Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայաստան։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Լավրովի այցի գլխավոր ուղերձը։
- Կարծում եմ՝ ուղերձների մեջ ամենահիմնականը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և գերիշխանության մասին ՌԴ-ի երաշխավորությունն է։ Միաժամանակ, հաղորդուղիների ապաշրջափակման երաշխավորումը։ Ահա այստեղ է նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետի վերագործարկման փորձը։ Մոսկվան պատրաստ է վերահսկել ապաշրջափակվելիք ճանապարհների անվտանգությունը։
- Նա խոսեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին. ՌԴ-ն իրո՞ք շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ։
- Ամենաշահագրգռված բաժինը Սյունիքի կամրջի վերահսկման գործառույթն է։ Ընդ որում, ոչ միայն Նախիջևան-Ադրբեջան կապի առումով, այլև Իրանի ապաշրջափակման հեռանկարով։ Մոսկվան ուզում է, որ իր ուժերը վերահսկեն Իրան-Արևմուտք ցամաքային կամուրջը։ Իհարկե, այս գործառույթի ապահովման համար կան աշխարհաքաղաքական արգելքներ։
- Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահն՝ ասելով, որ երկու երկրների միջև խաղաղությունը բազմաթիվ հնարավորություններ կբացի։ Թուրքիան շահագրգռվա՞ծ է հայ-ադրբեջանական խաղաղությամբ։
- Թուրքիայի նախագահի հերթական անդրադարձն է սա՝ առանց գործնական որևէ քայլի։ Գործընթացները շարունակվում են փոխկապակցված մնալ։ Թուրքիայի համար եթե առաջնային խնդիր լիներ սա, անպայման Բաքվի վրա ճնշումներ կլինեին։ Այստեղ Ալիևն է ստանձնել «ավագ եղբոր» դերը և ամեն ինչ պայմանավորվում է իր կողմից ճշտած կանոններով։ Կարծում եմ՝նխնդիրը ավելի գլոբալ է և առնչվում է ռուսական գործոնի հակակշռմանը։ Երբ պահը գա, անկախ Բաքվի պայմաններից, Անկարային կթելադրեն բացել սահմանը։ Այդ պահը դեռ չի հասել։
- Անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը, թերևս, Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հեռախոսազրույցն ու դրան հաջորդած իրադարձությունները, երբ եղավ նաև ՌԴ նախագահի մեկնաբանությունը խաղաղության պայմանագրի հուշագրի դրույթների մասին։
- Պուտին-Թրամփ հեռախոսազրույցները դեռ ունենալու են հանգրվաններ։ Ուկրաինական առևտուրն ընթանում է․ դա չի ենթադրում անպայման, որ հրադադար կլինի։ Կլինեն կանգառներ, առկախումներ, վերաբռնկումներ։ Առևտուրը հեշտ չի լինելու։ Անգամ ժամանակավոր հրադադարի շուրջ դեռևս չկա պայմանավորվածություն։ Ճնշումներ, սպառնալիքներ, հեռախոսազրույցներ՝ սրանք խաղի կանոններ են, որոնց հիման վրա էլ ընթանում են բանակցությունները։ Հրադադարի ուղղությամբ ամերիկյան ճնշումը չի նշանակում, մի կողմից, Ուկրաինային չաջակցել և, մյուս կողմից, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնել։
Արման Գալոյան