Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Վերջին օրերին միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում Իրան-Իսրայել հակամարտությունն է։ Ի՞նչ մեկնաբանություն կունենաք հակամարտության ընթացքի վերաբերյալ։ Ձեր դիտարկմամբ՝ այն դեռ ունի՞ սրման և լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգ։
– Պատերազմական գործողությունները շարունակվում են։ Առընթեր, տեղեկատվական պատերազմ է, և կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում իր ձեռք բերած արդյունքները։ Կարծում եմ՝ երկուստեք փորձում են հարվածել արդյունաբերական և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների։ Ռազմագործողությունների այս ձևաչափը պահպանվում է։ Առայժմ տեսանելի չէ, որ լայնածավալ կդառնա պատերազմը։
– Միացյալ Նահանգները մինչ այս պահը զերծ է մնում բացահայտ միջամտությունից։ Ինչպե՞ս կգնահատեք Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումը։ Սպիտակ տան խոսնակի հայտարարության համաձայն՝ նախագահ Թրամփը առաջիկա երկու շաբաթում կարող է որոշում կայացնել Իրանի դեմ հնարավոր հարձակման վերաբերյալ։ Ի՞նչ կարելի է սպասել։
– Հետաքրքիր է երկու շաբաթ ժամկետը, որ ոչ միայն Վաշինգտոնն է հնչեցնում, այլև՝ Իսրայելը։ Հիմա էլ՝ Մեծ Բրիտանիան։ Խոսքը Իրանի միջուկային կարողության չեզոքացման ժամկետային տրամաբանության մասին է։ Իսրայելն ուզում է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմում։ ԱՄՆ-ն հայտարարում է հնարավոր ներգրավման մասին, սակայն մինչ այժմ չի մասնակցում։ Դա կլինի այլ աստիճան, ինչը դեռ տեսանելի չէ։
– Ճի՞շտ է ենթադրությունը, որ Թեհրանը կարող է որոշակի փուլում համաձայնել բանակցություններին։ Ինչպիսի՞ զարգացումներ են տեսանելի այս ուղղությամբ։ Եվ, ի վերջո, ինչպիսի՞ հեռանկարներ կան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
– Թեհրանն արդեն սկսել է բանակցություններ ԵՄ-ի հետ։ Մերժել է ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային թղթապանակի շուրջ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։ Ստացվում է, որ Թեհրանը նախապայման է դնում ԱՄՆ-ի առջև միջուկայինի շուրջ վերաբանակցելու համար։ Կարծում եմ, սակայն, որ ԵՄ-ի բանակցային կանոններն ու ԱՄՆ-ի կանոնները շատ տարբեր չեն։ Հիմնականում նույնն են՝ Իրանին սահմանափակել և զրկել միջուկային կարողությունից։ Բանակցություններ կլինեն վերահսկողական մեխանիզմների շուրջ։
– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի և Իսրայելի միջև այս հակամարտության երկարաձգումը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, հատկապես, Հայաստանի վրա։
– Ադրբեջանն ուզում է, իհարկե, առիթավորվել։ Իրանը, սակայն, սպառնում է Ադրբեջանին, եթե նա բազա տրամադրի Իսրայելին Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Իրավիճակը Հարավային Կովկասում կփոխվի, երբ Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ գնան այդ քայլին։ Կարծում եմ, սակայն, որ գործողությունների ներկա ձևաչափի և սահմանների հարգման դեպքում նման ընդլայնում չի լինի։ Ի վերջո, բանակցությունները վերսկսելու են, և Իրանը, ամերիկյան կանոններն ընդունելու դեպքում, դուրս պիտի գա պատժամիջոցներից։ Սյունիքը Իրանի համար կենսաճանապարհի կարևորագույն կետ է։ Եվ սա կապված չէ գործող կամ առաջիկա իրանական իշխանությունների հետ։
– Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցից ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։
– Չեմ կարծում, որևէ բեկումնային պահ լինի։ Տարածաշրջանի խաղաղության, անվտանգության, ապաշրջափակման իմիտացիա և վերջ։ Սայլը դեռևս տեղից չի շարժվում։ Հեռվից երևում է, սակայն, ռուսական բազաների փակման հեռանկարն այն դեպքում, երբ սահմանը բացվի. իսկ դա, գոնե մինչ այժմ, պայմանավորվում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կնքումով։ Խոչընդոտները չեն հարթվել այս ճանապարհին։ Հետևաբար, շրջադարձային պահ չի գրանցվի։
Արման Գալոյան