Հարցազրույց

«Քննչական մարմինները մնացել են հին գործելակերպի սահմաններում». Արմեն Խաչատրյան

Radar Armenia-ի զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանն է։ 

- Վերջին տարիներին տեսնում ենք, որ խափանման միջոց կալանքի կիրառումն ավելանում է՝ չնայած նրան, որ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։ 

- Ի՞նչ է փոխվել, որ փոխվեր այդ տխուր վիճակագրությունը։ Ավանդաբար, խորհրդային ժամանակներից, մեզ մոտ կալանքը պատժի ձև էր, արդարադատության հիմքում դրված էր խիստ պատիժը։ Անկախությունից ի վեր փորձեցինք խորհրդային համակարգից հեռանալ, հետագայում արդեն՝ ինտեգրվել եվրոպական համակարգին, ներդնել միջազգային պրակտիկան։ Ստացվում է, որ քննչական մարմինները դեռ իներցիայով մնացել են այդ հին գործելակերպի սահմաններում, և ունենք դատարան, որը բավարար չափով անկախ չէ։ Վերջերս ունեինք մի գործ, որ մոտավորապես 5 տարի կալանավորումից հետո վճռաբեկ դատարանը ի վերջո կայացրեց որոշում, որով խափանման միջոցը փոխեց, ծանր հանցագործության՝ սպանության դեպքում անգամ։ Թվում է՝ ունենք դատական պրակտիկա, որը տանում է այլընտրանքային խափանման միջոցների, բայց քանի դեռ չունենք ամբողջովին անկախ համակարգ, որը կարող է հակակշիռ լինել քննչական պրակտիկային, չենք կարող խուսափել ամենածանր խափանման միջոցից։ 

Կա երկրորդ՝ օբյեկտիվ պատճառ։ Ես դա կապում եմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության աննախադեպ աճի հետ։ Այստեղ շատ հաճախ թացը չորի հետ խառնում են։ Թեև մենք ունենք համաձայնության վարույթ, երբ մեղադրյալը կարող է գործարքի գնալ, մեղքի ընդունման, գործում զղջման մեխանիզմն ունենք, բայց ես տեսնում եմ անարդարության համատարած դրսևորում, երբ օգտագործողի հանդեպ շատ ավելի ծանր հարկադրանքի միջոցներ են կիրառվում, քան ապօրինի թմրամիջոց վաճառողի, տարածողի, պատրաստողի, մաքսանենգությամբ զբաղվողի նկատմամբ։ Հիմա պետք է այդ վիճակագրությունը նայենք, թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության այս ահռելի տեմպի հետ որքանով է այդ հանցագործությունների բացահայտման պարագայում ավելացել կալանավորման դեպքերը։ Ես կավելացնեի նաև տնային կալանքը, որ շատ քիչ բանով է տարբերվում կալանավորումից, և դա էլ եմ համարում խիստ խափանման միջոց՝ այն պարագայում, երբ ունենք գրավի կիրառում, վարչական հսկողություն։ Ժամանակակից մեր տեխնոլոգիաների դեպքում այդ խափանման միջոցները բավարար են, որպեսզի ապահովեն այն ռիսկերը, որոնք պետք են արդարադատություն իրականացնելիս։ 

- Որոշ մասնագետներ պնդում են, որ այլընտրանքային խափանման միջոցները Հայաստանում նոր են ներդրվել, և ժամանակ է պետք դրանց կայացման համար։ Ի՞նչ եք կարծում՝ խնդիրն իրո՞ք այստեղ է։ 

- Թե՛ տնային կալանքը, թե՛ վարչական հսկողությունը կամ այլ խափանման միջոցներն այնքան երկար պատմություն ու կենսագրություն ունեն, որ բացարձակ անհրաժեշտություն չկա՝ մեզ մոտ փորձաշրջան անցնի, նոր հնարավոր լինի դնել լայն շրջանառության մեջ։ Այստեղ ավելի շատ այն է, որ հետաքննական մարմինը տանում է կալանքի, իր վրայից գցում պատասխանատվությունը, դատարանը, բավարար անկախություն չունենալու պատճառով, դատախազի կամ քննիչի միջնորդությունը բավարարում է, ասում է՝ գլխացավից հեռու, ու այստեղ տուժում է մեղադրյալը, ում մեղքը կամ մեղքի չափը դեռ ապացուցված չէ։ Մի շատ արատավոր երևույթ էլ կա, երբ նախաքննական մարմնի հետ խոսում ես խափանման միջոցի արդարացված լինել-չլինելու մասին, և այդ միջնորդությունը մերժում են՝ հիմքում դնելով մեղադրանքից ինչ-որ դրվագ, ինչ-որ դետալ։ Հենց սա է գլխառադ անելու վատ պրակտիկան։

- Նշում եք, որ դատարանները դեռևս լիովին անկախ չեն։ Իսկ ումի՞ց են կախված։ 

- Դատարանի կախվածությունը դատախազությունից ու քննչական մարմիններից դեռևս չի հաղթահարվել։ Նկատի չունեմ բոլոր դատավորներին, նկատի ունեմ համակարգը։ Դատարանն այդ անկախությունն ամբողջությամբ դեռ ձեռք չի բերել։ Պիտի օբյեկտիվ լինենք։

Անժելա Պողոսյան