Հարցազրույց

«Վարչապետի հավանական թեկնածուների հետ շփումների փուլում ենք». Աղազարյան

Radar Armenia-ն զրուցել է ՔՊ-ից հեռացած, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ 

- Պարոն Աղազարյան, հայտնել եք, որ պատրաստվում եք ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Ի՞նչ փուլում եք այժմ, ե՞րբ եք դա նախատեսում։ 

- Հավանական թեկնածուների հետ շփումների փուլում ենք։ Մենք հայտարարել ենք, որ կնախաձեռնենք իմպիչմենտի գործընթաց և ամսի 20-ին կհայտարարենք վարչապետի թեկնածուի անունը։ Չեմ կարող հիմա անուններ տալ, քանի որ նպատակահարմար չեմ գտնում՝ ըստ թեկնածուների հետ մեր պայմանավորվածությունների։ 

- Իմպիչմենտի գործընթացի մասին է հայտարարել նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Ո՞րն է պատճառը, որ չեք ցանկանում միանալ նրանց առաջարկին։ 

- Իրենք թեկնածու չեն առաջադրել։ Իմպիչմենտի գործընթացը սկսում է միայն այն ժամանակ, երբ առաջարկում են վարչապետի թեկնածու, ձևաթղթում լրացնում են, և այն պատգամավորները, ովքեր նպատակահարմար են գտնում, միանում են։ Այդպիսի բան չի եղել։ 

- Ըստ Ձեզ՝ հիմա իմպիչմենտի համար ճի՞շտ ժամանակահատված է, ինչո՞վ է այժմ այն անհրաժեշտ։ 

- Պառլամենտական համակարգի առավելությունն այն է, որ քաղաքական ուժերը, պատգամավորները եթե գտնում են, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, ինչը կարող է վտանգներ, ռիսկեր պարունակել իր մեջ, ու դա պետք է թելադրի վարչապետի փոփոխություն, ճկուն համակարգ կա։ Ինչո՞ւ չօգտվել այդ համակարգից։ 

- Խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ քննարկումներ, համագործակցություն ունենո՞ւմ եք։ 

- Ոչ, մենք մյուս խմբակցությունների հետ չենք քննարկում, քանի որ մեր գործողությունները մի խմբակցության դեմ է՝ քաղաքական իմաստով, իսկ մյուս 2 խմբակցությունների՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքվող ուժերի հետ, չենք համագործակցելու որևէ հարցում, հետևաբար, իրենց հետ էլ համագործակցելու միտք չունենք։ Պատգամավորները, որպես առանձին միավոր, սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքներով կարող են միանալ կամ չմիանալ մեր նախաձեռնությանը։ 

- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հավանականությունը, որ պատգամավորները կմիանան Ձեր նախաձեռնությանը ու կհավաքեք անհրաժեշտ քվեները։ 

- Շատ ցածր է, բայց կա։ Իհարկե, դա կախված է մեր թեկնածուից։ 

Անժելա Պողոսյան