Հարցազրույց

«Կալանքը շատ դեպքում օգտագործվում է ցուցմունք ստանալու համար». Նինա Կարապետյանց

Radar Armenia-ի զրուցակիցը իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ 

- Կալանքների թիվը շարունակում է աճել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է սրա պատճառը։ 

- Կալանքների թիվը մեծ մասամբ կախված է 2 հիմնական դերակատարներից. 1-ինը վարույթն իրականացնող մարմինն է, որը բացի կալանքից՝ ուրիշ գործիքի շատ ավելի քիչ է դիմում։ Իրենց պատկերացմամբ՝ սա լավագույն գործիքն է մարդկանց խոսեցնելու համար։ Մյուսը՝ դատարանների նույն տրամադրվածությունն է։ Չեմ ասի՝ բոլորի, բայց դատարաններում համընդհանուր ընդունված, չգրված կանոններից դուրս չգալու, անհատական դրսևորումներ չունենալու մոտեցումն է։ Դատավորները գիտեն՝ իրենց ցանկացած որոշում այլևս կարող է կասկածի տակ դրվել, ու կապ չունի՝ դու ինչքանով կկարողանաս հիմնավորել, կամ վստա՞հ ես քո որոշումների վրա։ Նախընտրում են շատ մեծ դիմադրության ճանապարհով չգնալ։ Նույն տրամաբանության մեջ են մեծ մասը։ Արդեն ունենք դատավորներ, որոնք իսկապես ազատ են գործում և կարող են անգամ ամենածանր հանցագործությունների դեպքում համարել, որ բավարար հիմքեր չեն ներկայացվել կալանք ընտրելու համար։ 

- Ինչու՞ այլընտրանքային խափանման միջոցները չեն կայանում Հայաստանում։ 

- Տեխնիկական խնդիր կա։ Որպեսզի կարողանան, օրինակ, տնային կալանքն ավելի շատ օգտագործել, անհրաժեշտ է լավ որակի կապ, որպեսզի տեղեկատվության ստացման անընդհատությունը չխափանվի, իսկ ոչ բոլոր տեղերում է այդ կապը լավ որակի և անընդհատ։ Ունենք տարածքներ, որտեղ լավ որակի կապի բացակայության պատճառով դա չեն կարողանում կիրառել։ Բացի այդ, առաջին փուլով բերված թևնոցների քանակը բավարար չէր՝ ապահովելու ողջ պահանջը, և շատ դեպքերում դատավորները ներքին կարգով անգամ փորձում էին կապ հաստատել պրոբացիայի ծառայության հետ, հասկանալ՝ տեղ ունե՞ն, թե՞ ոչ։ Ենթադրենք, դատավորը կիրառեց, բայց տարածքում չկա ոչ կապ, ոչ էլ թևնոցներ. ստացվում է, որ դատարանի որոշումը կիրառելի չէ։ Խափանման միջոցի այլ տարբերակներ էլ կան, որոնք դատարանները ձգտում են չնշանակել։ Հիմնականում քննիչներն ու դատախազները նախընտրում են ավելի կոշտ մեթոդի տարբերակը։ 

- Քննչական մարմինների ղեկավարներ փոխվեցին, իշխանությունների կողմից ևս հնչում է պահանջ՝ խափանման միջոցների նոր տարբերակներն օգտագործելու։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է իրենց խանգարում։ 

- Ասելը քիչ է։ Նախ պարզ չէ՝ կուլիսների ետևում ինչ է հայտարարվում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն, ինչ հայտարարվում է եթերից, ու այն, ինչ տեղի է ունենում հետո, շատ դեպքերում սկզբունքորեն տարբերվող մոտեցումներ են։ Ասել, որ ընդհանրապես իրավիճակ չի փոխվել, ազնիվ չէր լինի, իսկապես էական տարբերություն կա, բայց այն, որ կալանքի թվերը շարունակում են մնալ մեծ, ու դրանք շատ դեպքում օգտագործվում են ցուցմունք ստանալու համար ճնշում գործադրելու կամ ինքնախոստովանականով հանդես գալու միջոց, փաստ է։ Այս գործիքը միշտ աշխատել է լավագույնս, հատկապես, որ մեր քրեակատարողական հիմնարկները լավագույնը չեն, դրանք հաստատ Նորվեգիայի ՔԿՀ-ները չեն, ու այդտեղ գտնվելը բավականին լուրջ ստրես է։

Անժելա Պողոսյան