական ելքի արդյունքում կարող են կորցնել կարևոր մի լծակ Հայաստանի վրա։ Իսկ հայտնի է, որ այս բանակցությունները միայն Հայաստանի և Ադրբեջանի մասին չեն։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ենթադրում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացում։ Եվ եթե հետագայում ոչ բարենպաստ ինչ-որ զարգացումներ լինեն Ադրբեջանի համար, Հայաստանի վրա ճնշման լծակներ չի ունենալու։
Այսինքն՝ չի կարողանալու փակ պահել Հայաստան–Թուրքիա սահմանը, որի բացումը նաև զարգացման մեծ հնարավորություններ է ընձեռելու Հայաստանին։
Բաքվի՝ պայմանագրի ստորագրումը միտումնավոր ձգձգելու երկրորդ պատճառը, իմ դիտարկմամբ, այն է, որ մեզ մոտ նախընտրական տարի է, դեռ հայտնի չէ՝ ում հետ են իրենք պայմանավորվելու՝ Փաշինյանի՞, թե՞ մեկ այլ ուժի։ Ի՞նչ զարգացումներ են լինելու հողի վրա, ի՞նչ ուղիով են զարգանալու հայ–ադրբեջանական բանակցությունները։ Բայց նույն այս գործոնի ազդեցությամբ է, որ Ալիևը թեկուզ փոքր, աննշան, բայց կառուցողական քայլեր անում է գործընթացի առաջխաղացման համար։
Երրորդ գործոնը ՌԴ-ն է, նրա արձագանքն այս գործընթացին։ Գաղտնիք չէ՝ հայ–ադրբեջանական կարգավորմամբ թուլանալու է ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։ Եվ նույնիսկ երկկողմանի հարթակում համաձայնությունների գալը ավելացնում է ՌԴ-ի կողմից սպառնալիքների վտանգը, ինչը տեսնում ենք վերջին շրջանում ռուս–ադրբեջանական հարաբերությունների սրման տեսքով։ Բացի այդ, ինչպես գիտենք, ՌԴ-ն որոշակի ֆորմալ ներկայություն ունի, օրինակ՝ փոխվարչապետերի եռակողմ ձևաչափը դեռ ուժի մեջ է։ Բաքուն հաշվի է առնում նշված իրողությունները, և այս համատեքստում կախյալությունը նվազեցնելու համար Ալիևը ցանկանում է երաշխիքներ ստանալ աշխարհաքաղաքական ավելի մեծ խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից, որովհետև առանց ԱՄՆ երաշխիքների այս գործընթացը ռիսկային է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։
Որպես չորրորդ գործոն՝ կնշեմ այն, որ Ադրբեջանը ձգտում է հնարավորինս թանկ վաճառել խաղաղության պայմանագիրը բոլոր այն կողմերի վրա՝ ԵՄ, ԱՄՆ, որոնք ձգտում են Հարավային Կովկասում կայունության։ Իմ պատկերացմամբ՝ այս «վաճառքի» դիմաց Ադրբեջանն ակնկալում է ինչ-որ ներդրումներ, առևտրատնտեսական համագործակցության մասին պայմանավորվածություններ։ Բացի այդ՝ ակնկալում է որոշ երաշխիքներ՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները կոծկելու, չբարձրաձայնելու, որն էլ նպաստելու է Բաքվում իշող ռեժիմի պահպանմանը։ Ես կարծում եմ՝ այս ամենի հանրագումարում առաջիկա տարում լինելու է դանդաղ առաջընթաց, բայց վերջնական լուծումներ չեն լինի. դրանք թողնվելու են ապագային։
– Ինչպե՞ս կգնահատեք Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու ԱՄՆ վարչակազմի ջանքերը։ Ի՞նչ հաշվարկով Ալիևը մերժեց ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան առաջարկը։
– Իմ կարծիքով՝ Ալիևի մերժումն արդեն ցուցիչ է, որոշակի պատկերացում, որ ԱՄՆ-ն դեռ այնքան էլ լուրջ ներգրավված չէ գործընթացի մեջ։ Բացի քաղաքական պոպուլիստական հայտարարություններից, այսպես ասած՝ բարի կամքի դրսևորումներից, չենք տեսնում ավելի գործնական քայլեր, որոնք հարկավոր են նման դեպքերում։ Չկա հստակ պատկերացում, թե ինչ կլինի Ադրբեջանի մերժման հետևանքով։ Դա կարող է լինել ԱՄՆ-ի հիասթափության արտահայտում, քննադատություն Ադրբեջանի հասցեին, բայց ավելին սպասելի, տեսանելի չէ։ Որովհետև եթե ոգևորիչ խոսքերի հետևում չկա իրական գործընթաց, հստակ քայլեր ու հաշվարկներ, Ադրբեջանը չունի և չի ունենալու վախ, որ կլինեն տնտեսական և այլ ճնշումներ, ապա ստատուս քվոն փոխելու թույլ մոտիվացիան էլ ավելի է թուլանալու։ Սա մտահոգիչ է։ Իսկ այս պարագայում պետք է լինի ռուսական «կարկանդակի և միաժամանակ մտրակի» քաղաքականության առկայություն։
Թամարա Ղազարյան