Հարցազրույց

Կան միջնորդներ, որոնք չեն երևում. Դավիթ Ստեփանյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։ 

- Փաշինյան-Ալիև հանդիպումից եղած տեղեկատվությունից ի՞նչ կարող ենք եզրակացնել՝ պայմանագրի ստորագրումը մո՞տ է։ 

- Աբու Դաբիի հանդիպումն առնվազն խոսում է այն մասին, որ այդ պայմանագրի ստորագրումը մոտենում է։ Համենայն դեպս, աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, և դա համակարգված է․ մասնակցում է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։ Չնայած՝ սեղանի շուրջ չկան միջնորդներ, բայց կան միջնորդներ, որոնք չեն երևում. դա ակնհայտորեն ԱՄՆ-ն է և, արդեն իսկ, Թուրքիան։ Եթե փորձենք համեմատել դա ռուսական միջնորդության «երանելի» տարիներին, դա քայլ առաջ է։ Եթե փորձենք համեմատել ընդհանրապես առանց միջնորդների բանակցությունների հետ, որում կա առաջընթաց, իհարկե, սա այդքան էլ լավ տարբերակ չէ։ Մենք համեմատում ենք նրա հետ, ինչ եղել է, և ինչ ունենք այսօր։ Ես կարծում եմ, որ դա վատ տարբերակ չէ։ 

- Ինչու՞ է Ալիևը ձգձգում գործընթացը, ի՞նչ է ուզում ստանալ։ Ըստ Ձեզ՝ առհասարակ ստորագրելու միտք ունի՞, թե՞ պարզապես ձգձգում է։ 

- Ալիևը փորձելու է կորզել առավելագույնը, բայց նաև, կարծում եմ, կբավարարվի նվազագույնով։ Առավելագույնը այն արհեստական օրակարգն է, որն Ալիևը առաջ է քաշել՝ կապված Հայաստանի սահմանադրության հետ, հիմարություններն՝ Արևմտյան Ադրբեջանի, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին։ Նվազագույնը, ռեալ օրակարգն այն է, որ Ալիևը այդ բանակցային նոր փուլի միջոցով, որտեղ չկան միջնորդներ, կարող է ստանալ այն, ինչին ձգտել է, այն է՝ երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև և, շարունակելով մինչև Թուրքիա, հետագայում՝ ավտոճանապարհ, հաղորդակցություն, և այդ ամենը, այո, նա ռեալ կարող է ստանալ այն պայմաններով, որոնք այս պահին քննարկում են։ 

- Այսպիսով, կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը դուրս է մղվել հայ-ադրբեջանական բանակցություններից ու, առհասարակ, տարածաշրջանից։ 

- Այո, Աբու Դաբիի արդյունքներով մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը դուրս է մղվում հայ-ադրբեջանական բանակցություններից և, առհասարակ, տարածաշրջանից։ Ռուսաստանի վճռական ջանքերով է այդպես ստացվել։ Ռուսաստանը, սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ձեռնամուխ է եղել մի գործողության, որը բերել է նրա դուրսմղմանը։ Ռուսաստանը փորձել է այդ պայմանավորված պատերազմի միջոցով ավելի կապել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ տեղակայելով ԼՂ-ում սեփական ռազմաբազան և զիջելով Ադրբեջանին և թուրքերին ԼՂ տարածքի մեծ մասը, և դրանով իսկ 9-րդ կետը կյանքի կոչել՝ կապելով ամբողջ տարածաշրջանը սեփական վերահսկողությանը։ Միգուցե այս պլանը ունենար հաջողության իրավունք, եթե ՌԴ-ն կարողանար Ուկրաինայում հասնել հաղթանակի և գրավել Կիևը։ Մենք տեսանք, որ դա տեղի չի ունեցել 4 տարում, ինչի հետևանքով Ռուսաստանը ստիպված է եղել Թուրքիայի թելադրանքով զիջել ԼՂ-ի իր մասը և հանել իր ռազմակայանը ԼՂ տարածքից։ Դրանով ՌԴ-ն կորցրեց իր վերջին լծակները Ադրբեջանի և, ինչ-որ առումով նաև, ՀՀ-ի վրա։ Նա կորցրեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մենեջմենտի իրավունքը։ Սա բերել է մի իրավիճակի, որ ՌԴ-ն դուրս է մղվել հայ-ադրբեջանական բանակցությունից և, առհասարակ, տարածաշրջանից։ 

- Խոսվեց կապուղիների ապաշրջափակումը արտասահմանյան ընկերության պատվիրակելու մասին։ Ըստ Ձեզ՝ դա որքանո՞վ է ձեռնտու Հայաստանին։

- Պետք է հասկանանք՝ ինչի հետ ենք համեմատում, ինչ տարբերակների մեջ ենք ընտրում։ Եթե ընտրում ենք այս պլանը, որը պայմանական կարող ենք համարել ամերիկյան պլան, համեմատում ենք ռուսական պլանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, դա մեզ ձեռնտու է։ Եթե համեմատում ենք 100%-ով Հայաստանի ինքնիշխանության տակ գործող ճանապարհի հետ, որը կապելու է Ադրբեջանը, Նախիջևանը և Թուրքիան, ապա այդքան էլ ձեռնտու չէ։ Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Այս պահին ունենք այն, ինչ ունենք, և մեր ընտրությունն այս պահին այսպիսին է։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև այս պահին այլընտրանք չունենք։ Այո, այս գործընթացներում կան հավելյալ ռիսկեր, բայց նորից եմ ասում՝ ամեն ինչ համեմատության մեջ է։ 

Անժելա Պողոսյան