Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է։
- Հայաստանով անցնող ճանապարհի կառավարման արտապատվիրակումը որքանո՞վ է շահավետ տարբերակ Հայաստանի համար։
- Նախ, քանի որ ամբողջությամբ առաջարկը հրապարակված չէ, դժվար է եզրահանգումներ անել, բայց, հաշվի առնելով հայտարարությունները, կարելի է մի քանի հանգամանք առանձնացնել։ Առաջինն այն է, որ, կարծես թե, հայկական խոսույթում ապաշրջափակման վերաբերյալ սկզբունքների հարցում այլևս չի հիշատակվում փոխադարձության սկզբունքը։ Ասուլիսի ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ խոսել է այդ սկզբունքների մասին, և փոխադարձության սկզբունքը չի հիշատակվել, նաև ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունում սկզբունքների մեջ փոխադարձության սկզբունքը չի ներառվել։ Սա նշանակում է, որ այս պայմանավորվածությունը կամ ռեժիմը գործելու է միայն Հայաստանի տարածքում։ Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը իր տարածքի ինչ-որ հատվածում կհամաձայնի ինչ-որ հատուկ ռեժիմի։ Սա արդեն իսկ որոշակի զիջում է հայկական կողմից։ Ես, ինչպես հասկանում եմ, խոսքը հաղորդակցության վրա ենթակառուցվածքների լուծումը ամերիկյան կազմակերպության արտապատվիրակելու մասին, ինչպես նաև այդ կառուցված ենթակառուցվածքների շահագործման և, միգուցե նաև, անվտանգության ապահովման մասին։ Այստեղ կարևոր է լինելու հասկանալ, թե ՀՀ-ն վերահսկողության ինչ աստիճան է ունենալու, ինչպիսի գործառույթներ է իրականացնելու այդ կազմակերպությունը։ Այս հարցերի պատասխանները ստանալով՝ նոր կարելի է եզրահանգումներ անել։ Այն, որ ֆորմալ առումով բոլոր կողմերը ճանաչելու են ՀՀ ինքնիշխանությունը կոմունիկացիայի նկատմամբ, դա պարզ է, բայց այս փուլում շատ ավելի կարևոր է, թե գործնականում ինչպիսի կարգավորումներ են գործելու։
- Նիկոլ Փաշինյանը այս տարբերակը համեմատում էր «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ ու պնդում, որ այս հարցում Հայաստանի ինքնիշխանության զիջման հետ որևէ խնդիր չի կարող լինել։ Դուք ինչպես եք տեսնում՝ սրանք նույնակա՞ն են, թե՞, այնուամենայնիվ, որոշակի զիջում կա ՀՀ ինքնիշխանության հարցում։
- Կարծում եմ՝ համեմատությունը շատ անտեղին է, որովհետև այստեղ խոսքը հաղորդակցության վերահսկողության մասին է, ջրային համակարգի կառավարումը կարելի է պատվիրակել երրորդ կողմերի, բայց սեփական տարածքի նկատմամբ վերահսկողության արտապատվիրակումը այլ հարց է։ Բայց պետք է հասկանալ դետալները, որպեսզի վերջնական որակումներ կարողանանք տալ։ Եթե այդ ընկերությունը, օրինակ, անվտանգության ապահովման գործառույթներ է իրականացնելու այդ տարածքի նկատմամբ, սա մի իրավիճակ է, և նաև պետք է հասկանալ՝ Հայաստանի հետ այդ կազմակերպությունը ինչպիսի հարաբերություններ ունեն։ Այդ առումով բոլոր բերված օրինակները Փաշինյանի կողմից այդքան էլ տեղին չեն։
- Փոխադարձության սկզբունքի մասին խոսելիս Փաշինյանը, կարծես թե, ակնարկեց ֆինանսական միջոցների սղության հարցը՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Կարծում եք՝ այստեղ որքանո՞վ դեր ունի ֆինանսական միջոցների սղության հարցը, ու արդյո՞ք Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ այդ ենթակառուցվածքները կառուցել։
- Փոխադարձության սկզբունքն այն մասին է, որ եթե Հայաստանը իր տարածքում հատուկ ռեժիմ է սահմանում ադրբեջանական բեռների համար, նույն ռեժիմը պետք է ապահովվի նաև Ադրբեջանի կողմից, օրինակ, Նախիջևանի հատվածում, եթե գործի Մեղրի-Երասխ երկաթգիծը։ Այս հարցում դժվար է ակնկալել, որ Ադրբեջանը կգնա այդպիսի լուծումների։ Գուցե այդ երկաթգիծն ինչ-որ ռեժիմով կբացվի, բայց գրեթե բացառում եմ, որ կքննարկվի Ադրբեջանի այդ հատվածի կամ այլ հատվածների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ֆինանսական կոմպոնենտին, այո, Հայաստանը ռեսուրսների սղություն ունի, բայց ես չեմ կարծում՝ դա այս թեմայում ամենասկզբունքային հարցն է։ Այս մոդելը, որ հիմա քննարկվում է, միակ տարբերակը չէր նմանատիպ միջոցների համար։
- Դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից՝ սա որքանո՞վ է իրենց ձեռնտու, ու որքանո՞վ է հավանական, որ համաձայնվեն այս տարբերակին։
- Ես ինչքան կարողացել եմ հետևել տարբեր արձագանքներին, կարծես այս փուլում որոշակի սկեպտիցիզմ գոյություն ունի այս տարբերակի վերաբերյալ։ Ադրբեջանական տարբեր փորձագետներ նշում են, որ այս մոտեցումը խնդրահարույց է Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից։ Այսինքն, հայ-ադրբեջանական սահմանի, նաև՝ Իրանի սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայումը, հատկապես արևմտյան ուժերի՝ թեկուզ մասնավոր տեղակայումը, կարող է բացասական արձագանք առաջացնել հենց Թեհրանում։ Չնայած՝ հիմա ռուս-ադրբեջանական հարաբերություններում ճգնաժամ է, բայց քննարկվում է նաև հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների լուրջ փչացման հեռանկարը, եթե այս գործընթացից Ռուսաստանը դուրս մղվի։ Ընդհանուր առմամբ, եթե հետևենք Ադրբեջանի քաղաքականությանը տարածաշրջանում, կա հստակ միտում, որ Բաքուն փորձում էր վերջին տարիներին նվազեցնել արևմտյան ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Մենք հիշում ենք նաև Բաքվի դիրքորոշումը ԵՄ դիտորդների վերաբերյալ։ Այս տեսանկյունից ևս, արևմտյան ներգրավվածության մեծացումը կարող է ձեռնտու չլինել հենց Ադրբեջանին։ Այս փուլում ամենակարևոր հարցը դա է, թե արդյոք Ադրբեջանը կհամաձայնի այդ տարբերակին։ Ես կարծում եմ՝ վերջնական ձևով այս տարբերակը նույնիսկ գոյություն չունի։ Այսինքն, մի շարք դետալներ դեռևս քննարկվում են, բայց մյուս կողմից էլ, իհարկե, Ադրբեջանի համար իրավիճակը բարդանում է նրանով, որ այս գործընթացի մեջ ներգրավված է հենց Թրամփի վարչակազմը, որի հետ փորձում էին հարաբերություններ կառուցել վերջին ընթացքում, և մերժումը կարող է վերջ տալ այդ ջանքերին։
Անժելա Պողոսյան