Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
- Ո՞րն է Իսրայելի նպատակը Իրանի դեմ հարձակման մեջ, որքանո՞վ սա կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի։
- Իրանի վրա հարձակվելու նպատակն ակնհայտ է՝ Իրանի չեզոքացում՝ որպես ռազմավարական հակառակորդ և թշնամական պետություն։ Լայնամասշտաբ պատերազմական գործողությունն՝ այն իմաստով, որը մենք ենք հասկանում, արդեն ընթանում է։
- Միջազգային խաղացողները՝ Ռուսաստան, Չինաստան, կարո՞ղ են զսպել իրավիճակի սրացումը։
- Չեմ կարծում, որ սրանից ավել գործողություններ են լինելու։ Այսինքն, լինելու են հրթիռային, ավիացիոն հարվածներ Իրանի տարածքին, Իրանը փորձելու է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին։ Չեմ կարծում, որ այս աշխարհաքաղաքական հավասարման շրջանակներում Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են զսպել իրավիճակի սրացումը, որովհետև իրավիճակն արդեն սրվել է։
- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ու Իսրայելի հակամարտությունը Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի վրա։
- Պետք է դիտարկել տարբեր սցենարներ։ Ամենադեստրուկտիվ սցենարը Հայաստանի համար այն է, որ Իրանի ներսում սկսվի քաղաքացիական պատերազմ՝ Սիրիայի օրինակով։ Կան նաև այլ սցենարներ. եթե Իրանում քաղաքացիական պատերազմ չսկսվի, ամեն ինչ վերջանալու է այդ հարվածներով։ Այդ դեպքում մեզ վրա ուղիղ ազդեցություն չի լինի։
- Այս իրադարձությունների ֆոնին հնարավո՞ր է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացում կամ պատերազմի վերսկսում։
- Որևէ բան չի կարելի բացառել։ Այո, այդ հնարավորությունը կա։ Ամեն ինչ կախված է, թե ինչ հետագա ընթացք է ստանալու Իրան-Իսրայել պատերազմը։ Եթե ամեն ինչ ավարտվի այդ կետային հարվածներով, կարող ենք հույս ունենալ, որ ուղիղ ազդեցություն չի լինի, իսկ եթե Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ և փորձ արվի այաթոլլաների ռեժիմը տապալել, սկսվեն խժդժություններ, օրինակ, հյուսիսային Ադրբեջանում՝ Ատրպատականում, այս դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Կարող է պատերազմ սկսվել ընդհուպ Ադրբեջանի և Իրանի միջև, ինչն, իհարկե, իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա. Ադրբեջանը կփորձի դա օգտագործել, որպեսզի ձեռքի հետ էլ Հայաստանի վրա հարձակվի, բայց սա շատ ապոկալիպտիկ սցենար է. չեմ կարծում, որ դրա հավանականությունը բարձր է։
- Այս իրադարձությունները կարո՞ղ են ազդել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների, մասնավորապես, էներգետիկ համագործակցության վրա։ Հնարավո՞ր է պատժամիջոցների նոր ալիք։
- Միանշանակ ազդելու են էներգետիկ համագործակցության և այլ նախագծերի վրա։ Իհարկե, հնարավոր է պատժամիջոցների նոր ալիք, և կարծում եմ՝ այն լինելու է առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից։ Սա մեզ համար որևէ լավ բան չի խոստանում՝ հաշվի առնելով, որ այսօր իրանական ընկերությունները մեծ աշխատանք են կատարում, առաջին հերթին, Սյունիքում «Հյուսիս-հարավ» նախագծի իրականացման մեջ։ Այո, սա միանշանակ բացասական հետևանքներ է ունենալու հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա։
Զրուցեց Անժելա Պողոսյանը