Հարցազրույց

«Եթե մեծ էսկալացիա լինի, Սյունիք ներխուժման հավանականությունը մեծ կլինի». Սուրենյանց

Radar Armenia-ի զրուցակիցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ 

- Ո՞րն է Իսրայելի նպատակը Իրանի դեմ հարձակման հարցում, որքանո՞վ սա կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, ու զարգացումների ի՞նչ հավանական սցենարներ կարող են լինել։

- Նաթանյահուի քաղաքականությունը երկար ժամանակ նույնն է. մերձավորարևելյան մեծ պատերազմ բռնկվի, որին կներքաշվի նաև ԱՄՆ-ն։ Այլ խոսքով՝ Իրանի դեմ պատերազմին նա ցանկանում է մասնակից դարձնել ԱՄՆ-ին։ Սա է ամենամեծ ինտրիգը։ Հույս ունեմ՝ ԱՄՆ վարչակարգը չի տրվի այդ վտանգավոր սադրանքին։ 

Արդեն գտնվում ենք բարդ սցենարի մեջ, որովհետև էսկալացիան ոչ միայն հռետորաբանության մակարդակում, այլև կոնկրետ թիրախավորված ձևով տեսանք։ Սա, իմ գնահատմամբ, Իսրայելի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, որով նա վիժեցրեց այն բանակցային գործընթացը, որ կար ԱՄՆ-ի և Իրանի միջև, ինչը բավականին հուսադրող ընթացք ուներ՝ չնայած տարբեր հարցերում կողմերի դիրքորոշումների խիստ տարբերությանը։ 

Այնուամենայնիվ, սա դիալոգ էր, որը որոշակի հույսեր էր ծնում։ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ իրենք մասնակցություն չեն ունեցել այս գործողությանը։ Իհարկե, Թեհրանի համար այդ փաստարկներն ամբողջովին համոզիչ չեն՝ դատելով Իրանից հնչող հայտարարություններից։ Հիմա գլխավոր հարցն այն է՝ Նաթանյահուին կհաջողվի՞ Միացյալ Նահանգներին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ, եթե տեղի ունենան Իրանի պատասխան գործողություններ։ Հույս ունեմ՝ ոչ, բայց մեծ Էսկալացիայի բաղադրիչ ունեցող սցենարները չեն բացառվում, իսկ դա, ինչպես գիտեք, մեծ մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի համար։ 

- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ու Իսրայելի հակամարտությունը Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի վրա։

- Եթե ամենավտանգավոր սցենարն աշխատի, ու լինի մեծ պատերազմ՝ նաև Միացյալ նահանգների մասնակցությամբ, այդ դեպքում Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունն Իսրայելի, Միացյալ Նահանգների համար մեծանալու է լոգիստիկ առումով։ Այսինքն, Ադրբեջանը դառնալու է պլատֆորմ, որտեղից թիրախավորվելու է Իրանը։ Խաղադրույք է արվելու Իրանում ապրող ադրբեջանական համայնքի վրա՝ որպես սեպարատիզմի օջախ։ Բնականաբար, այս ծառայությունների դիմաց Ադրբեջանն ինչ-որ կարևոր բան է պահանջելու դաշնակիցներից, և այդ գինը վճարելու է նաև Հայաստանը։ Միայն մեծ էսկալացիայի պարագայում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրման հավանականություն կա։ Եթե այդ՝ ամենավատ սցենարով գնա, այդ դեպքում, մասնավորապես, Սյունիք ներխուժման հավանականությունը բավականին մեծ կլինի։ 

- Միջազգային խաղացողները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, կարո՞ղ են զսպել իրավիճակի սրացումը։

- Կարծում եմ՝ այո։ Մեր հույսն էլ դա է, որպեսզի նման զսպող ազդեցություն թե՛ Միացյալ Նահանգներն ունենան, թե՛ Ռուսաստանն ու Չինաստանը։ Կանխատեսումներ անելը բարդ է, որովհետև եթե ԱՄՆ-ն կողմ չի եղել իրադարձությունների այն զարգացմանը, որին ականատես եղանք, բայց, այդուհանդերձ, Իսրայելը գնացել է նման քայլի, դա կնշանակի, որ զսպող գործողություններն այդքան էլ արդյունավետ չեն աշխատում։