Հարցազրույց

«Ռազմախաղերի մրցավարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցություններ, որին հաջորդել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը։ Նկատելի առաջընթաց կա՞ ռուս-ուկրաինական բանակցություններում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում իրադարձությունների հետագա ընթացքը։

- Չեմ տեսնում առաջընթաց։ Մինչև չլինի ԱՄՆ-ՌԴ համաձայնություն, որևէ առաջընթաց չի կարելի ակնկալել։ ԱՄՆ-ն իր ճշտած կանոններով է ուզում կայացնել ցանկացած պայմանավորվածություն։ Ճնշումներ-կանգառներ- բանակցություններ՝ առանց հստակ համաձայնության. առայժմ սա է ընդհանուր գործընթացի բնույթը։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում վերջին օրերի ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածները։ Ուկրաինան հրթիռակոծեց Ռուսաստանի օդանավակայաններում տեղակայված ռազմական ինքնաթիռների պարկը, իսկ ՌԴ-ն՝ ուրբաթ առավոտյան, Կիևը։ Այս գործողությունները չե՞ն հեռացնում կողմերին խաղաղությունից։

- Այո, դրա համար էլ առաջընթաց չի երևում։ Անկարան փորձում է երաշխավորի դեր ստանձնել։ Ըստ էության, սակայն, ռազմախաղի մրցավարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն. և սա՝ ոչ միայն ռուս-ուկրաինական ռազմախաղում։

- Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին։ Արդյո՞ք ռազմական գործողությունները ծավալվելու միտումներ կան։

- Չեմ կարծում, բայց կլինեն թիրախային հարձակումներ, ռազմակետերի չեզոքացումներ։ Հրադադարը չի պահպանվում, սակայն Լիբանանում կյանքը, որոշակի առումով, վերադարձել է բնականոն հուն։ Բեյրութը առաջադրում է ստանալ արտաքին օժանդակություններ, որոնք լինում են կաթիլային տեսքով և դանդաղ կշռույթներով։ Աջակցությունները նախապայմանային են. հիմնականում, Հեզբոլլահի կողմից զենքի հանձնման պայմանով։

- Կարծես, դիվանագիտական հաշտեցում է նկատվում Իսրայել-Իրան հարաբերություններում, և իրավիճակը նախկինի նման լարված չէ, թե՞ այդ տպավորությունը սխալ է։

- Ամեն ինչ կախված է Վաշինգտոն-Թեհրան միջուկային օրակարգի շուրջ բանակցությունների արդյունավորումից. հանգույցն այնտեղ է։ Թվում է՝ որոշ նախադրյալներ կան, որ համաձայնությունը կկայանա։ 

- Այս համատեքստում, խնդրում եմ անդրադառնալ նաև ԱՄՆ-Իրան բանակցություններին։

- Բանակցությունների արդյունավորումով Իրանը կապաշրջափակվի, հիմնականում, Սյունիքի վրայով։ Դրանով էլ բացատրվում է միջանցքի նկատմամբ Իրանի վճռականությունը։ Մեր պետության շահերից է բխում Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը. Հայաստանը կդառնա կամուրջ Իրանի և Արևմուտքի միջեւ։

Զրուցեց Արման Գալոյանը