Հարցազրույց

Դրական ազդակներ կան, բայց պայմանագիր դժվար թե ստորագրվի. Ռուբեն Մեհրաբյան

Radar Armenia-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։  

 - Փաշինյանը վաղը կհանդիպի Ալիևի հետ։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։ 

- Իմ կարծիքով՝ կլինեն դրական ազդակներ, բայց որ պայմանագիր կստորագրեն, հազիվ թե։ Տեսնենք. չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել։  

- ԱՄՆ պետքարտուղարը հույս էր հայտնել, որ շուտով կստորագրվի այդ փաստաթուղթը, Պետքարտուղարության խոսնակն էլ նշել էր, որ նա դա ասելու համար պատճառ է ունեցել։ Սա ինչ-որ բան նախանշո՞ւմ է առաջիկա հանդիպման վերաբերյալ։  

- Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները միայն հույս հայտնող դիտորդ չէ այս պրոցեսում։ Մնացածը՝ կապրենք, կտեսնենք։  

- Ինչ եք կարծում՝ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի՞ Հայաստանի կամ Ադրբեջանի վրա՝ փաստաթղթի ստորագրման կամ «միջանցքի» հետ կապված։ 

- Ոչ։ ԱՄՆ-ն Հայաստանի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության խարտիա, որտեղ ամրագրել է այն սկզբունքները, որոնք միավորում են Հայաստանին և Միացյալ Նահանգներին։ Դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, սուվերենությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, և Միացյալ Նահանգներն իր սկզբունքներից չի շեղվի։ Իսկ Ադրբեջանը եթե շարունակի համառել, այո, նաև պետք է սպասել շատ որոշակի ճնշումների։ Ի դեպ, Հելսինկյան հանձնաժողովում Միացյալ Նահանգների Սենատի բրիֆինգի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները հենց դրա մասին էլ խոսել են։  

- Ինչպիսի՞ն է Թուրքիայի դերն այս հարցում։ 

- Համենայն դեպս, բացասական չէ, ի տարբերություն Ռուսաստանի դերի, որը հիբրիդային պատերազմի մեջ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։  

- Հայաստանում ընդդիմադիր գործիչները նշում են, որ վերջին իրավական գործընթացները, ձերբակալություններն ու կալանավորումները կապված են Փաշինյան-Էրդողան հանդիպման և կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, և ինչ-որ պայմանավորվածություններ կամ փաստաթղթի ստորագրում է նախապատրաստվում։ Ըստ Ձեզ՝ այս գործընթացները միմյանց հետ կարո՞ղ են կապ ունենալ։  

- Ես կապը տեսնում եմ այդ ամենն ասողների՝ հենց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացմանը դեմ գործողությունների միջև, որը պուտինյան Ռուսաստանն է ծավալել, իրենց էլ օգտագործում է որպես գործիք։ Դա այդ գործիքների մտավոր տվայտանքներն են, որոնք կոպեկի արժեք չունեն։

Անժելա Պողոսյան