Իրանա-իսրայելական հակամարտության և դրանում ԱՄՆ-ի ներգրավվածության մասին Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։
- ԱՄՆ-ն միջամտեց իսրայելա-իրանական կոնֆլիկտին՝ հարվածներ հասցնելով Իրանին։ Ինչո՞ւ գնաց այդ քայլին, ինչո՞վ է ձեռնտու ԱՄՆ-ին այս ամենը։ Սպասելի՞ էր արդյոք սա՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-Իրան բանակցություններ են ընթանում։
- Ամերիկյան քայլերը անկանխատեսելի են որոշակի սահմաններում։ Դեկլարատիվ առումով, նախագահ Թրամփը իրար հաջորդող հակասական հայտարարություններ է անում՝ 2 շաբաթվա մեջ ԱՄՆ-ն կորոշի անելիքը, հետո անմիջապես ներգրավվում է ռազմական գործողություններին, հայտարարում, թե ոչնչացրել են Իրանի միջուկային բոլոր օբյեկտները, ապա ասում, որ դեռևս կան միջուկային կետեր, և նման այլ ինքնահակասություններ։ Այս բոլորից հետո կողմերը դարձյալ կգնան բանակցությունների, սակայն՝ կանոնների խստացումով։ Ռազմական արարքը, կարծում եմ, ավելի գլոբալ հայացքով նպաստելու է բանակցությունների արդյունավորման։
- Արդյոք կատարվածից հետո այս ռազմական գործողություններն ավելի կընդլայնվեն, և եթե այո, ի՞նչ զարգացումներ կարող ենք կանխատեսել։
- Չի բացառվում, որ լինեն իրանյան արձագանքներ ամերիկյան հարձակումներին։ Չմոռանանք, սակայն, որ համաշխարհային միջուկային կենտրոնները հաստատել են, որ ճառագայթային աճ չեն նկատել հարձակումից հետո։ Ինչը ենթադրում է, որ չկա ճառագայթային արտանետում։ Սա խոսում է հարվածների հասանելիության և միջուկային արտադրության չեզոքացման աստիճանաչափերի մասին։ Չմոռանանք, որ Թեհրանը խոսեց Օրմուզի ջրանցքի փակումը դիտարկելու, ապա՝ դրա բարձր հավանականության մասին, և դրանից հետո խորհրդարանը քվեարկեց ջրանցքը փակելու բանաձևին։ Դա չի իրականանա, մինչև գործադիրը և անվտանգային համակարգը չորոշեն։ Ուրեմն, էսկալացիան դեռ հանգրվաններ ունի, իսկ դիվանագիտությունը՝ դեռևս ճանապարհ։
- Կողմերը բանակցային սեղան կվերադառնա՞ն, թե՞ տևական ժամանակ հնարավորությունը կորցված է։
- Այո, կվերսկսվեն բանակցությունները։ Հեռանկարը՝ պարզեցված, այն է, որ ԱՄՆ-ն վերահսկողության գործիքակազմ կունենա ուրանի հարստացման պրոցեսների վրա, իսկ Իրանը կապաշրջափակվի։ Մինչև այդ կլինեն ցնցումային հանգրվաններ։
- ԱՄՆ-ի միջամտությունից հետո հնարավոր զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան Հարավային Կովկասի, մեր տարածաշրջանի վրա. անհանգստանալու առիթներ կա՞ն։
- Ադրբեջանը առիթավորվելու պահ ուներ։ Զանգեզուրի միջանցքը կարող էին բացել Թուրքիան և Ադրբեջանը. չգնացին այդ քայլին։ Դա խոսում է ոչ միայն Իրանի արգելքի մասին, այլև՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի։ Իրավիճակը կտրուկ կփոխվի, եթե Ադրբեջանի տարածքում գտնվող իսրայելական ռազմակետերն աշխատեն և այդ ճանապարհով Իրանի ուղղությամբ հարձակվեն։ Ադրբեջանը այդ հնարավորությունը կստեղծի միայն Անկարայի թույլտվությամբ, որն, ըստ երևույթին, համաձայն չէ ներգրավման։ Իսրայելին չի հաջողվում օգտագործել Ադրբեջանում տեղակայված բազաները, և դա միայն իրանյան արգելքով կամ սպառնալիքով չէ պայմանավորված։
Զրուցեց Արման Գալոյանը