Հարցազրույց

«Իրանի համար Հայաստանը շարունակում է մնալ ապաշրջափակվելու ամենաապահով կենսաճանապարհը»․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում նոր իրավիճակ է ստեղծվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի այս հակամարտությունը լուծելու սեփական վերջնաժամկետ: Հնարավո՞ր է արդյոք առաջիկա ամիսներին տեսնել կոնկրետ որոշումներ այս ուղղությամբ:

- Քաղաքական հայտարարություններում ժամկետային տրամաբանությունը ճնշամիջոցի իմաստ ունի և բանակցային գործոն է։ Այստեղ օր ու ամիս չի հրապարկվել, խոսվում է անորոշ վերջնաժամկետի մասին։ ԱՄՆ-ն այս հարցում ամենից շատ շահագրգռված է Ուկրաինայի հանքային հարստությունները վերցնելու խնդրով։ Մնացյալն օգտագործվում է այս նպատակի համար։

- ՌԴ դիրքորոշումը, կարծես, համահունչ է ԱՄՆ-ին, և խնդիրն Ուկրաինային հրադադարի համաձայնեցնելն է: Թրամփն անգամ նշել է, որ Զելենսկու հետ բանակցություններն այժմ ավելի բարդ են: Ինչո՞ւ է Զելենսկին նման դիրքորոշում որդեգրել, որո՞նք են նրա շարժառիթները և ո՞ւմ աջակցությամբ է նա գործում:

– Զելենսկին չի կարող ԱՄՆ-ից անկախ, ինքնուրույն գործել։ Վաշինգտոնը խոսում է ուկրաինական որոշակի տարածքներ ՌԴ տարածք ընդունելու պատրաստակամության մասին։ Խաղն ընթանում է հանքեր-տարածքներ հարաբերակցությամբ։ Զելենսկուն ստիպում են հանքերը տալ ԱՄՆ-ին, իսկ տարածքները՝ ՌԴ-ին։ Առևտրի հիմնական առանցքը սա է։ Մոսկվան, սակայն, գիտակցում է, որ ԱՄՆ-ն ուղղակի թե անուղղակի՝ այլևս առկա է իր սահմանամերձ շրջաններում։

- Այս համատեքստում ամերիկյան մամուլում հրապարակումներ կան խաղաղության համաձայնագրի ընդհանուր սկզբունքների վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք բավարարում կողմերի շահերը:

- Կիևի համար, կարծում եմ, համենայնդեպս ընդունելի չեն լինի, մանավանդ՝ տարածքներից հրաժարումը։ 

– Միաժամանակ, ԱՄՆ-ն ներգրավված է Իրանի հետ միջուկային բանակցություններում: Եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում բարելավում լինի, հնարավո՞ր է արդյոք, որ դա տեղի ունենա Իրանի հաշվին, օրինակ՝ ՌԴ-ն «զոհաբերի» Իրանին:

– Չեմ կարծում որ ՌԴ-ն կնպաստավորվի այս համաձայնությունից։ Իրանը միջուկային զենքից հրաժարելու դիմաց պահանջում է ամբողջական ապաշրջափակում և ապամեկուսացում։ Նաև՝ տարածաշրջանի ապամիջուկայանցում։ Թվում է, թե համաձայնությունը մեծ հաշվով կայացել է, ճշգրտում են դետալները։ Մոսկվան ինքը կարող է անհանգիստ լինել առաջադրվող պայմանավորվածությունից․ դրա համար էլ Թեհրանի ներկայացուցիչները մեկնում են Մոսկվա՝ բանակցային գործընթացի յուրաքանչյուր հանգրվանից հետո։

– Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ բանակցությունները՝ հաշվի առնելով, որ անուղղակի բանակցությունների երրորդ փուլն է մեկնարկում:

– Հայկական ոսպնյակով՝ դրական։ Իրանի փոխարտգործնախարարը Երևանին առաջարկեց պայմանգրային տեսքի բերել համագործակցության ոլորտները։ Իրանի համար Հայաստանի հետ սահմանը շարունակում է մնալ ապաշրջափակվելու ամենաապահով կենսաճանապարհը։ Սա բխում է, իհարկե, նաև ՀՀ շահերից։

Արման Գալոյան