Հարցազրույց

Ակնհայտ է, որ Ալիևը պատրաստ չի եղել ստորագրել. Խուրշուդյան


Radar Armenia-ի զրուցակիցը հասարակական գործիչ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն է։ 

- Այսօր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո տարածված տեղեկատվությունից ի՞նչ կարող ենք եզրակացնել։ 

- Ընդհանուր դրական ֆոն, բայց՝ չստորագրված պայմանագիր։ Այսինքն, պայմանագիրը, որ դեռ չստորագրվեց, նշանակում է, որ դեռ աշխատանք կա անելու։ Ակնհայտ է, որ Ալիևը պատրաստ չի եղել դա ստորագրել։ Ես ենթադրում եմ, որ այս հանդիպումը Ալիևին անհրաժեշտ էր նաև տեսանելիության համար, հատկապես, Ռուսաստանի հետ իր հարաբերությունների լարվածության ֆոնին։ Այսինքն, տեսանելիություն, որ ինքն իր հարևանների հետ հարաբերությունները կարգավորում է, և միայն Ռուսաստանն է, որ խնդիրներ է ստեղծում իր համար, և որ Ռուսաստանը շանս չի կարող ունենալ Հայաստանին իր դեմ օգտագործելու հարցում։ 

- ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ հայկական կողմը դեմ չէ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկումն արտապատվիրակել միջազգային կազմակերպության, եթե դա լիովին համապատասխանի Հայաստանի սկզբունքներին։ Սա որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմի համար։ 

- Այդ խոսակցությունները վաղուց կային։ Դա եղել է նաև Շառլ Միշելի միջնորդությամբ, երբ բանակցվում էր ճանապարհների ապաշրջափակումը։ Երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ալիևը հաստատել էր դա, որ ճանապարհները պետք է բացվեն փոխադարձության և ինքնիշխանության ապահովման ներքո։ Այն ժամանակ արդեն խոսք էր գնում, որ նիդեռլանդական մի կազմակերպություն պետք է զբաղվի լոգիստիկայի կառավարման հարցերով։ Այսինքն, արտապատվիրակվելու էր հենց այդ ընկերությանը, իհարկե, Հայաստանի ինքնիշխանության և օրենքների շրջանակներում։ Հիմա դա նորից վերադառնում է սեղան, բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է նիդեռլանդական ընկերություն լինի։ Կարող է այլ ընկերություն լինել, օրինակ, ամերիկյան, որ նաև ավելի է ներգրավում Միացյալ Նահանգները տեղի ունեցողին, ինչը լրացուցիչ կայունության բաղադրիչ կտա։ 

- Իսկ փոխնախարարի խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ արդեն սրա շուրջ կա որոշակի պայմանավորվածություն։ 

- Դժվար է ասել։ Եթե ինչ-որ բան չկա ստորագրված, նշանակում է՝ դեռ չեն պայմանավորվել, կամ նրբություններ կան, որ վերջնական համաձայնության կարիք ունեն։ 

- Ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ սա վտանգի տակ կդնի Սյունիքն ու կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է հիմնավոր։  

- Անհեթեթություն է։ Չի վնասում, ընդհակառակն, ապահովում է կայունություն և անվտանգություն։ Եթե Հայաստանի օրենքների շրջանակներում պետք է գործի ցանկացած կազմակերպություն, որում նաև Հայաստանն իր փայաբաժինն է ունենալու, եթե դա կոնսորցիումի տեսքով է լինելու, ինչո՞վ է վնասելու Հայաստանի ինքնիշխանությանը։ 

Անժելա Պողոսյան