Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեկնել էր Ստամբուլ, որտեղ հանդիպեց Էրդողանի հետ, սակայն ՌԴ նախագահը հրաժարվում է հանդիպել Զելենսկու հետ: Փոխարենը բանակցություններ են վարել պատվիրակությունները:
– Գուցե, նախահրադադարային, բայց նախահրադադարը չի նշանակում, որ ամեն ինչ գնում է հստակ ուղղությամբ, և կողմերը անպայման կհանգեն կրակի դադարեցմանը։ Մեծ առևտրի ածանցված խնդիրների հետ է կապված համաձայնությունը։ Այդ առևտուրը հիմնականում ոչ թե Ուկրաինայի և ՌԴ-ի միջև է, այլ՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի։ Նախապայմանների հակասությունը՝ հրադադար, հետո բանակցություն, կամ բանակցել, հետո կրակը դադարեցնել, խոսում է այս փաստի մասին։ Նույն տրամաբանությամբ՝ նաև այն, որ առաջին դեմքերով չեն գնում բանակցությունները։ Նույն թիմն է աշխատում, որի նախընթաց համաձայնությունը չի աշխատել։
– ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասել է, թե խաղաղության գործընթացը կսկսվի միայն Թրամփի և Պուտինի հանդիպումից հետո: Ի՞նչ է սա նշանակում, և այս համատեքստում ստացվում է՝ հակամարտության մյուս կողմը Ուկրաինայի փոխարեն ԱՄՆ՞-ն պետք է ներկայացնի:
– Այո, շատ պարզ դա է նշանակում։ Ըստ էության, Վաշինգտոնն ու Մոսկվան պիտի համաձայնեն․ ավելի ճիշտ, պիտի բաժնեկցեն շահերը՝ հանքերի կամ տարածքների առումներով։
– Ի դեպ, ՌԴ-ն արձագանքել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելուն, և, ինչպես ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան՝ անդրադառնալով Ալիևի բացակայությանը, «տարբեր բաներ կարող են պատահել, ժամանակացույցերը միշտ տարբեր են, սակայն չնկատել ակնհայտը՝ սխալ է և վտանգավոր»:
– Մոսկվա-Ադրբեջան հարաբերությունները թեթև վայրիվերումներ են ապրում։ Չի բացառվում, որ Զախարովան իր արած հայտարարությանը հակակշիռ այլ հայտարարություն անի։ Կարծում եմ՝ Բաքվի և Մոսկվայի շահերը կբախվեն այն պահին, երբ կայանա Վաշինգտոն-Մոսկվա համաձայնությունը, որը դեռևս տեսանելի չէ։ Դրանից հետո Բաքուն նույն գրավչությունը չի ունենալու Մոսկվայի համար։
– Վերջում կխնդրեմ անդրադառնալ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ծոցի երկրներ այցին: Նա չեղավ Իսրայելում: Արդյո՞ք սա նշանակում է, որ Իսրայելի նկատմամբ փոխվում է ԱՄՆ քաղաքականությունը։
– Այս դեպքում կարող ենք արձանագրել որ տարածաշրջանը բեկումնային փոփոխությունների նախաշեմին է գտնվում։ Աբրահամյան դաշինքը հրատապ կերպով օրակարգ է վերադարձել․ զուգահեռ, Իրան-ԱՄՆ բանակցությունների առկախված փուլը վերագործարկվել է։ Պաշտոնական Վաշինգտոնը խոսում է Աբրահամյան դաշինքի աշխարհագրության ընդլայնման մասին և երկրորդ միջավայրի թիրախ ճշտում՝ Հարավային Կովկասը։ Գազայի նոր կարգավիճակի հաստատման գործընթացում, կարծում եմ, լինելու են երկկողմանի իշխանափոխություններ։ ՀԱՄԱՍ-ը հեռանալու է, զուգահեռ՝ Նեթանիահուի վարչակարգը։ Երկուսն էլ սպառել են իրենց։
– Այս դեպքում կարո՞ղ ենք ենթադրել, որ իսրայելա-իրանական հակամարտությունը, ռազմական բախումը «հետաձգվում է»:
– Իսրայելը չի կարող ինքնուրույն որոշել Իրանին հարվածել։ ԱՄՆ-ն պիտի թույլատրի, ճշտի թիրախը, սահմանափակվածությունը և այլն։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ն աշխույժ բանակցությունների մեջ է Իրանի հետ։
Արման Գալոյան