Հարցազրույց

Մեծ բլեֆ է. լավ էլ արդյունք տալիս է. Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։ 

-  Խոսվում է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Ուկրաինային զենքի մատակարարումը: Սա ի՞նչ է նշանակում. պատերազմը արդյո՞ք նոր թափ է առնում։

- Այսօր Թրամփը հայտարարությամբ է հանդես գալու, որից առավել կորոշարկվի, թե իրականում ԱՄՆ-ն ինչպես է վարվելու Ուկրաինային զենքի մատակարարումների հարցում։ Իսկ մենք վստա՞հ ենք, որ այդ մատակարարումները երբևէ ընդհատվել էին։ Թրամփը, որպես գործարքների վարժված բիզնեսմեն, ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններն է բերում նոր տրամաբանության. դա հստակ երևում է ներեվրոպական վերադասավորումներից։ Իսկ, ընդհանրապես, ռուս-ուկրաինական պատերազմը պետք է դիտարկել որպես քաղաքակրթական պատերազմի մի մասնիկ, որտեղ Արևմուտքն ԱՄՆ-ի առաջնորդությամբ կա՛մ հանդես կգա որպես միասնական քաղաքակրթական բևեռ՝ նոր Անտանտ, ինչպես ձևակերպեց Մեծ Բրիտանիայի թագավորը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ընթացքում, կա՛մ մարդկությունը կտեղափոխվի Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակ, որին ԱՄՆ-ն իր դեմքով միացավ միայն դրա ավարտից մեկ տարի առաջ՝ 1917թ.։ Այնպես որ, պատերազմը ոչ թե վերջանում, այլ նոր է սկսվում։

- Պուտինի ու Թրամփի շփումները, կարծես, արդյունք չեն տալիս: Ի՞նչն է պատճառը, ըստ Ձեզ:

- Մեծ բլեֆ է. լավ էլ արդյունք են տալիս։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը շախմատային խաղի չգրանցված քայլերն են անում, որոնց մասին կռահել են Եվրոպայում, Չինաստանում, Հնդկաստանում, չի բացառվում՝ նաև Հայաստանի որոշ շրջանակներում։