Հարցազրույց

Իսրայելն արևածաղկի նման իջեցնում է ԱԹՍ-ները. Չերնամորյան

Radar Armenia-ի զրուցակիցը իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն է։ 

- Արդեն քանի օր է՝ ականատես ենք իսրայելա-իրանական ռազմական հակամարտությանը։ Ի՞նչ իրավիճակ է Իսրայելում։

- Վիճակը պատերազմական է, մեր երկիրն ամենապաշտպանված պետությունն է աշխարհում, թիկունքի ծառայությունն աշխատում է շվեյցարական ժամացույցի նման, դրանով է պայմանավորված Իրանի կողմից հարյուրավոր հրթիռների պայմաններում քիչ մարդկային կորուստները։ Կարող է շենքի մի մասը կամ 4 շենք փլվել, բայց, փաստացի, մարդկային կորուստների թիվը մինիմումի է հասցված։ Դա էլ՝ այն պայմաններում, երբ մարդիկ թիկունքի ծառայության տարրական պահանջները չեն կատարում, երբ նամակ են ստանում, որ 20 րոպե հետո լինեն ռմբապաստարաններում, չեն անում, չեն հետևում կարգադրություններին։ 

- Որքա՞ն է զոհերի թիվը. համեմատած իրավիճակի՝ շա՞տ են տուժածները։ 

- Զոհերի թիվն անընդհատ ավելանում է, չեմ կարող ասել թիվը։ Երեկվա դրությամբ 11 հոգի էին զոհվել, եթե գումարենք Պետախտիկվա քաղաքի 4-ը, ուրեմն 15-ն են։ Երբեմն շենքի որոշ մասը փլվում է, մարդիկ մնում են շենքի տակ։ Օրինակ, Պետախ Տիկվայում 4 օրական նորածնի էին հանել փլատակներից, բարեբախտաբար, երեխան ողջ է։ 

- Ո՞ր ժամերին են հիմնականում լինում հարվածները, օդային պաշտպանությունը վերահսկո՞ւմ է իրավիճակը։ 

- Տարբեր ժամերի են կրակում, հիմնականում՝ գիշերները, բայց օրվա ընթացքում էլ կա, ԱԹՍ-ներ են ուղարկում, իսկ Իսրայելի օդային ուժը արևածաղկի նման իջեցնում է դրանք, ընդհանրապես խնդիր չեն առաջացնում ԱԹՍ-ները։ Սա Հայաստանը չէ, որ ԱԹՍ-ն գա, Երևան հասնի, հետո ման ֆռա, ետ գնա։ Հայաստանը պետք է նայի և սովորի, թե Իսրայելը, լինելով 2 անգամ Հայաստանից փոքր, չի ընկճվում։ Հրեա ժողովուրդը երբեք չասաց՝ մենք խեղճ ենք, թալանված, մեզ սպանել են, մեզ գողացել են, ցեղասպանության են ենթարկել։ Մարդիկ առաջ են նայում։ Երազանք ունեն ու գնում են դրա ետևից։ Այսօրվա դրությամբ Մերձավոր արևելքում ամենահզոր թելադրող երկիրն է դարձել Իսրայելը՝ լինելով Հայաստանից 2 անգամ փոքր։ Չպետք է ասել՝ ԱՄՆ-ն է իրենց օգնում, ոչ, ունեն սփյուռք, որն օգնում է, ունեն նորմալ Կառավարություն, որին այդ սփյուռքն օգնում է։ Իսկ Հայաստանում 30 տարի է նորմալ բան տեղի չի ունենում։ Նույնիսկ նորմալ ԱԹՍ արտադրել չգիտեն, էլ չեմ խոսում նորմալ հրթիռ արտադրելու մասին։ 

- Հայ համայնքում տուժածներ, զոհեր կա՞ն։ 

- Ոչ, հայ համայնքը այս դեպքերից չի տուժել։ 

Անժելա Պողոսյան