Հարցազրույց

Երկարաժամկետ պատերազմը չի կարող Իսրայելի հետաքրքրությունների շրջանակում լինել. իրանագետ

Radar Armenia-ի զրուցակիցը իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանն է։  

- ԱՄՆ-ի վերջին գործողություններն արդյո՞ք նշանակում են, որ ԱՄՆ-ն ուղիղ ներգրավվել է այս պատերազմում։

- Իրանական կողմը հենց այդպես էլ մեկնաբանում է, բայց ամերիկյան պաշտոնյաների հարցազրույցներում ընդգծվում է, որ սա թիրախային գործողություն է, որը չի նշանակում, որ ԱՄՆ-ն պատերազմում է Իրանի դեմ։ Չպետք է մոռանալ, որ նախագահ Թրամփը կարող է մի քանի ժամ հետո այլ կարծիք հայտնել, չնայած՝ պնդում էին, որ ոչ միայն պատերազմ չէ, այլև նպատակ չունեն Իրանում ռեժիմ փոփոխել։ Զարգացումները ոչ միայն արագ են, այլև, հաշվի առնելով քաղաքական գործիչների առանձնահատկությունները, դրանք արագ փոփոխվում են նաև՝ տրամագծորեն տարբեր կարծիքներ հայտարարելով։ Կարծում եմ նաև՝ կախված կլինի, թե Իրանը պատասխանելու ինչպիսի մարտավարություն կընտրի։  

-Նեթանյահուն հայտնել է, որ մոտ են իրենց նպատակներին։ Արդյո՞ք սա ռազմական գործողությունների մոտալուտ ավարտի մասին ակնարկ է։  

- Կարծում եմ՝ ավելի շատ իրենք ցանկանում են, որ այդպես լինի։ Պարզ է, որ երկարաժամկետ պատերազմը չի կարող Իսրայելի հետաքրքրությունների շրջանակում լինել, որովհետև Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունները շարունակվում են, և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվերը նաև ներքին դժգոհություններ են առաջացնում՝ հարցեր բարձրացնելով, թե ինչու ներքաշվեցիք մի պատերազմում, որի արդյունքում հիմա հարվածներ են ստանում հենց Իսրայելի տարբեր քաղաքները։ Իսրայելի համար շատ ավելի կարևոր է, որ պատերազմն Իրանի հետ հնարավորինս արագ ավարտվի։ Մյուս կողմից՝ նրանք ռազմական գործողություններն սկսելուց առաջ հայտարարել էին, որ սա մաքսիմում երկշաբաթյա ծրագիր է, հետևաբար, պետք է ամեն կերպ ցույց տալ, որ իրենց հաշվարկները ճիշտ էին, և այդ ժամկետներում փորձեն տեղավորվել։ Այնուամենայնիվ, դեռևս շատ քիչ ինֆորմացիա ունենք այն մասին՝ արդյոք բանակցությունները շարունակվում են, ինչպիսի հնարավորություններ կան խաղաղ ճանապարհով շարունակելու հարցի լուծումը։ Դժվար է ասել՝ Նեթանյահուի պլաններն իրականություն դառնալու են, թե ոչ։  

- Տեսնում ենք, որ Իրանը որոշակիորեն զիջում է հակառակորդին՝ թե՛ զոհերի մեծ թվի տեսանկյունից, թե՛ հարվածների ճշգրտության։ Սա հաշվի առնելով, ըստ Ձեզ, կարո՞ղ են Իրանին ուժի միջոցով ստիպել նստել բանակցությունների սեղանին ու զիջումների գնալ։ 

- Իրանին կարող է ստիպել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ոչ այնքան ուժերի տարբերությունն Իսրայելի հետ, որքան՝ ԱՄՆ-ի հետագա գործողությունները։ Եթե ԱՄՆ-ն հայտարարի, որ պատերազմի մեջ է Իրանի դեմ, սա կարող է այլ իրադրություն ստեղծել Իրանի համար։ Իրանի ներսում էլ կան տարբեր մոտեցումներ, թե արդյոք ուժի գործադրման պայմաններում պ՞ետք է բանակցել, թե՞ ճիշտ հակառակը։ Անկախ նրանից՝ ինչ հայտարարություններ են հնչում, կարծում եմ՝ Իրանում դեռևս բոլոր տարբերակները դիտարկվում են։ 

Անժելա Պողոսյան