Հարցազրույց

«Ինչո՞ւ չեն ուզում՝ հանրաքվե լինի․ կասկածու՞մ են». Դանիել Իոաննիսյան

«Ինչո՞ւ չեն ուզում՝ հանրաքվե լինի․ կասկածու՞մ են». Դանիել Իոաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում մինչ այժմ անկախության հռչակագրի հետ կապված որևէ քննարկում չի եղել. Radar Armenia-ի հետ հարցազրույցում հայտնեց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հավանական համարելով, որ հարցն առաջիկայում կքննարկվի։ 

- Ի՞նչ փուլում են սահմանադրական հանձնաժողովի աշխատանքները

- Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերջին նիստը գումարել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Միաժամանակ, սահմանադրական բարեփոխումների աշխատանքում մի քիչ փոփոխություն է տեղի եղել։ Հիմա արդարադատության նախարարությունը պատրաստում է առաջարկություններ, որոնք արդեն բաժին-բաժին կքննարկվեն խորհրդում, այնուհետ նաև՝ հանրության շրջանում։

- Վարչապետը նշեց, որ, իր կարծիքով, անկախության հռչակագիրը սահմանադրությունից պետք է հանել։ Նման հարց հանձնաժողովը մինչ այս քննարկե՞լ է։ 

- Խորհրդում անկախության հռչակագրի հետ կապված որևէ քննարկում չի եղել, բայց, կարծում եմ, կլինի։ Հաշվի առնելով նաև հրապարակային ելույթները՝ հավանաբար դա քննարկման առարկա կդառնա։

- Սերժ Սարգսյանը վերջերս կարծիք է հայտնել, որ հարցը հանրաքվեի չի հասնի, և իշխանությունները չեն կարողանա անկախության հռչակագիրը հանել սահմանադրությունից։ Ըստ Ձեզ՝ հանրությունը պատրա՞ստ է այս փոփոխությանը։ 

- Նախ, դեռ որոշված չէ, որ հանվում է, երկրորդը՝ կքննարկենք․ եթե հանրությունը դեմ լինի, չի ընդունվի։ Հո Սերժ Սարգսյանի ժամանակնե՞րը չեն, որ հանրաքվե կեղծվի։

- Ընդդիմությունն ի՞նչ միջոցներ ունի՝ կանխելու դա։ 

- Բայց ինչո՞ւ են ուզում՝ հանրաքվե չլինի։ Ինձ համար շատ տարօրինակ է, երբ ինչ-որ մեկն ասում է՝ չեմ ուզում՝ հանրաքվե լինի։ Հանրաքվեի ժամանակ ժողովուրդը կորոշի՝ ուզում է, թե ոչ։ Կարո՞ղ է՝ կասկածում են, որ ժողովուրդը մի բան է ուզում, իրենք՝ ուրիշ բան։ Իմ կարծիքով՝ նոր սահմանադրության կարիքը կա։ Կարիք կա, որ, ի վերջո, ժողովուրդն ընդունի նոր սահմանադրություն, ընդունի՝ առանց կեղծիքների։ 

Անժելա Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական