Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Այս շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հանդիպումը, որքանո՞վ էր այն արդյունավետ։
- Պաշտոնական լրահոսը ընդհանուր սկզբունքների մասին է խոսում․ այնտեղ որևէ բեկումնային պահ չկա։ Մի քանի դիտարկում։ Անցկացման վայրը խոսում է ազդեցության գոտու մասին, մանավանդ որ ԱՄՆ պետքարտուղարը նախքան հանդիպումը ողջունել էր խաղաղության ընդառաջ կողմերի հանդիպումը։ Այն երկկողմ է տեսքով, սակայն կարծում եմ՝ կան անպաշտոն միջնորդներ։ Այս հանդիպման նախօրեին, առընթեր և դրանից հետո աշխուժացել է Սյունիքի անցքի կապակցությամբ առաջարկներն ու քննարկումները, ինչը խոսում է, որ այն եղել է բանակցությունների ամենաթեժ կետը։
- Այնուամենայնիվ, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու շուրջ որևէ պայմանավորվածություն չկա։ Ինչո՞ւ։
- Ըստ երևույթին, կողմերը գնալու են նախաստորագրելու։ Տեքստի շուրջ համաձայնել են կողմերը, և եթե նախաստորագրեն, դա նշանակում է, որ տեքստը չի փոխվելու։ Պայմանագիր չի լինի, մինչև ճանապարհների ապաշրջափակման կետի շուրջ չլինի համաձայնություն։ Իսկ դա միայն բանակցող կողմերից կախյալ չէ։
- Դրանից հետո խոսվեց Սյունիքի մարզով անցնող ճանապարհի արտապատվիրակման մասին։ Արդյո՞ք կողմերը կգնան այդ քայլին։
- Խոսվեց արտապատվիրակման մասին, հետո՝ վարձակալման մասին։ Դեռ չկա հստակ կարգավիճակ։ Պարզն այն է, որ Աբու Դաբին ըստ էության չեղարկեց նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետը։ Աբու Դաբին դիտարկվում է և ընկալվում ռուսական գործոնի տարածաշրջանից դուրս մղման քաղաքականության պարունակով։
- Տեսակետ կա, որ ամերիկյան ներկայությունը կարող է ընդունելի չլինել ՌԴ-ի և հատկապես Իրանի համար, որի սահմանին էլ ենթադրվում է այն։
- Ռուսաստանի համար, իհարկե, ընդունելի չի լինելու։ Իրանի դեպքում արագ արձագանք չեղավ։ Արագ չարձագանքելը ինչ-որ բան է հուշում։ Կարծում եմ, որ Սյունիքի խնդիրը քննարկվում է Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքում։ Իրանի ապաշրջափակման կարևորագույն և ամենաապահով կենսաճանապարհը Սյունիքն է։ Այդ ուղու օգտագործումը ԱՄՆ-ից է կախյալ։
- Այս համատեքստում կխնդրեմ անդրադառնալ նաև Իսրայելի կողմից Սիրիայի ռմբակոծությանը։ Ինչի կհանգեցնեն այս գործողությունները։ Արդյո՞ք ևս մեկ լայնածավալ պատերազմ է սպասվում տարածաշրջանում։
- Սիրիայում գործընթացներն արագացել են։ Քրդերի հետ Անկարան ուզում է խաղաղություն կնքել․ քրդական խաղաթուղթը այնքան հեշտորեն չի չեզոքացվելու, հատկապես ԱՄՆ-ի կողմից։ Ծովեզրյա Սիրիայում ալավիները ենթարկվեցին ջարդերի, իսկ հիմա՝ դրուզները։ Դրուզների հետ բախումները Իսրայելի հետ լիարժեք օգտագործվում են առաջադրված ապառազմական գոտի ձևավորելու համար։ Դեռևս ցնցումներ կլինեն։ Չեմ կարծում, որ մեծ պատերազմի վերաճի։ Նախկին երկու հենասյուների՝ իրանական և ռուսական, փլուզումից հետո թվում է, թե առիթավորվել են Թուրքիան և Իսրայելը, չնայած որ շահերի բախման կետեր ունեն։
- Նաև խոսենք ռուս–ամերիկյան հարաբերությունների մասին. ԱՄՆ նախագահը 50-օրյա ժամանակ տալու մասին էր հայտարարել։ Ինչ է սա նշանակում։
- Զելենսկու վրա տեսախցիկների առաջ ճնշում էր Թրամփը, որ համաձայնի հրադադարի։ Հիմա ասում է, որ հիասթափվել է Պուտինից։ Նախապես որոշում էր կրճատել օժանդակությունը Ուկրաինային, հիմա ասում է, որ նոր սպառազինություն է ուղարկում։ Գործընթացները կգնան այս վայրիվերումներով։ Թրամփի քաղաքականության առանցքը ֆինանսատնտեսականն է, և Ուկրաինայի հանքերը վերցնելը կարևորագույն առաջադրանք։ Լայնածավալ պատերազմը չի բխում ԱՄՆ-ի շահերից։
Զրուցեց Արման Գալոյանը