Հարցազրույց

«Ընթանում է ՌԴ-ի մեկուսացման և Իրանի ապաշրջափակման աշխարհաքաղաքականություն». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Մի կողմից տեսնում ենք ռուս-ամերիկյան հարաբերություններում հռետորաբանության որոշակի կոշտացում, սակայն ընթանում են ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը, և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ բանակցություններում։

- Գործընթացները միանշանակ ուղղությամբ չեն ընթանում։ Մեծ առևտուր է գնում, ինչն իր անմիջական ազդեցությունն է թողնում բանակցությունների վրա։ Պայմանավորվածություններն ունեն ենթաբաժիններ, ածանցներ, որոնք գուցե տեսանելի չեն, բայց մեծ ազդեցություն ունեն ընթացքի վրա։ Չեմ կարծում, որ հեզասահ և արագ կլինի մեծ համաձայնությունը։ Ընդհանուր խորագիրը՝ «հանքեր աջակցության դիմաց» և «տարածքներ անվտանգության դիմաց», հարաբերակցության մասին է։

- Միջազգային մամուլում որոշակի արտահոսք եղավ նաև բանակցային փաստաթղթերի մասին։ Որքա՞ն հավասարակշռված լուծում կարելի է ակնկալել։ Ի՞նչ տրամաբանությամբ է լինելու ռուս-ուկրաինական համաձայնագիրը, եթե այն կնքվի։

- Արտահոսքերը համաձայնեցված են․ չի կարող փակ բանակցությունների վերաբերող արտահոսք լինի՝ առանց մի կողմի թույլտվության։ Միայն ընտրովի նյութերն են արտահոսում։ Արտահոսք անվան տակ քարոզչական գործողություն է իրականացվում։ Ռուս-ուկրաինական համաձայնություն չի  կարող առարկայանալ՝ առանց ռուս-ամերիկյան պայմանավորվածության, ինչը, հակառակ դեկլարատիվ բաժնին, գործնապես դեռ չկա։

- Կարո՞ղ ենք ասել, որ եվրոպական պետություններն այլևս ցանկանում են, որ այս հարցում հաստատվի համաձայնություն, թե՞ դեռ ոչ։ Եթե ոչ, ինչու՞։ 

- ՌԴ-ն Եվրոպայի համար դարձել է անվտանգային սպառնալիք։ Բայց Եվրոպա ասելով պետք չէ ընկալել մեկ միավոր՝ միացյալ շահերով։ Այնտեղ ևս հակասություններ և տարբեր քաղաքականության կողմնակից պետություններ կան։ Եվրոպայի ընդհանուր խնդիրը ԱՄՆ-ՌԴ պայմանավորվածության դեպքում  շրջանցված չլինելն է։ ԱՄՆ-ն եվրոպական հարթակն օգտագործում է ՌԴ-ի հետ իր առևտուրն անելու համար։ Ի վերջո, չմոռանանք որ ՆԱՏՕ-ի ուժերը ռուսասատանամերձ շրջաններում են տեղակայվել հենց եվրոպական տարածքներով։ Եվրոպան ՌԴ-ն դարպասելու քաղաքականության մեջ լիարժեք օգտագործվեց։ Կարծում եմ՝ այս դերը չի փոխվելու։

- Հաշվի առնելով հանգամանքը, որ բանակցություններում ներգրավված է նաև Թուրքիան, և հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի դերը, և, ընդհանրապես, կարո՞ղ ենք ասել, որ վերջին շրջանում այդ երկրի դերը որոշակի աճել է։ 

- Թուրքիայի հետ Վաշինգտոնը վարվում է «մի քայլ առաջ, երկու քայլ ետ» կշռույթով։ Լրիվ միջնորդի, երաշխավորի դեր չի տալիս։ Ռուս-ուկրաինականի դեպքում առաջադրում է ուղղակի ձևաչափ իր միջնորդությամբ, իսկ արաբա-իսրայելյան հակամարտության դեպքում վազեցնում է թե՛ սաուդական, թե՛ թուրքական ձիերին։ Անկարային չի հաջողվում առանցքային դեր վերցնել տարածաշրջաններում։ Միշտ կան հակակշիռ, նույն առաքելությունն իրականացնող այլ պետություններ։

- ԱՄՆ-ն ակտիվ է նաև իսրայելա–պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում։ Գազայում կհաջողվի՞ հրադադար հաստատել։

- Կարծում եմ՝ այո․ կլինի հրադադար, հետո կսկսվեն բանակցություններ Գազայի կարգավիճակի շուրջ։ Հեռվից տեսանելի են բանակցող կողմերի արմատական փփոփոխությունները։ Մի կողմից՝ համասազերծ Գազան, մյուս կողմից՝ նոր վարչապետ և նոր կառավարություն Թել Ավիվում։

- Եվ այս համատեքստում ամերիկա-իրանական բանակցությունները, կարծես, կանգ են առել։ Այստեղ որոշակի առաջընթաց ու զարգացումներ տեսնու՞մ եք։ 

- Մեծ հաշվով, աշխարհաքաղաքական գործընթացներ են  ընթանում՝ ՌԴ-ի մեկուսացում Իրանի ապաշրջափակման դիմաց։ Հակառակ կանգառների, առկախումների, որոշակի անհամաձայնությունների՝ փուլային բանակցությունները շարունակվում են և շարունակվելու են։ ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում կան ՆԱՏՕ-ի զորքեր։ Հիմա ընթանում է Իրանի սահմանամերձ շրջաններում ռազմական հենակետեր ունենալու քաղաքականություն։ Պատահական չէ, որ «աբրահամյան» դաշինքին Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավման առաջարկ հնչեց պաշտոնական Վաշինգտոնից։

Արման Գալոյան