Հարցազրույց

«ԱՄՆ-Թեհրան պայմանավորվածությունը կվերափոխի տարածաշրջանը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Տեղի ունեցավ Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում, որից հետո Իրանի ԱԳ նախարարը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին։ Նաև սպասվում է Հռոմում Իրանի ու ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունների երկրորդ հանդիպումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանդիպումները. ինչու՞ Իրանի ԱԳ նախարարը մեկնեց ՌԴ այս հանդիպումների արանքում։ Նաև, կա՞ն նախադրյալներ պայմանավորվածությունների հասնելու հարցում։

- Թեհրան-ԱՄՆ հարաբերությունները թափ են հավաքել և շարունակվելու են։ Կլինեն հանգրվաներ, գուցե՝ կանգառներ։ Այնուամենայնիվ, ընդհանուր միտումը պարզ է։ Որքան էլ ԱՄՆ-ՌԴ դեկլարատիվ մերձեցումներ լինեն, պարզ է, որ ԱՄՆ՝ Թեհրանի հետ համաձայնությունը Մոսկվան հաշտ չի ընկալելու։ Դրանով է պայմանավորվում դեպի Մոսկվա այցերը։

- Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը շարունակվում է, սակայն կապուղիների բացման հարցը դեռ լուծված չէ: Նա նաև նշել է, թե Ադրբեջանը, բացի ընդհանուր կոմունիկացիաների բացումից, պահանջում է հատուկ մոտեցում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապերի հաստատման հարցում, «որովհետև չկա այնպիսի դեպք, որ երկիրը երկու մասի բաժանվի»։ Սա ի՞նչ էր նշանակում։

- Բաքուն ընկալել է, որ իր պատկերացմամբ միջանցք չի լինելու։ Հիմա կապուղի է առաջադրում։ Ասածը Նախիջևան-Ադրբեջան կապուղու մասին է։

- Կա տեսակետ, որ Ադրբեջանը սպասում է Իրանի շուրջ զարգացումներին։ Իսրայելի գործոնը հաշվի առնելով՝ արդյոք կլինի էսկալացիա, թե՞ ոչ, ու ըստ այդմ նա կորոշի դիրքավորվել։ Այս առումով ի՞նչ կասեք։

- Այո։ Ադրբեջանը սպասում է իրանյան իրադարձությունների զարգացմանը։ ԱՄՆ-Թեհրան պայմանավորվածությունները չեն բխում Ադրբեջանի և Անկարայի շահերից։ Իրանի նկատմամբ էսկալացիայի դեպքում Ադրբեջանը կառիթավորվի։

- Հակառակ Հայաստանի պնդումներին, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանը երկու նախապայման է առաջ քաշում. ինչո՞ւ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ չկա ճնշում՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։

- Միակ ազդեցիկ գործոնը, որը կպարտադրի Բաքվին, Վաշինգտոնն է։ Թվում է՝ դեռ պահը չի հասունացնել։ Շղթայական է լինելու։ Պայմանագրի կնքումն ու Թուրքիայի սահմանի բացումը կդիտարկվի տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում, ընդ որում, ռուսական գործոնի թուլացման։

Արման Գալոյան